Աշոտ Մելքոնյան. «Երկրորդ հարյուրամյակը պետք է լինի հատուցման դար»

Աշոտ Մելքոնյան. «Երկրորդ հարյուրամյակը պետք է լինի հատուցման դար»

«Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդրերը» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան փորձում է իրեն ապահովագրել այն հանգամանքով, թե ինքը չի հանդիսանում Օսմանյան կայսրության ժառանգորդը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր կայսրություն՝ փլուզումից հետո, անպայման պետք է իրավահաջորդ ունենա:

«Օսմանյան կայսրության փլուզումից հետո նրա  իրավահաջորդը, միանշանակ, քեմալական Թուրքիան է, որովհետեւ որպես կանոն փլուզվող կայսրության դոմինանտ ազգը ստեղծում է իր պետությունը, եւ նա էլ հանդիսանում է նրա իրավահաջորդը: Ուրեմն՝ եթե իրավահաջորդ չէր հանդիսանում, ինչո՞ւ էր Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում, որ ցավ է ապրում Հայաստանի նախագահի կոշտ կեցվածքի համար՝ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին մասնակցելու կապակցությամբ, եւ ասում էր, որ խնդիրը դարձյալ պետք է  թողնվի պատմաբաններին, եւ այն լուծելու եւ ընդհանուր հայտարարի գալու դեպքում՝ Թուրքիան պատրաստ է վճարելու գինը: Ուրեմն՝ եթե Թուրքիայի Հանրապետությունը չի հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ինչպե՞ս է նրա նախագահ Էրդողանը հայտարարում, որ իրենք պատրաստ են գինը վճարել, այսինքն՝ սրանով Թուրքիայի նախագահը ենթատեքստով հասկացնում է, որ այնուամենայնիվ, գին կա»,- ասաց նա:

Պարոն Մելքոնյանը նշեց, որ միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը հավաքել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող կարեւոր փաստաթղթերը եւ ցույց է տալիս, որ խնդիրն ի սկզբանե իրավաքաղաքական է եղել եւ լուծելի է միայն իրավաքաղաքական դաշտում. «Իրավական դաշտում հաջողության հասնելու հնարավորություններ մենք ունենք, բայց քանի որ կոնվենցիայով չի ձեւակերպված հայրենազրկում հասկացությունը՝ որպես միջազգային իրավունքի կատեգորիա, ինչպես ցեղասպանությունը, տարածքային խնդրի լուծման հարցը բարդ է: Բայց քանի որ գոյություն ունի Սեւրի դաշնագիրը նշանակում է խնդիրը իրավաքաղաքական է եւ ի սկզբանե տարածքային բովանդակություն ունի: Պատահական չէ, որ Վուդրո Վիլսոնը միշտ ասում էր, որ հայ ժողովրդի համար պետք է ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որպեսզի նա Եղեռնից հետո կարողանա կենսագոյության պայմաններ ունենալ»:

Աշոտ Մելքոնյանը համարում է, որ առաջնային խնդիրներից պետք է լինի փաստաթղթերի որոշակիացումը, եւ Հայաստանը պետք է ՄԱԿ-ին առաջարկի նոր ձեւակերպում տալ հայրենազրկում հասկացությանը, որպեսզի Հայաստանը հասնի նաեւ տարածքային հատուցման:

«Տերմինների օգտագործման հարցում՝ մարդիկ պետք է զգուշավոր լինեն, որովհետեւ հատուցում բառի փոխարեն, երբ որ հաճախ գործածում են փոխհատուցում ձեւակերպումը, նշանակում է՝ իրար բան ունենք տալիք: Մենք արդեն մեր արյունը տվել ենք եւ հայրենիքից ենք զրկվել եւ չի կարող լինել փոխհատուցում: Մենք պետք է հասկանանք, որ երկրորդ հարյուրամյակը պետք է լինի հատուցման դար»,- իր խոսքն ամփոփեց պարոն Մելքոնյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք