Մոսկվա–Մինսկ–Երևան–Տաշքենդ տեսակոնֆերանսի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացված՝ «Հետխորհրդային երկրները` որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը» թեմայով կլոր սեղանի ժամանակ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար, Ռոսսոտրուդնիչեստվոյի եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը (լուսանկարում) հիշեցրեց, որ 35 տարի առաջ այս օրը փլուզվել է Խորհրդային Միությունը:
Նա նշեց, որ իրենց զեկույցում դիտարկել են, թե ինչ փոփոխություններ է կրել հետխորհրդային տարածքը ԽՍՀՄ-ի փլուզումից եւ 15 հանրապետությունների անկախացումից հետո:
Մարկեդոնովի ձեւակերպմամբ, 15 հանրապետություններն այս ընթացքում բավականին հեռացել են միմյանցից, սակայն Ռուսաստանը մնում է ամենակարեւոր թեման, որ կապում է նրանց:
Սերգեյ Մարկեդոնովի խոսքով, իհարկե, կա որոշակի ինտեգրացիոն դեֆիցիտ, բայց մի շարք խնդիրներ, այնուամենայնիվ, կապված են ԽՍՀՄ-ի փլուզման հետ եւ դրանցից շատերը մնացել են առկախ՝ այդ երկրների ինքնորոշումից հետո անգամ. «Օրինակ, Մոլդովան Ռումինիայի հետ կապված պրոյե՞կտ է, թե՞ ինքնուրույն է, վերջնական պատասխան այս հարցին չկա, կամ Հայաստանը իրական «Հայաստան պրոյե՞կտ» է, որ առաջարկում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ինչ-որ բան կապում է նրան անցած պատմության հետ, կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում արդիակա՞ն է «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը…Ես հիմա հիպոթետիկ սցենարների մասին եմ խոսում, որ ներկայումս քննարկվում են»:
Կարդացեք նաև
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Ալեքսանդր Գուշչինի խոսքով, մի կողմից ԽՍՀՄ-ի փլուզման 35 տարին մեծ ժամկետ է, քանի որ մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, վեկտորներ են փոխվել, մյուս կողմից՝ ժամանակագրական չափանիշներով առաջնորդվելու պարագայում այդքան էլ մեծ ժամկետ չէ: Նա ընդգծեց, որ իրենք հետխորհրդային տարածքի էվոլյուցիային նայում են ոչ թե որպես համատեքստից կտրված մի բան, այլ դիտարկում են ընդհանուր պատմության համատեքստում. «Չնայած 1991թ Խորհրդային միությունը ֆորմալ առումով փլուզվեց, սակայն մի շարք միտումներ, որոնք տեսնում ենք մերձավոր արտասահմանում, շարունակում են կապված լինել խորհրդային, կամ այլ խոսքով ասած՝ ուշ կայսերական ժամանակաշրջանի հետ: Մյուս կարեւոր պահն այն է, որ յուրաքանչյուր երկրի համար մոտակա արեալը, անգամ կոնֆլիկտային հարաբերություններն առաջնահերթություն են: Աշխարհում ինչ երկիր էլ վերցնես, հարեւան երկրներից ու աշխարհագրությունից չես փախչի: Այս գործոնը կարեւոր դեր է խաղում»:
Հավելենք, որ քննարկման ժամանակ ծավալուն անդրադարձ արվեց ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած երկրների քաղաքական զարգացման հիմնական ոլորտների, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին դրանց ինտեգրման առանձնահատկությունների, ազգային ինքնության որոնման եւ արտաքին քաղաքականության ռազմավարությունների ձևավորման վրա։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































