Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԵՄ ՔԱՐԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 13,1998 00:00
marmargranit

Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի ամենշաբաթյա այցերը մենք ավելի շատ իբրեւ առիթ ենք դիտարկում ընթացիկ կարեւոր խնդիրների վերաբերյալ նախագահի մեկնաբանություններն ու տեսակետները լսելու համար։ Սակայն նախագահի մամուլի ծառայության ղեկավարի մեկնակերպն այլ էր՝ տնտեսությանն առնչվող գործընթացներն առավել կարեւոր են, քան օրախնդիր հարցերին անդրադարձը։ Փորձենք այս անգամ այդպես լուսաբանել նախագահի երեկվա այցը Բյուրեղավանի «Հայմարմարգրանիտ» ՍՊԸ։

Տեղեկանք «Հայմարմարգրանիտի» մասին

Այս ձեռնարկության բաժնետոմսերի 50%-ը դեռ 1988-ից իտալական «Դիամոնդ սերվիս» ֆիրմայինն է։ Նախագահի մամուլի գրասենյակի պատրաստած հաղորդագրության մեջ, որ բաժանվեց լրագրողներին, նշված էր, որ «Հայմարմարգրանիտն» իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա եւ այլ երկրներ (ըստ տնօրենի հետո ներկայացրած տվյալների, արտադրանքի 35-40%-ն է արտահանվում)։ Այլ տվյալները համեմատություններ էին 1997-ի եւ 1998-ի առաջին կիսամյակի միջեւ՝ անցած տարի ձեռնարկությունում 155 մարդ է աշխատել, իսկ այսօր նրանց թիվը մոտ 200-ի է հասնում։ Անցած տարի ձեռնարկությունը 98 մլն դրամի արտադրանք է տվել, իսկ այս տարվա առաջին կիսամյակում 54 մլն դրամի։ Եվ վերջապես՝ 1997-ին 18 հազար քմ երեսապատման սալիկներ են արտադրվել, իսկ այս տարի արդեն 10 հազար քմ։ Այնպես որ, աճն ակնհայտ է։ «Ես կարծում եմ, որ ամեն տարի նման աճ կունենանք»,- ավելի ուշ կանխատեսեց Ռոբերտ Քոչարյանը։

Նախարարները գործարանի մասին

Ռոբերտ Քոչարյանը շրջեց «Հայմարմարգրանիտի» արտադրամասերում, արտադրանքի ցուցադրությունը դիտեց, լսեց տնօրենի՝ Լեւոն Մակարյանի պարզաբանումները։ Այդ ամբողջ ընթացքում լրագրողների, թիկնապահների հետ միասին նրան ուղեկցում էին արդյունաբերության (հակառակ բոլոր չարագուշակ կանխատեսումների, Գառնիկ Նանագուլյանն արձակուրդից հետո վերադարձել է Հայաստան), բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարները։ Վերջինս «Առավոտի» միջոցով գովեստի բազմաթիվ խոսքեր ասաց «Հայմարմարգրանիտի» տնօրենի հասցեին. «Լեւոն Մամիկոնիչը գիտությունների դոկտոր է։ Ես համարում եմ, որ նա քարամշակման խոշորագույն մասնագետն է Հայաստանում։ Եվ շատ հաճելի ու ճիշտ է, որ խնդրին տիրապետող մասնագետն է այսօր այս արտադրությունը ղեկավարում»։

Ֆելիքս Փիրումյանը նույնքան շռայլ էր նաեւ «Հայմարմարգրանիտի» հասցեին գովասանքներ շռայլելու մեջ. «Սա քարամշակման մեր գործարանների առաջատարն է, որն ունի համապատասխան բոլոր հաստոցները, տեխնոլոգիաները եւ հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ քարամշակումը մեր հանրապետությունում հետագայում կարեւորագույն տեղ եւ դեր է ունենալու՝ նախագահի այս այցն ավելի է կարեւորվում»։

Բնապահպանության նախարար պրն Շահազիզյանի այստեղ գտնվելը պայմանավորող հանգամանքները հետեւյալն էին. «Բոլոր հանքավայրերն, իբրեւ բնական պաշար, մեր տնօրինության տակ են։ Եվ մենք ենք հանքավայրերը շահագործման տալիս։ Այս գործարանը հանրապետության 8 հանքավայր է շահագործում»։

Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե արդյոք «Հայմարմարգրանիտը» բնապահպանական խնդիրներ հարուցո՞ղ է. «Չէ, հիմնականում նրանց աշխատանքները բնականոն են կազմակերպված»։

