«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
–Պարոն Կարապետյան, Փարիզում տեղի ունեցավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով։ Սա ի՞նչ է ենթադրում՝ Սփյուռքն ակտիվանո՞ւմ է եւ համահայկական կարեւոր հարցերը շարունակում է պահել ուշադրության կենտրոնո՞ւմ։
-Կարծում եմ՝ երկար տարիներ անց առաջին անգամ էր, որ Սփյուռքում նման խորհրդաժողով տեղի ունեցավ՝ 26 երկրներից մոտավորապես 150-160 մարդ էր ներկա։ Խորհրդաժողովը կուսակցական կամ հատվածային բնույթ չուներ, ազգային գործիչներ էին ներկա, որոնք ակտիվ են իրենց համայնքներում։ Նպատակն էր, որպեսզի համասփյուռքյան ու համահայկական երանգ տրվեր։
Կար ընդհանուր կոնսենսուս, որ Սփյուռքը պետք է շարունակի ակտիվանալ, որպեսզի մեր պետության կողքին լինի այս դժվարին ժամանակաշրջանում, որն ապրում ենք։ Եղան առաջարկներ, եղան քննարկումներ, մատնանշվեցին սխալները, հայտարարությունը բավական խոսուն էր։
Կարդացեք նաև
Ես իմ խոսքում անդրադարձա, որ հիմնական խնդիրն այն է, թե ինչ կլինի հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Դա իմ եւ ընդհանրապես մյուսների համար շատ հիմնական հարց է, որովհետեւ այս իշխանությամբ մենք իբրեւ ժողովուրդ տեղ չենք հասնի։ Արտաքին գետնի վրա ամեն ինչ հանձնվում է, իսկ ներքին գետնի վրա իրավիճակը օրեցօր վատթարանում է՝ մենք ականատես եղանք, թե ինչ խայտառակ շոու եղավ ապրիլի 24-ի հաջորդ օրը։ Այսինքն՝ այս երեւույթները մեր ժողովրդին պատիվ չեն բերում, պետք է վերջանան։
Սա էր ընդհանուր կոնտեքստը՝ եթե Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր լինի, կարող է նոր ասպարեզ բացվել։ Սփյուռքը շատ բան ունի Հայաստանին տալու, իսկ Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել եւ չփորձի իր զանազան լծակներով Սփյուռքը պառակտել, ինչը հաճախ են փորձում անել։ Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այս խորհրդաժողովը հաջողված էր։
–Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե «Սփյուռքում ինչ-որ գրասենյակներ, խմբեր, ակումբներ կան, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել։ Այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն, իրենք Սփյուռքում այլեւս ճնշող փոքրամասնություն են, լուսանցքային կազմակերպություններ են։ Եվ Հայաստանի կառավարությունն այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու եւ ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու»։ Ենթադրվում է, որ նա հենց Հայ դատի գրասենյակները եւ Սփյուռքում հայկական իրավունքների համար պայքարող ակտիվ խմբերին նկատի ուներ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը։
– Հայտնի է, որ պարոն Փաշինյանն իր ասածներն ու կերպարանքը մշտապես փոխում է։ Թող պարոն Փաշինյանը հիշի, երբ 2010 թվականից պատգամավոր էր, քանի՞ անգամ է հանդիպել իմ եւ գրասենյակիս հետ, ինչ խոսքեր էր ասում։ Թող հիշի 2017 թվականը, թե ինչպես էր Ազգային ժողովում գալիս, որ գնայի հետը հանդիպելու ու սուրճ խմելու։ Եվ թող հիշի, որ երբ որպես վարչապետ առաջին անգամ եկավ Բրյուսել, ինչ խոսքեր էր ասում Հայ դատի հանձնախմբի մասին։ Եվ, եթե չգիտի, թող արտաքին գործերի նախարարությանը հարցնի, թե մեր գրասենյակն ու Հայ դատի հանձնախմբերն ինչեր են արել Հայաստանի Հանրապետության պետական շահի համար։ Այդ մասին ԱԳՆ-ն էլ գիտի, ՀՀ դեսպանություններն էլ գիտեն։
Ինչ վերաբերում է մեր գրասենյակին, այն աշխատանքը, որը մենք արել ենք եւ պիտի անենք, պետական շահն է սպասարկում, իսկ նման իշխանության շահերի համար մենք ոչինչ չպետք է անենք։ Բայց պետական շահերի համար պետք է անենք։ Եթե պարոն Փաշինյանն ասում է, որ ինքը պետական շահերով է առաջնորդվում, հասկանալի չէ, թե ինչո՞ւ, երբ կարիք ունի, դիմում է մեզ, երբ կարիք չունի եւ ուզում է նեղ կուսակցական շահեր ապահովել, ասում է, որ չպետք է մեզ հետ աշխատի։ Համենայնդեպս Սփյուռքը հստակ է, պարոն Փաշինյանի պատկերացրած Սփյուռքը չէ։ Սփյուռքը կա, Սփյուռքը միասնական է եւ պատրաստ օգնել Հայաստանին։
Այս շրջանում իր հանձնակատարը՝ Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում է, իր հիմնական պարտականությունը Սփյուռքը պառակտելն է։ Այցելում է Ֆրանսիայի փոքր համայնքներ, մի քանի քաղաքապետերի հանդիպեց, եւ դա մեծ իրադարձություն են ներկայացնում, իբրեւ թե ինքը համայնքների մեջ է։ Նույն օրերին Ֆրանսիայի մեծ քաղաքներում միջոցառումներ եղան հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Իրենք էլ գնում են փոքր համայնքներ՝ ցույց տալով, թե Սփյուռքն իրենց կողմն է։ Բայց բոլորն էլ գիտեն ինչ է կատարվում, ոչ ոքի չեն կարող խաբել այս ձեւով։
–Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են, պառակտում կա՞, ՀՀ իշխանության այս գործելաոճն ազդո՞ւմ է Սփյուռքի աշխատանքի վրա։
-Տպավորություն կա, որ Սփյուռքը հուսալքված է Հայաստանի իրավիճակով, քաղաքական անցուդարձով, եւ, անշուշտ, մեր ազգային հարցերի այսքան հետընթացով։ Բայց խորհրդաժողովը եկավ ցույց տալու, որ պայքարելու մեր որոշումը եւ կամքը կա։ Հուսալքությունից պետք է դուրս գանք, եւ այստեղ շատ կարեւոր է մեր ժողովրդի որոշումը։ Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ կկողմնորոշվի, եւ մեր ապագան պետք է լավ լինի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ EAFJD – European Armenian Federation for Justice and Democracy-ի էջից



















































ավելին, ԱԳՆ-ն արգելել է ցանկացած շփում հայ դատի գրասենյակների հետ և դեպանատները հրաժարվում են հայ դատի գրասենյակների հետ համագործակցել բոլոր ազգային հարցերում.
այօր Ֆրանսիայում նոր դեպանության բացումն է և ԼՂՀ նախկին ներկայացուցիչ, Հովհաննես Գևորգյանին արգելել են մուտք գործել Փարիզում ՀՀ դեպանություն
փաստացի ԱԳՆ-ն անցել է թուրքական ուղիղ կառավարման տակ