Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից հետո Ադրբեջանում պետական քաղաքականություն է «արեւմտյան Ադրբեջանը», եւ դա միայն քարոզչական թեզ անվանելը շատ վտանգավոր է»

Ապրիլ 13,2026 17:30 Share

«Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հակահայկական քարոզչական թեզեր է ունեցել, որոնք դարձրել է իրականություն»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Արեգ Քոչինյանի՝ 300 հազար «ադրբեջանցիների վերադարձի» մասին հայտարարություններին։ 

Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է Ադրբեջանի կողմից հաճախ բարձրացվող 300 հազար, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը, Քոչինյանն ասել էր․ «Դա իրատեսական խոսակցություն չէ առաջիկա տասնամյակների համար։ Այդ ամբողջ խոսակցությունները գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց»։

Անժելա Էլիբեգովան հիշեցնում է, որ դա ոչ թե էժանագին քարոզչություն է, այլ Ադրբեջանում վարվող պետական քաղաքականություն։

«Այս դեպքում դա պետական քաղաքականություն է, որովհետեւ իրենց այսպես կոչված համայնքի բացմանը մասնակցում էր Ալիեւը, ծրագրային ճառ է այնտեղ ասել, իրենց պառլամենտում կա դրանով զբաղվող հատուկ հանձնաժողով։ Իրենց այդ համայնքը միջազգային կառույցներում անընդհատ ներկայացվածություն է ունենում, հանդիպում է միջազգային պատվիրակությունների հետ։ Այսինքն՝ դա ընդամենը որպես անցողիկ քարոզչական թեզ անվանելը բացարձակ իրականության հետ կապ չունեցող բան է։ Իրենց դասագրքերում ու գիտական աշխատանքներում էլ է այդ ամենը գրված։ Ցանկացած քարոզչական թեզ, որի հիմքում դրվում է պետական ռեսուրս, դա նշանակում է, որ իրենց հասարակությանը միավորելու գաղափար է։ Արցախից հետո դա Ադրբեջանում դարձել է պետական նոր գաղափարախոսություն։ Եվ դա անվանել հասարակ քարոզչական թեզ՝ փորձելով դրա ռիսկերն ու վտանգները հայ հասարակության աչքերում փոքրացնել, դա վնասակար եւ շատ վտանգավոր գործունեություն է»,- ասաց Անժելա Էլիբեգովան։

Անդրադառնալով Արեգ Քոչինյանի այն հայտարարությանը, թե մինչև այս պահը ադրբեջանցիներն անգամ Արցախում չեն կարողացել 100 000 մարդ տեղափոխել, որը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, ինչպե՞ս են Հայաստան 300 հազար ադրբեջանցի բերելու, Էլիբեգովան ասաց, որ խնդիրը քանակը չէ, երեւույթն է։ «Թող լինի 10 հազար մարդ, ի՞նչ տարբերություն։ Դա Օվերտոնի պատուհան է բացելու՝ 10 հազարի հետեւից կգան եւս 20 հազարը, 20 հազարի հետեւից՝ 50 հազարը։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, միշտ եղել է այսպես։ Հերիք է մի հովիվ ներթափանցի մեր դաշտեր ու սկսի իր ոչխարներին արածեցնել, դրանից հետո գալիս են նրա ընտանիքը, հետո բարեկամները, իսկ մեկ սերունդ հետո դա կդառնա «ադրբեջանական գյուղ» Հայաստանի տարածքում»,- ասաց նա։

Անդրադառնալով «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության գործունեությանն ընդհանրապես՝ Անժելա Էլիբեգովան ասաց․ «Ցանկացած երկխոսություն, որը չի դիտարկում սուր եւ օրակարգային հարցեր, այլ զուտ ինչ-որ երկխոսության իմիտացիա է եւ որը կառավարվում է երկու պետությունների իշխանությունների կողմից միայն իրենց «խաղաղության օրակարգի» շուրջ, պրոդուկտիվ եւ էֆեկտիվ լինել չի կարող»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930