Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս՝ Դոկտոր Էհսան Մովահեդիան
Այս օրերին գիտական և համալսարանական շրջանակներում լրջորեն քննարկվում է այն հարցը, թե Իսրայելն ինչ նպատակներ է հետապնդում Իրանի հյուսիսային միջանցքներում։
Ղազախստանը փաստացի դառնում է Կենտրոնական Ասիայի առաջին երկիրը և Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացած առաջին պետությունը, որը միանում է Աբրահամյան համաձայնագրին։ Թեև այս քայլը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից կարող է խորհրդանշական թվալ, սակայն աշխարհաքաղաքական առումով այն կարևոր նշանակություն ունի․ սա նշանակում է Իսրայելի ռեժիմի ավելի պաշտոնական մուտք Կենտրոնական Ասիայի գործընթացների և Իրանի հյուսիսային շրջակա ուղիների մեջ։
Սիոնիստական ռեժիմի նախագահ Իցհակ Հերցոգի պաշտոնական այցը Աստանա չպետք է դիտարկել պարզապես որպես սովորական դիվանագիտական հանդիպում։ Ղազախստանը ներկայում շարժվում է դեպի «Աբրահամյան համաձայնագրերին» պաշտոնապես միանալու ուղղությամբ։ Կարևոր հանգամանքն այն է, որ Ղազախստանն արդեն իսկ պաշտոնական հարաբերություններ ուներ Իսրայելի ռեժիմի հետ։
Կարդացեք նաև
Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել էին դեռևս 1992 թվականի ապրիլի 10-ին։ Հետևաբար նորությունը «հարաբերությունների սկիզբը» չէ, այլ այդ հարաբերությունների ավելի քաղաքականացված, ավելի բաց և ռազմավարական բնույթ ստանալը։
2025 թվականին Ղազախստանի և սիոնիստական ռեժիմի միջև պաշտոնական առևտրի ծավալը հայտարարվել է շուրջ 193.5 միլիոն դոլար, մինչդեռ նույն տարում Ղազախստանի ընդհանուր արտաքին առևտուրը կազմել է մոտ 143.9 միլիարդ դոլար։ Այսինքն՝ Իսրայելի հետ պաշտոնական առևտրի բաժինը կազմում է Ղազախստանի ամբողջ արտաքին առևտրի ընդամենը մոտ 0.13 տոկոսը։ Թիվը փոքր է, սակայն համագործակցության ոլորտները՝ արհեստական բանականություն, թվայնացում, խելացի գյուղատնտեսություն, կիբեռանվտանգություն, էներգետիկա և լոգիստիկա, չափազանց զգայուն և որոշիչ նշանակություն ունեն։
Իրանի համար այս գործընթացի հիմնական նշանակությունը միջանցքային պատերազմի մեջ է։ Ղազախստանը գտնվում է երկու կարևոր ուղիների վրա․
- Միջին կամ Տրանս-Կասպյան միջանցքը, որը Չինաստանն ու Կենտրոնական Ասիան Ղազախստանի, Կասպից ծովի, Կովկասի և Թուրքիայի միջոցով կապում է Եվրոպային և փաստացի կարող է շրջանցել Ռուսաստանի ու Իրանի ուղիները։ Վերջին տարիներին այս երթուղու բեռնափոխադրումների ծավալը կտրուկ աճել է՝ տարեկան մոտ 0.8 միլիոն տոննայից հասնելով մոտ 4.5 միլիոն տոննայի։ Նպատակադրված է առաջիկա տարիներին անցնել 10 միլիոն տոննայի շեմը։
- Հյուսիս-հարավ արևելյան միջանցքը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջոցով, որի տարեկան կարողությունը հայտարարվել է մոտ 10 միլիոն տոննա։ Միայն 2024 թվականին Ղազախստանի Բոլաշակ սահմանային կայանից անցել է մոտ 1.6 միլիոն տոննա բեռ։
Սակայն հիմնական վտանգը ներկայում «Իրանի հյուսիսում Իսրայելի ռազմական բազայի» ստեղծումը չէ։ Ռուսաստանի և Չինաստանի շահերի, Աստանայի հավասարակշռող քաղաքականության և տարածաշրջանային զգայունության պայմաններում նման սցենարը չափազանց ծախսատար և քիչ հավանական է։ Ավելի լուրջ վտանգը Իսրայելի փափուկ և ենթակառուցվածքային ներթափանցումն է․ թվային նախագծերում, կիբեռանվտանգության, գյուղատնտեսության, տվյալների, լոգիստիկայի և Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի շուրջ տրանսպորտային ցանցերում նրա ներկայությունը Իրանի համար լուրջ սպառնալիք է համարվում միջանցքային մրցակցության պայմաններում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Կովկասում Իսրայելի ներկայությանը հակազդելու համար իր օրակարգում կդնի հետևյալ քայլերը, որոնց մի մասում անհրաժեշտ կլինի նաև Հայաստանի աջակցությունն ու համագործակցությունը․
- Հյուսիս-հարավ միջանցքի ամրապնդում, որը Հայաստանում գործող ներկայիս ճանապարհի բարեկարգման և լայնացման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ կունենա։
- Իրանի նավահանգիստների և երկաթուղային համակարգի գրավչության բարձրացում Կենտրոնական Ասիայի երկրների համար, ինչպես նաև մրցակցային մուտք Ղազախստանի և հյուսիսային հարևանների հետ առևտրի ոլորտ։ Այս համատեքստում չափազանց կարևոր է նաև Իրանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանային առևտրի աշխուժացման մեծացումը։


















































