Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր գործիչները Հայաստանում պատժվում են շինծու գործերով, կալանքով. Մենուա Սողոմոնյան

Հուլիս 02,2026 21:35 Share

«2026 թվականի ընտրությունները քաղաքական հետապնդումների ծավալի առումով աննախադեպ էին։ Հայաստանի ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում ոչ մի այլ ընտրությունների ժամանակ այս ծավալի քաղաքական հետապնդումներ չեն եղել։ Այսքան բացահայտ և շինծու ձևերով այսքան հետապնդումներ չեն իրականացվել, որքան այս ընտրությունների ժամանակ։ Կալանավայրերը լցված են քաղբանտարկյալներով, խցերը չեն բավականացնում»,– այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում, ի աջակցություն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ դատարանը քննում էր Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, իսկ որոշումը կհրապարակի վաղը։

Հիշեցնենք նաև, որ Աշոտյանին վերագրվող այս գործը վերաբերում է բուհին պատկանող գույքի վաճառքին, սակայն, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, քննչական մարմինը նույնիսկ չի մեղադրում, որ գույքը վաճառվել է շուկայականից ցածր գնով։

Սողոմոնյանի խոսքով՝ յուրաքանչյուր ակտիվ քաղաքացու պարտքն է կանգնել քաղբանտարկյալների կողքին։

«Բոլոր քաղբանտարկյալները բանտարկվել են ազատ խոսքի և ազատ կարծիք արտահայտելու համար։ Շատերին կարող ես ընդունել կամ չընդունել, բայց բոլորն ընդդիմադիր գործիչներ են և դրա համար են պատժվում։ Հայաստանում կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց, և մարդուն կարող են շինծու գործով կալանավորել՝ չպահպանելով անմեղության կանխավարկածը, մեղադրանք առաջադրել ու հայտարարել, թե նա ազգային դավաճան է կամ կոռուպցիոներ։ Անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը միավորվեն քաղբանտարկյալների ազատ արձակման և քաղաքական հետապնդումները դատապարտելու օրակարգի շուրջ»,– ասաց Սողոմոնյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել