Վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2010 թ․սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, դիմող «Ուղղակի ժողովրդավարություն» կազմակերպությունը հայտնել էր, որ «Վարչական դատավարության օրենսգիրքը մինչ օրս հասարակական կազմակերպություններին հնարավորություն է տալիս դիմելու վարչական դատարան միայն երկու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով և բնապահպանական հարցերով։ Հասարակական կազմակերպությունների՝ վարչական դատարան դիմելու այսքան նեղ շրջանակը չի բխում ժողովրդավարության սկզբունքներից և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումից»:
«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության անհատական դիմումով գործի քննությունը երեկ Սահմանադրական դատարանը մերժել է։
«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչ՝ Գևորգ Քոթանջյան) դիմելով Սահմանադրական դատարան՝ խնդրել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 1.1-ին մասը և 216.6-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրանք չեն նախատեսում հասարակական կազմակերպությունների իրավունքը՝ դիմելու վարչական դատարան իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան հանրային/համայնքային շահերի կամ կոլեկտիվ իրավունքների պաշտպանության հայցով։
Դիմողը նշել էր, որ «Պետությունը պարտավոր է արդյունավետ մեխանիզմներ ստեղծել, մասնավորապես, դատարան դիմելու հնարավորություն ստեղծել նաև անձանց՝ ընտրելու իրավունքի պաշտպանության համար: Ընտրողների իրավունքի իրացման վերջնարդյունքը ընտրովի մարմինների ձևավորումն է։ Այդ իրավունքը կրում է կոլեկտիվ բնույթ, քանի որ ընտրովի մարմինները ձևավորվում են ընտրողների կամքի հավաքական արտահայտության, այլ ոչ թե մեկ անձի կամքի իրացման արդյունքում: Երբ այդ մարմինները չեն ձևավորվում, ստացվում է, որ ընտրողի` որպես անձի իրավունքը ֆորմալ առումով իրականացված է, քանի որ նրան թույլ են տվել մասնակցել ընտրություններին, սակայն ըստ էության նրա քվեն չի հանգեցրել այն մարմինների ձևավորմանը, որի համար նա մասնակցել էր ընտրություններին»: Դիմող կազմակերպությունը նաև նշել է, որ «Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, այսինքն` տեղական ընտրությունների արդյունքները կարելի է կիրառված համարել միայն այն դեպքում, երբ համայնքն ունի ոչ միայն ավագանի, այլ նաև ղեկավար։ Այս կոլեկտիվ իրավունքի պաշտպանությունը ֆիզիկական անձինք չեն կարող իրացնել ինքնուրույն՝ անհատապես դատարան դիմելու միջոցով»:
Կարդացեք նաև
Դիմողի պնդմամբ՝ «Պետությունը պարտավոր է ապահովել հասարակական կազմակերպությունների իրավունքը` դիմելու դատարաններ անձանց կոլեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակով»:
Եվ որ «Ընտրողների կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը հնարավոր է միայն հասարակական կազմակերպությունների` դատարան դիմելու իրավունքի ամրագրմամբ, ուստի Վարչական դատավարության օրենսգրքի նորմերը, որոնք հնարավորություն չեն տալիս հասարակական կազմակերպություններին դիմելու վարչական դատարան համայնքային/հանրային շահերի և/կամ կոլեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակով, անհրաժեշտ է ճանաչել Սահմանադրությանը հակասող»: Այսինքն, «Երբ հասարակական կազմակերպություններին չի տրվում այդպիսի օրենսդրական հնարավորություն, կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը դառնում է անհնարին»։
ՍԴ դատական կազմն արձանագրեց հետևյալը. «Ուրիշի փոխարեն դատարան դիմելու իրավունքը գործում է սահմանափակ դեպքերում, նախատեսված է այն իրավիճակների համար, երբ այն անձը, որի իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, օբյեկտիվ պատճառներով չի կարող անմիջականորեն դիմել դատարան (օրինակ` անգործունակ կամ սահմանափակ գործունակ լինելը), կամ օրենսդիրը, հետապնդելով իրավաչափ նպատակ, այլ անձի կամ անձանց, հանրության խախտված իրավունքների պաշտպանությունը կանոնակարգում է հանրային գործառույթի և հանրային շահերի համատեքստում (օրինակ` հանցագործությունների կամ համայնքի սեփականության իրավունքի խախտման դեպքում)։ Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ։ Բացառիկ կանոն է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը, որի իրացման դեպքերի և կարգի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության հարց է։
Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգեց, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
ՍԴ-ն փաստեց՝ «Ուրիշի փոխարեն դատարան դիմելու իրավունքը գործում է սահմանափակ դեպքերում, նախատեսված է այն իրավիճակների համար, երբ այն անձը, որի իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, օբյեկտիվ պատճառներով չի կարող անմիջականորեն դիմել դատարան (օրինակ` անգործունակ կամ սահմանափակ գործունակ լինելը), կամ օրենսդիրը, հետապնդելով իրավաչափ նպատակ, այլ անձի կամ անձանց, հանրության խախտված իրավունքների պաշտպանությունը կանոնակարգում է հանրային գործառույթի և հանրային շահերի համատեքստում (օրինակ` հանցագործությունների կամ համայնքի սեփականության իրավունքի խախտման դեպքում): Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Բացառիկ կանոն է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը, որի իրացման դեպքերի և կարգի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության հարց է»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2026


















