Նախագահը գործարանի մասին

Ռոբերտ Քոչարյանն այս անգամ թույլ փորձեր արեց լրագրողների հարցապնդումների թիրախ «Հայմարմարգրանիտի» տնօրենին դարձնելու։ Հետո էլ փորձում էր պայմանավորվել, որ առավելապես ձեռնարկության մասին խոսենք։ Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ խնդիրները մասամբ իրագործվեցին՝ երկուսն էլ հարցազրույցներ տվեցին։

Նախագահին հարցեր տրվեցին ոչ միայն «Հայմարմարգրանիտի» մասին (տես ստորեւ)։

Սակայն առայժմ կներկայացնենք միայն ձեռնարկությանը վերաբերող հատվածը։

100 օրվա առնչությամբ հրավիրված իր վերջին ասուլիսում պրն Քոչարյանը դժգոհություն էր արտահայտել «Ձեր զգացողություններն այս պահին» կամ «Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը» կարգի հարցադրումներից։ Սակայն ամեն անգամ նման հարց որեւէ լրագրող տալիս է (ավանդաբար դրանք պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներն են լինում), եւ այս անգամն էլ բացառություն չէր։ Նախագահի «տպավորությունը» տվյալ պահին հետեւյալն էր. «Շինանյութերի արդյունաբերությունը Հայաստանում միշտ իր շատ կարեւոր տեղն է ունեցել։ Երեւի նկատում եք, որ հիմա ինչ-որ բան իր տեղից շարժվում է։ Այս գործարանը երեւի լավագույն օրինակներից է՝ սեփականաշնորհելուց հետո ավելի ակտիվ սկսեց աշխատել։ Թեկուզ տնօրենի համար սեփականաշնորհման ընթացքում լուրջ խնդիրներ էին ստեղծվում։ 1,5 տարուց ավելի երկար ժամանակ լուրջ խանգարում էին։ Տարբեր շահերի բախումների խնդիր կար։ Վերջիվերջո հարցը կարգավորվեց»։

Մեր ունեցած տեղեկությունները հիմք էին տալիս պնդելու, որ այս ակնարկները վերաբերում էին Գալուստ Գամազյանի եւ Պետրոս Տեր-Պետրոսյանի գործունեությանը, սակայն պրն Քոչարյանն ու «Հայմարմարգրանիտի» տնօրենը հերքեցին այս ենթադրությունը։ Առաջինն ասաց. «Դա անցել է», իսկ երկրորդը՝ «նրանք մեզ հետ կապ չեն ունեցել»։ «Մի շարք հետաքրքիր գործարքներ են կնքվում՝ երեւի 1-2 շաբաթվա ընթացքում նաեւ «Կանազի» վերաբերյալ մի հետաքրքիր պայմանագրի մասին կիմանաք, հյուրանոցների վերաբերյալ։ Տեղաշարժ կա»,- վերջում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Տնօրենը գործարանի մասին

Լեւոն Մակարյանը բավական զարմացրեց լրագրողներին. «Մենք ներդրումների կարիք չունենք»,- նախ ասաց, հետո ասաց, որ խնդիրներ էլ չունեն («Առավոտին» առանձին խոստովանեց, որ պետությանը պարտքեր էլ չունեն), ունեն բարձր մրցունակություն, «Հայմարմարգրանիտն» էլ շահութաբեր գործարան է։ «Առավոտը» խնդրեց ճշտել մեր ունեցած այն տեղեկությունը, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը կառուցվող Փրկիչ Քրիստոսի տաճարի հատակը երեսպատելու համար հենց այս գործարանի երեսպատման սալիկները ձեռք բերելու մասին է պայմանավորվել։

Պրն Մակարյանը հաստատեց եւ հայտնեց, որ օգոստոսի 13-ին առաջին խմբաքանակն է ուղարկվելու. «Նաեւ Պետերբուրգում կառուցվող Եկատերինայի տաճարի համար ենք ճաղաշարեր պատրաստում»։ Ի՞նչ ՕԳԳ ունեն նման վիճակում գտնվող գործարանների համար բարձրաստիճանների այցերը. «Հնարավորություն ես ունենում քեզ հուզող հարցերը լուծելու,- մասնավորապես ասաց Լեւոն Մակարյանը,- մենք առանձնապես հարցեր չունեինք պրն նախագահին դիմելու»։ Այնուամենայնիվ նշեց, որ եթե այս այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն՝ այսօր իր հզորության 50%-ով աշխատող գործարանը տարվա վերջին գուցե թե հաջողեն 100%-ով աշխատեցնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31