Ի՞նչ քայլեր սպասել Ռուսաստանից․ լսել ենք ռուս քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին, որին չի կարելի համարել Կրեմլի քարոզիչ, եւ որը սովորաբար օբյեկտիվ կարծիքներ է հնչեցնում:
– Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շեշտեց, որ իրենք դեմ չեն լինի, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Քաղաքագետներն են անդրադառնում «քաղաքական ապահարզանին»: Ձեր կարծիքով, որքա՞ն հեռու կգնա Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում:
– Նախ՝ պրոպագանդիստների մասին. կհիշեք՝ Պուտինի ասուլիսի ժամանակ լրագրողը, որը տվել էր Հայաստանի մասին հարցը, ամեն կերպ փորձում էր նրան սադրել Փաշինյանի դեմ ագրեսիվ հայտարարությունների: Մինչ այդ Զելենսկին մեկնել էր Բաքու, եւ ոչ մի արձագանք Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից չեղավ, եւ ոչ ոք նրան չդատապարտեց, չհաշված մասնավոր անձանց գնահատականները մամուլում: Ոչ մի պաշտոնական դատապարտում չեղավ մամուլում, չնայած Զելենսկին ստորագրել էր Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր: Պուտինին հատուկ տրվեց հարցը, որպեսզի նա քննադատի Փաշինյանին՝ Զելենսկու հետ հանդիպման համար, իսկ դա հետագայում կօգտագործվեր՝ ցույց տալու, որ Ռուսաստանը երկակի ստանդարտներ ունի` աչք է փակում Ալիեւի իրականացրած բեսպրեդելի վրա եւ քննադատում է Հայաստանին: Բայց Պուտինը, ի պատիվ իրեն, չտրվեց այդ սադրանքին: Զելենսկու, նրա այցի մասին նա ոչինչ չասաց, իսկ Փաշինյանին քննադատեց ոչ թե Զելենսկու հետ հանդիպման համար, այլ այն բանի, որ նա վարում է պրոարեւմտյան քաղաքականություն եւ պատրաստվում է մտնել ԵՄ: Այդ ասուլիսից հետո Պեսկովի լրատվամիջոցները՝ Պեսկովն է վերահսկում մեր ԶԼՄ-ները, սկսեցին շահարկել Զելենսկու այցի թեման: Նրանց դուր չեկավ, որ Պուտինը չսրեց Զելենսկու այցի խնդիրը Երեւան եւ Բաքու, եւ նրանք սկսեցին ուռճացնել Զելենսկու հայտարարությունների թեման: Փաշինյանը դրան չարձագանքեց, թեեւ ակնհայտ էր, որ դա ընդհանուր նշանակության միջոցառում է, եւ Փաշինյանը չէր կարող Զելենսկու բերանն այդտեղ փակել: Նա ինչ ասես, կարող էր ասել:
– Մենք այս պահին շատ կախյալ ենք Ռուսաստանից, եւ այդ այցից հետո Հայաստանում հոռետեսություն կա` գազի թանկացումից ու միգրանտների արտաքսումից մինչեւ ատոմակայանի կանգնեցում, ուրանի մատակարարման դադարեցում:
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն կոնսենսուս է ձեւավորվել անգամ նրանց շրջանում, ովքեր Հայաստանին լավ են վերաբերվում, որ եթե Փաշինյանը վերընտրվի, միեւնույն է` Հայաստանին տանելու է դեպի Արեւմուտք: Հայ հասարակությունը չի դիմադրելու, եւ Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Արեւմուտք անխուսափելի է լինելու, ուստի Ռուսաստանի համար իմաստ չկա շարունակել վճարել Փաշինյանի արեւմտյան կողմնորոշման համար: Բոլոր արտոնությունները Հայաստանից կխլվեն, գազի գինը կբարձրանա, միգրանտների նկատմամբ խստացումներ կլինեն, ապրանքների նկատմամբ, որոնք այստեղ են գալիս, սահմանափակող մաքսատուրքեր կկիրառվեն` ժամանակի հետ: Ատոմակայանի հետ կապված՝ այնքան էլ վստահ չեմ․ մենք պայմանագիր ունենք, որը Ռուսաստանը կպահպանի: Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել ատոմակայանը: Մենք երբեք այդպես չենք վարվում: Անգամ ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայի հետ մենք այդպես չենք վարվում, այնտեղ էլ ենք ուրան մատակարարում, սպասարկում կայանը: Կարծում եմ, կայանի հետ կապված՝ չարժե անհանգստանալ, բայց առեւտուրը, միգրացիան եւ էներգառեսուրսների մատակարարման սահմանափակումներ անպայման կլինեն: Եթե Հայաստանում որեւէ մեկը կարծում է, թե Ադրբեջանը Հայաստանին պահելու է, Հայաստանի ծախսերն իր վրա է վերցնելու, խորապես սխալվում է:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































