Լրահոս
Օրվա լրահոսը

SOS, տունս քանդում են

Հունվար 21,2018 22:05

Օրեր առաջ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Քնեցինք ֆրանսերենի ամբիոնում, արթնացանք ռոմանական լեզուների ամբիոնում:

«Տերմինալ» ֆիլմը հիշո՞ւմ եք: Հերոսը, ժամանելով ԱՄՆ, բացահայտում է, որ իր երկիրը՝ Կրակոժիան, այլևս գոյություն չունի:

Խոսքս Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում վերջերս տեղի ունեցած և դեռ ընթացող կառուցվածքային բարեփոխումների մասին է: Բարեփոխումների ամբողջական փաթեթը քննարկելու, առավել ևս՝ քննադատելու մտադրություն չունեմ: Կխոսեմ միայն այն «բարեփոխման» մասին, որի մեջ ապրում եմ և կառաջարկեմ ընթերցողներիս հասկանալ դրա տրամաբանությունը:

Ֆրանսերենը Բրյուսովում դասավանդվում է 1936 թվականից: 1948-ին ստեղծվել է ֆրանսերենի ամբիոնը, որը 70 տարի շարունակ բուհում ունեցել է առանձին ստորաբաժանման կարգավիճակ: Բայց արի ու տես, որ 70-ամյակին ընդառաջ ամբիոնին անակնկալ էր սպասում: Համալսարանի Գիտական խորհրդի անդամները (հասկանալ՝ ռեկտորը), հավանաբար ամբիոնը շփոթելով Սահմանադրական դատարանի անդամի հետ, որոշեցին այն ուղարկել թոշակի:

Ասեմ, թե ինչ տեղի ունեցավ իրականում: Ռոմանական լեզուների ամբիոնից առանձնացվեց նախկին ռեկտորի մի փոքր մրսած երևակայության արդյունքում այնտեղ խցկված ասիական լեզուների բլոկը և ստացավ գիտաուսումնական կենտրոնի կարգավիճակ: Գովելի և տրամաբանական քայլ է: Բայց դրան հաջորդեց ամենահետաքրքիրը: Ռոմանական լեզուների ամբիոնը, որը մինչև հիշատակածս «մրսածությունը» բնականոն հունով իրականացնում էր իր գործառույթները, որոշեցին միացնել ֆրանսերենի ամբիոնին և ստանալ մեկ ընդհանուր միավոր:

Այստեղ տեղին կլինի ասել.

– Տղերք, դուք հեչ հեռուստացույց չեք նայո՞ւմ:

Հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը՝ թերևս 2018թ. մեր երկրի կարևորագույն աշխարհաքաղաքական իրադարձությունը: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետք է նոր զարկ տրվի ֆրանսախոսությանը Հայաստանում, բացվեն Ֆրանկոֆոնիայի խթանմանը միտված նոր օջախներ, իսկ իրականությունն այն է, որ մենք եղածից ենք հրաժարվում:

Ասածս այդքան ողբերգական չներկայացնելու համար նշեմ, որ ֆրանսերենը մեր համալսարանից ոչ մի տեղ չի գնում, որևէ մեկին այս օրերին չեն կրճատել, դասախոսներն էլ նույն դրույքաչափերով ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում մտնելու են լսարան….

Բայց պատկերացրեք, որ Ջավախքը միանա Հայաստանին, և ամբողջ երկիրը կոչվի Ջավախքի Հանրապետություն:

Ռեկտոր Հարությունյանի հետ երկու անգամ եմ հաղորդակցվել՝ ամռանը, երբ դեռ պաշտոնակատար էր: Ճիշտն ասած, ադեկվատ կնոջ տպավորություն է թողել: Վստահ եմ, որ այս ամիսների ընթացքում այդ առումով ոչինչ չի փոխվել:

Իսկ ինձ մնում է հիշել Բրյուսովի և հատկապես՝ ֆրանսերենի ամբիոնի դիմացի հարևան Վլադիմիր Սերգեյիչին և բոլորիս սթափության կոչ անել:

Կեցցե տրամաբանությունը:

Առողջ եղեք:

Վահան Զաքարյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031