Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Իլյիչը բոլոր դարերի լավագույն կոմպոզիտորն է. Տոլիբ Շախիդին՝ իր ուսուցիչ Արամ Խաչատրյանի մասին

Մայիս 31,2026 16:19 Share

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին կայացած համերգը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սան, ճանաչված կոմպոզիտոր Տոլիբ Շախիդիի 80-ամյակին: Այն յուրահատուկ էր նրանով, որ նախ՝ երեկոյին ներկա էր ազգությամբ տաջիկ կոմպոզիտոր Շախիդին, իսկ համերգը կայանում էր նրա ուսուցչի անունը կրող համերգասրահում: Տոլիբ Շախիդիի ստեղծագործությունները կատարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մենակատարներն էին Ալեսանդրո Տավերնան (Իտալիա) եւ Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան), համերգի հատուկ հյուրը՝ օպերային դիվա Վերոնիկա Ջիոեւան (Ռուսաստան) էր։

«Ես շատ հուզվում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես էինք Մոսկվայի կոնսերվատորիայում ես եւ մյուս ուսանողները հանդիպում Արամ Իլյիչի հետ: Մենք երջանիկ էինք, թեեւ այդ տարիներին չէինք գիտակցում, որ մեր դիմաց հզոր անհատականություն է կանգնած, ինչը բացառիկ երեւույթ էր, իրադարձություն մեր կյանքում: Մեր դասարանում 8 ուսանող կար, դա կոնսերվատորիայի 35-րդ լսարանն էր, որտեղ նստում էինք մեր դասախոսի, մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կողքին: Մեզանից շատերը հիշում են այդ ակնթարթները, որոնք հետագայում ազդակ դարձան մեր ստեղծագործական ջանքերի համար, որ ձգտենք նման լինել այնպիսի անհատականության, ինչպիսին Արամ Խաչատրյանն էր»,- ասաց Տոլիբ Շախիդին: Կոմպոզիտորը հիշեց նաեւ, թե ինչպես էր ներկա լինում այն ստեղծագործությունների կատարմանը, որոնք դիրիժորական վահանակի առաջ ղեկավարում էր Արամ Խաչատրյանը: Ընդգծեց, որ իր ուսուցչի Դաշնամուրային կոնցերտը սովորել էր նվագել դեռեւս Դուշամբեում սովորելու տարիներին, ինչն, Շախիդիի ձեւակերպմամբ, իրեն դրել է նույն աուրայի մեջ, ինչ Խաչատրյանինն էր: Նա Արամ Խաչատրյանին որակեց համաշխարհային մակարդակի կոմպոզիտոր, բոլոր դարերի լավագույն կոմպոզիտոր: Ասաց, որ բոլոր սաներն իրենց վրա կրում են Խաչատրյանի ազդեցությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Շախիդիի ստեղծագործությունը վաղուց հաղթահարել է աշխարհագրական և մշակութային սահմանները՝ դառնալով համաշխարհային երաժշտական ժառանգության արժեքավոր մասը։ Նա ընդգծեց, որ Շախիդիի ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է Հայաստանի և հայկական երաժշտական մշակույթի հետ, եւ որպես Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ուսանող՝ Տոլիբ Շախիդին ձևավորվել է Արամ Խաչատրյանի դասարանում՝ շարունակելով այն ստեղծագործական ավանդույթը, որը վարպետը թողել է իր բազմաթիվ սաների և հետևորդների միջոցով։ Նախարարը կոմպոզիտորին 80-ամյակի առթիվ պարգեւատրեց ԿԳՄՍ նախարարության մեդալով։

Հավելենք, որ Տոլիբ Շախիդիի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրում ներառված էին Շախիդիի Տոնական նախերգանքը, Ալտի կոնցերտը, Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ կամերային նվագախմբի համար, Ռապսոդիա-երկխոսությունը՝ դաշնամուրի և նվագախմբի համար, Արամ Խաչատրյանի թեմաներով, «Sado» սիմֆոնիկ պոեմը՝ նվագախմբի համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես միշտ, այս համերգին եւս գերագույն բավականություն պատճառեց ունկնդրին՝ դրսեւորելով մասնագիտական վարպետությունը, իսկ կատարվող ստեղծագործությունները ներկայացվեցին լիարժեք գեղարվեստական ուժով ու գունեղությամբ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031