Երևանի քաղաքապետարանի հունիսի 1-ի գործակարգավարական խորհրդակցությունը կարճ տևեց: Քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ ավանդաբար հունիսի 1-ին տեղի է ունենում դպրոցականների ավագանու նիստը, ու իրենք պետք է ժամանակ ունենան դահլիճը պատրաստելու համար:
Այնուհետև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ մի քանի կարճ զեկույցներ ունեցան: Մասնավորապես, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում 76 երթուղիներում սպասարկվել է 9174 միավոր շարժակազմ՝ 9185-ի փոխարեն, և 64 միավոր ավտոբուս անսարք է:
«Իսկ նոր տրոլեյբուսներն արդեն դուրս եկա՞ն երթուղիներ»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց Փամբուխչյանը:
30-ը՝ այո, 15-ը վաղը վերջնական դուրս կգան,- հնչեց պատասխանը:
Կարդացեք նաև
Այսինքն, էլ չե՞նք ունենա հին տրոլեյբուսներ,- հարցրեց փոխքաղաքապետը, ապա բացասական պատասխան ստացավ:
Կառավարման տեխնոլոգիաների ՓԲԸ-ից էլ տեղեկացրին, որ տոմսային համակարգում նախորդ շաբաթ արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ՝ տրոլեյբուսներ՝ 119535, մետրոպոլիտեն՝ 628991, ավտոբուսներ՝ 2397696, ինչը 2,9 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվանից:
Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվեց, թե ինչով է դա պայմանավորված, նրան պարզաբանեցին, որ նվազումը պայմանավորված է ուսումնական շրջանի ավարտով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































