Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA) Կապիտոլ Հիլի ճեպազրույցը նախազգուշացնում է, որ թերի «խաղաղության» գործընթացը ստեղծում է նոր ցեղասպանության պայմաններ:
Փորձագետ բանախոսներն ու Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության տնօրենը վերլուծում են ՀՀ անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման պայմանները, քննարկում արդար և կայուն խաղաղության հասնելու տարբերակները:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, Կոլումբիայի շրջան – ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության համաձայնագիրը, որը հայկական պատանդներին թողնում է ադրբեջանական կալանքի մեջ, մերժում է Արցախի 150,000 փախստականների վերադարձի իրավունքը և պարգևատրում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական էթնիկ զտումները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով 99-ամյա տրանսպորտային միջանցքով, խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետության ոչնչացման ծրագիր։ Այս խիստ գնահատականը հնչեցվեց չորեքշաբթի օրը Կապիտոլ Հիլում կայացած ճեպազրույցում, որը կազմակերպել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը՝ «Խաղաղություն առանց արդարության Հարավային Կովկասում» խորագրով։
Ճեպազրույցը վարում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության տնօրեն Ալեքս Գալիցկին։ Մասնակցում էին նաև դոկտոր Ռոբերտ Կրիկորյանը՝ Պետդեպարտամենտի բարձրաստիճան նախկին պաշտոնյա և Հարվարդում կրթություն ստացած պատմաբան՝ ավելի քան երկու տասնամյակ հետախուզական և խորհրդատվական փորձով, և Գառնիկ Քերքոնյանը՝ միջազգային իրավունքի մասնագետ և Kerkonian Dajani LLP իրավաբանական ընկերության համահիմնադիր։
Կարդացեք նաև
«Խաղաղության համաձայնագիրը, ներկայիս տեսքով, չի պարունակում որևէ դրույթ, որը կպարտադրի ազատ արձակել հայ ռազմագերիներին կամ այլ կերպ դադարեցնել նրանց կամայական կալանքը»,– նշել է Գալիցկին։
«Այն չի պարտադրում Ադրբեջանին որևէ պարտավորություն՝ պաշտպանելու Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Այն չի անդրադառնում 150,000 տեղահանված հայերի կարգավիճակին, որոնք պարզապես ցանկանում են վերադառնալ այնտեղ, որտեղ իրենց ընտանիքներն ապրել են հազարավոր տարիներ»։
Թելադրված պայման, ոչ թե խաղաղություն
Դոկտոր Կրիկորյանը, հիմնվելով Պետդեպարտամենտի հետախուզության և հետազոտությունների բյուրոյում իր 22 տարվա փորձի վրա, խիստ գնահատական տվեց գործընթացին։
«Սա երկու կողմերի միջև բանակցվող խաղաղություն չէ»,– հայտարարեց նա։ «Սա Ադրբեջանի կողմից թելադրված պայման է՝ Թուրքիայի աջակցությամբ և Արևմուտքի լռությամբ, որի նպատակն է Հայաստանի լիակատար կապիտուլյացիան։ Ցանկացած խաղաղություն, որը պարտադրվում է Հայաստանին՝ առանց նրա ինքնիշխանության և կենսունակության նկատմամբ նվազագույն ուշադրության, դատապարտված է ձախողման։ Հարցը միայն այն է, թե որքան վնաս կհասցնի դա Հայաստանին՝ կարճաժամկետ, թե երկարաժամկետ»։
Նա հավելեց․ «TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) վատ մտածված նախագիծ է՝ հաջողության գրեթե զրոյական հնարավորությամբ։ Եվ նույնիսկ հաջողության դեպքում Հայաստանը դրանից ոչ մի օգուտ չի ստանա՝ միայն կթուլանան սահմանները, ինքնիշխանությունը և ինքնապաշտպանության հնարավորությունները»։
Արցախի ցեղասպանություն՝ 932 օր շարունակ
