Եղեռնի զոհերի հուշահամալիրը երբեք այցելուների պակաս չի զգացել։ Բայց ամեն անգամ հայավարի ոգեւորվում ենք, երբ որեւէ երկրի որեւէ պաշտոնական խումբ «պատիվ է անում» այցելել մեր նախնիների գերեզմանին։
Այս անգամ հուշահամալիր էր այցելել ԱՄՆ-ի հրեական կոմիտեի անդամներից կազմված մի բազմանդամ պատվիրակություն։ Այցելության մասին պաշտոնական որեւէ ինֆորմացիա չկար, պարզապես լրագրողական անքննելի ճանապարհներով իմացանք եւ որոշեցինք լուսաբանել այցը։ Հրեաների խմբին հասանք այն պահին, երբ խումբը համերաշխ ունկնդրում էր Լավրենտի Բարսեղյանի լրջագույն բացատրությունները հայկական եղեռնի մասին։ Թարգմանիչը, հասկանալի է, խիստ զբաղված էր, եւ նրան չարժեր անհանգստացնել։ Մի կողմ քաշված կանգնել էր մեկը, որի մասին հետագայում իմացվեց, թե ԱՄՆ դեսպանատանն է աշխատում։ Վերջինիս բերանից խոսքն ուղղակի աքցանով էր պետք հանել։ Աքցան չունեինք, բայց համառության պակաս չկար։ Մի կերպ, բառացիորեն մի կերպ, կարողացա պարզել, թե ովքեր են մեր հյուրերը՝ Պիտեր Ռոզենբլաթը եւ Բերի Ջեկոբսոնը «եւ ԱՄՆ-ի հրեական կոմիտեի մի ամբողջ խումբ»։
Առավել մանրամասն ինֆորմացիա, չգիտես ինչու, իմ զրուցակիցը, այնուհետեւ նաեւ՝ թարգմանիչը, խուսափում էին տրամադրել։ Երեւի հակահետախուզական որեւէ գործակալ ավելի շատախոս կլիներ, քան նրանք։ Թանգարանում պտույտի մի քանի րոպեի ընթացքում, ուղեկցողները անընդհատ շտապեցնում էին՝ ժամանակ չունենք։ Զարմանալի էր, որ թանգարանի տնօրենը համբերատար եւ սիրալիր շարունակում էր իր գործը։ Մեկը չկար, հարցներ՝ եթե ժամանակը «սուղ» էր, ինչո՞ւ եկաք։ Ի վերջո, թանգարանից դուրս գալու պահին հասցրի մի պահ «բռնացնել» հյուրերին եւ շուտասելուկի պես շարադրեցի հարցս։ Դրանից առաջ խնդրել էի, որ բառացիորեն 2 րոպե տրամադրվի մամուլին։ Թարգմանիչն անմիջապես 2 րոպեն 1 րոպե դարձրեց։ Մեջը երեւի վանեցու արյուն կար։ «И на то спасибо»։
Հարցիս պատասխանեցին գրեթե վազելով. «Նպատակը հայ ժողովրդի հետ նրանց վիշտը կիսելու, ծանոթանալու, ինչպես նաեւ մենք շատ զգացված ենք այս թանգարան գալով եւ տեսնելով երկու հրեաների խոսքերը այս պատին, ցույց են տալիս, որ կա համագործակցություն, որ երկու ժողովուրդները հասկանում են իրար»։ Խոսքը չեմ խմբագրել եւ չեմ սիրունացրել, սա այն էր, ինչ բարեհաճեցին ասել խելոք հրեաները։ Ասեցին, ու իրենց հրեական մեջքը մեզ անելով, ծանր ու մեծ սկսեցին բարձրանալ աստիճաններով։ Մնացածը՝ ոնց որ Չարլզ Սպենսեր Չապլինի ֆիլմերում։ Իրենք գնում են, ես հարց եմ տալիս, հարցս չի թարգմանվում, թարգմանիչը մումիայի պես անհաղորդ է։ Հարցս անընդհատ մնում է օդում կախված, եւ այդպես էլ չի հաջողվում իմանալ հյուրերի հատուկ կարծիքը հրեաների եւ հայերի ընդհանրությունների եւ տարբերությունների մասին։
Կարդացեք նաև
Բայց սա դեռ աշխարհի վերջը չէ։ Սա ընդամենը սկիզբն է։ Աստիճանների արգելքը հաղթահարված է։ Վերեւում արեւը խիստ է այրում, շոգն ավելի անտանելի դարձավ, երբ հրեական պատվիրակությունը հայտարարեց, թե ժամանակ չունի այցելել բուն հուշարձանին։ Թարգմանիչն իր հերթին ավելացրեց, թե նրանք մեզ պատիվ կանեն եւ հուշարձան կայցելեն հինգշաբթի։ Չհասցրինք պարզել, քանի որ հյուրերը տեղավորվեցին իրենց հատկացված մեքենաների մեջ եւ գնացին անհայտ ուղղությամբ։
Մի խումբ լրագրողներ մնացին հրեական այցելությամբ երջանկացած։
Մեկը չկա՝ հարցնի՝ ինչո՞ւ եկան, ինչո՞ւ գնացին, ինչո՞ւ էին այսքան լռիկ-մնջիկ։ Ինֆորմացիա ստանալու լրագրողի իրավունքը ոտնահարվեց հրեական տարբերակով։ Մեր կողմից, հայկական տարբերակով ավելացնենք, որ մեր հյուրերը թեպետ ժամանակ չգտան երկու քայլ ավել քայլել ու խոնարհվել եղեռնի զոհերի հուշարձանին, բայց ժամանակ գտան ժամը 13.30-ի սահմաններում ճաշել «Ոսկե ձկնիկ» ռեստորանում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































