Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնօրինակած արժեթղթեր

Հուլիս 07,1999 00:00
sertifikat

Անցյալ շաբաթ Երեւանի ֆոնդային բորսան հրավիրել էր լրատվամիջոցներին՝ ծանոթանալու իրենց ստեղծած համակարգին։ Հանրապետության ցանկացած բնակավայրից կարելի է զանգահարել ԵՖԲ, գնել կամ վաճառել շրջանառության մեջ գտնվող ցանկացած արժեթուղթ։

Հայաստանում գրանցված են եւ այս կամ այն չափով գործում են չորս բորսաներ։ Ասել, որ նրանցից ամենակազմակերպվածը եւ ամենաաշխույժը ԵՖԲ-ն է, նշանակում է արձանագրել փաստը։ Բայց մյուսները նման հայտարարությունը կարող են ընդունել որպես հակագովազդ իրենց հասցեին։ Բայց խնդիրն այդ չէ։ Փոքր երկրում, ուր արժեթղթերի շուկան կայացած կարող են համարել ընդամենը մի քանի պաշտոնատար (ոլորտը կառավարող), չորս բորսա է գործում։ Տարօրինակը սա է։

Արդեն հինգ տարի է՝ Հայաստանը մի գլուխ սեփականաշնորհվում է։ Եթե ձախ քաղաքական ուժերին հավատանք՝ սեփականաշնորհելու բան չի մնացել։ Որ ուղղությամբ քար շպրտես՝ մի քանի բաժնետիրական ընկերությունների կտուրի կդիպչի։ Որ ձեռնարկության սեփականատիրոջ խոսեցնես՝ ֆինանսական միջոցների պակասը համար մեկ խնդիր կներկայացնի։ Բայց ոչ ոք լուրջ չի էլ ընդունում արժեթղթերով ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունը։ Պատճառները տարբեր են։ Մի մասը բողոքում է սեփականաշնորհման մեթոդներից։ Մասնագետների մի մասը քննադատում է կառավարության հեղինակած արժեթղթերի մասին օրենքի նախագիծը։ Պետական ողջ համակարգը մոդելավորված է եվրոպական (հիմնականում՝ ֆրանսիական) օրինակներով։ Այնինչ, արժեթղթերի մասին օրենքը փորձել են գրել՝ կրկնօրինակելով ամերիկյան համակարգը։ Երեւի հաշվի առնելով, որ արժեթղթերի ու դրանց տերերի կյանքն այս երկրում ամենաաշխույժն է։ Ամեն դեպքում՝ հաշվի չի առնվում մեր առանձնահատկությունը։

Ստվերային տնտեսության ներկա պայմանների, կենսափորձի եւ ավանդույթների բացակայության պատճառով մանր գումարներ տնօրինողները ամենեւին էլ հակված չեն դառնալու որեւէ ձեռնարկության մանր բաժնետեր-սեփականատեր։ Մանավանդ որ, վերջին տարիներին բոլոր կազմակերպությունները, որպես կանոն, շահաբաժին չեն վճարում։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031