Քերքոնյանը, որը ղեկավարում է Armenian Legal Defense Fund-ը և ներկայացրել է հայ զոհերի շահերը միջազգային դատարաններում, խաղաղության գործընթացը դիտարկեց որպես շարունակվող ցեղասպանության համատեքստ։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են վտանգավոր տրամաբանության մասին։ «Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե «հայերը շներ են», «քաղցկեղ են», որը պետք է «հանել հասարակությունից», և որ «Հայաստանը պետություն էլ չէ», դա անտեսել չի կարելի»,– ասաց նա։ «Մեր ժամանակների ամենամեծ սխալներից մեկը այն է, որ հանդուրժողականությունը և ցեղասպանական մտադրությունների սպիտակեցումը չեն բերում խաղաղություն։ Դրանք բերում են ցեղասպանության»։
Քերքոնյանը հիշեցրեց․ «Արցախի ցեղասպանությունից անցել է ընդամենը 932 օր, երբ 5000 տարվա բնիկ բնակչությունը հեռացվեց իր հողերից։ Սա դեռ վաղ փուլում է»։
Հայկական ինքնիշխանությունը՝ հարվածի տակ
Բանախոսները նաև նկարագրեցին Ադրբեջանի համակարգված քայլերը՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության քայքայմանը։
«Ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում հստակ ազդակ է, որ Բաքուն իրեն պարտավորված չի զգում որևէ համաձայնագրով»,– նշեց Կրիկորյանը։ «Դա անմիջական սպառնալիք է և ցույց է տալիս ուժ կիրառելու պատրաստակամությունը»։
Նա նաև անդրադարձավ «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությանը․ «Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը» իրականում Հայաստան է։ Բաքվի վերջնական նպատակը խաղաղությունը չէ, այլ անկախ հայկական պետության ապամոնտաժումը»։
Քերքոնյանը հավելեց, որ Ադրբեջանի պահանջները՝ Սահմանադրության փոփոխություն, ՄԱԿ-ի դատարաններում հայցերի հետ կանչ և ադրբեջանական զորքերի ներկայություն, մի ամբողջական ռազմավարություն են․ «Սա իրավիճակ է, երբ դիկտատորն է որոշում, թե ինչ պիտի գրվի Հայաստանի Սահմանադրությունում։ Ժողովրդի ոչնչացումը միայն ֆիզիկական չէ՝ դա նաև հիշողության և ինքնորոշման ոչնչացում է»։
TRIPP՝ գոյաբանական սպառնալիք
Քերքոնյանը TRIPP նախագիծը բնութագրեց որպես ինքնիշխանության ծուղակ․ «Եթե Հայաստանը ունի 26%, դա փոքրամասնության բաժնեմաս է։ Փաստացի, սա գոյաբանական սպառնալիք է, որը կարող է Հայաստանի հարավը հանել հայկական վերահսկողությունից և երկիրը դարձնել կիսատ-պռատ պետություն՝ շրջապատված Ադրբեջանով և Թուրքիայով»։
Օրենսդրական նախաձեռնություններ
Գալիցկին նշեց, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների դատապարտումները ընդգծում են ԱՄՆ Կոնգրեսի գործողությունների անհրաժեշտությունը։
Նա քննադատեց նաև ԱՄՆ վարչակազմին՝ նշելով, որ Section 907-ի սահմանափակումների վերացումը (ԱՄՆ օրենքում գործող դրույթ է, որը սահմանափակում է ԱՄՆ պետական օգնությունը Ադրբեջանին -խմբ.) կարող է վերականգնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին՝ չնայած շարունակվող խախտումներին։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսում առաջ է մղում երկու երկկուսակցական նախաձեռնություն (Azerbaijan Sanctions Review Act of 2025 (H.R.5369), ARMENIA Security Partnership Act (H.R.6840)), որոնք նպատակ ունեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և սահմանափակել ԱՄՆ աջակցությունը, եթե Բաքուն իրական քայլեր չձեռնարկի խաղաղության ուղղությամբ։
Գործողության կոչ
Ամերիկահայերին կոչ է արվում դիմել իրենց սենատորներին և կոնգրեսականներին, ինչպես նաև այցելել anca.org/action՝ պահանջելով պատասխանատվություն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար։





















































