«Ես չեմ տեսնում որեւէ գաղափարական, բովանդակային բանավեճ` մասնավորապես կրթության հարցի շուրջ այս նախընտրական փուլում: 2020թ Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակեց իր վերլուծությունը, որը կոչվում էր Աղքատությունը Հայաստանի կրթական համակարգում, որտեղ նշվում էր, որ դպրոց հաճախող 1-4-րդ դասարանի երեխաների 33 %-ն ունի գրագիտության խնդիր, տեքստը կարդում, չեն հասկանում, տարրական թվաբանական գործողություններ չեն կարողանում անել:
ՀԲ-ի այլ հետազոտություններ էլ կան, որոնք գնահատում են մեր վիճակը, եւ այդ գնահատումից կարելի է ասել, որ բարեփոխումները չեն տալիս այն արդյունքը, ինչ պետք է տային: Չենք կարող անտեսել, հերքել, մերժել, որ դպրոցները նորոգվում եւ կառուցվում են, ինչ-որ գործողություններ են արվում, սակայն, չի ստացվում այն արդյունքը, որը պետք է լիներ: Օրինակ, նույն ատեստավորումը ներկայացվում է որպես մեծ քայլ աշխատավարձերի բարձրացման առումով, բայց շատ մեծ խնդիրներ ունի: Ուսուցիչների շատ քիչ տոկոս է մասնակցում ատեստավորմանը, մասնակցողների մեծ մասն էլ չի հաղթահարում նվազագույն շեմը»,- Մեդիա կենտրոնում «Նախընտրական խոստումները շատ են, լուծումներն՝ անտեսանելի․ կրթության և գիտության չլուծված խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԵՊՀ դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Դավիթ Ամիրյանը:
Նրա խոսքով, կրթության զարգացման պետական ծրագրում առաջին անգամ ազնվորեն նշվել են բոլոր խնդիրները, բայց դրանց ճանապարհային քարտեզին եւ գործողություններին անդրադարձ չի արվել. «Եթե իշխող ուժի եւ մյուս կուսակցությունների ծրագրերը նայեք կրթության մասով 3 ամենաաղաղակող, սկզբունքային խնդիրներից որեւէ մեկն արձանագրված չէ: Աղքատությունը կրթությունում, այսինքն` որակյալ կրթության հասանելիությունը բոլորին, ամենակարեւոր խնդիրներից է, որի վերաբերյալ բանավեճ չկա, ոչ մի կուսակցություն լուծման վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում:
Երկրորդը կրթական համակարգի ամբողջական համապարփակ գնահատման մեխանիզմ ունենալն է, եւ այսօրվա վիճակով մենք միայն հղում ենք տալիս միջազգային ստուգատեսներին, որոնց ոչ միշտ ենք մասնակցում: Երրորդը կապված է ուսուցիչների որակի եւ աշակերտների գնահատման հետ: Աշակերտները փոխադրվում են դասարանից դասարան, բայց պարզվում է՝ ունեն գիտելիքի պակաս»:
Կարդացեք նաև
«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Ռոբոմարտ ստարտափի համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի խոսքով, գիտությունն իրականում երջանիկ լինելու միջոց է այն մարդկանց համար, որոնք դրանով զբաղվելով հաճույք են ստանում. «Իսկ եթե մարդ դրանից հաճույք է ստանում, ուրեմն կարող է ավելի արդյունավետ աշխատել հատկապես այն փոփոխություններից հետո, որոնց կարողացանք հասնել Հայաստանում»:
Տիգրան Շահվերդյանը նշեց, որ դեռ չեն դիտարկել կուսակցությունների նախընտրական ծրագրերի գիտությանը վերաբերող բաժինները, որովհետեւ ոչ բոլորն են իրենց ծրագրերը հրապարակել: «Որոշ բաներ հայտարարել են, խոսվել է որոշ բաների մասին, սակայն դեռ չենք տեսել որեւէ ծրագիր, որը համակարգային կպատասխանի այն բոլոր հարցերին, որ մեզ է հետաքրքրում: Խոսքը միայն գիտության մասին չէ, այլ գիտության եւ տեխնոլոգիաների, հետազոտությունների եւ մշակումների: Լավ է, որ Հայաստանում վերջապես դա օրենսդրորեն սահմանվեց:
Վերջերս կառավարության կողմից ընդունվել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը, որը ակադեմիական գիտության մասով բավականին մանրամասն է, սակայն շատ լուրջ թերացումներ կան առաջնահերթությունների մասով: Առաջնահերթությունները հիմնված չեն Հայաստանի կարիքների վրա…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի




















































