Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 08,2000 00:00

«ԵՍ ԻՄ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՊԱՊԱՆ ԵՄ» Ծանոթներիցս մեկը, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ստեղծագործական առաջին քայլերը մտաբերելով (դա 70-ականներին էր) պատմում էր հետեւյալը. «Դաշնամուրը սկսում էր պատմել տառապանքի ու սիրո մասին։ Տխրությունը հուսահատական երանգներ էր առնում եւ, չգիտես որտեղից, դուրս էին վազում անողոք ու դաժան հնչյուններ։ Ծավալվում էր մեղեդին, զրնգոցով դիպչում պատուհանին, դուրս թռչում փողոց, եւ մենք՝ անցորդներս, կանգ էինք առնում լսելու, այն ժամանակ դեռ ուսանող, գրիգորյանական անկեղծության ու մաքրության միջով անցնող հիմներգությունը»։ Արդեն հինգ տարուց ավելի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Այս տարի միջազգային մրցույթներից «Գրիգի թատրոն» (այսպես են կոչում թատրոնը) «մուտքագրվեց» երկու մեծ մրցանակ՝ առաջին եւ երկրորդ։ Հանդիպմանս առիթը կոմպոզիտորի հետ այդ մրցանակներն էին եւ հարցազրույց էի ակնկալում։ Առանձնասենյակի դռանը կանգնած լսում էի՝ հնչում էր ռոյալը։ Մերթընդմերթ հանգչում էր երաժշտությունը, հետո նորից սկսվում… Ի վերջո որոշեցի դուռը բացել։ Ա. Գրիգորյանը նստած էր ռոյալի առջեւ, նվագում էր ու կում-կում կոնյակ ըմպում։ Այստեղից շարադրում եմ կոմպոզիտորի «մենախոսությունը», որ իսկական մեկ դերասանի թատրոն էր հիշեցնում։ «Խնդրեմ, կոնյակ, հյուրասիրվիր ու շնորհավորիր։ Հենց նոր Մակեդոնիայից ուրախալի լուր ստացա։ Գիտես, չէ՞, ես իմ երգիչների պապան եմ։ Ուրեմն լավ լսիր, իմ Թութուշս՝ Վարդուհի Վարդանյանը, արժանացել է առաջին մրցանակի։ Փայլուն երեխաներ շատ ունեմ։ Էս ժանրում՝ բնությունն է կրթությունը։ Հաճախ հարցնում են՝ Ալլան, Զառան, Լիանան, Անդրեն… ի՞նչ կրթություն ունեն։ Պատասխանում եմ՝ ժողովո՛ւրդ, Սայաթ-Նովան կրթություն ունե՞ր։ Այստեղ բնության ֆենոմենն է աշխատում։ Շատ են հարցնում հետո՝ թատրոնը հովանավոր ունի՞։ Դարձյալ պատասխանում եմ, որ թատրոնը մեկենաս ունի, իսկ հովանավորը՝ ես եմ։ Ես եմ հոգ տանում արտիստներիս սննդի, տրանսպորտի, բեմական զգեստի համար… Մի խոսքով, աշխատում եմ նրանց մինիմումը ապահովել։ Հա, ընդամենը մի քանի օրից՝ նոյեմբերի 17-ին, դուրս է գալիս Ալլա Լեւոնյանի «Հայաստան» սկավառակը եւ հետո կմեկնենք Ամերիկա, ուր լավագույն երգ է ճանաչվել աղջկաս՝ Ալլա Լեւոնյանի «Հոյ-նարը», որ «ախպարները» ամեն տարի շնորհում են լավագույն երգին ու, բնականաբար, կատարողին։ Լսիր, զարմանում եմ, էս ինչի դուռը չեն բացում-փակում, մի տեսակ հեռախոսն էլ է լռել։ Փոքր էրեխեքիս ձեներն էլ դուրս չի գալիս։ Գիտես, չէ՞, մեզ մոտ գործում է մանկապատանեկան ստուդիա, ուր 5-15 տարեկան 150 երեխա ու պատանի է սովորում։ Մեր վաղվա երգիչներն են, պարողներն ու շոումենները։ Էս քո բախտից է, համ էլ իմ… Մեկ-մեկ աչքիս առջեւ՝ ֆիլմի տեսքով, անցնում է թատրոնի «սկիզբը»։ Կյանքում մաժորն ու մինորը միշտ զուգահեռ են ընթանում։ Մի փոքր շեղում՝ ես ծանր ու դժվար, մեկ անհատի ուժերից վեր գործ եմ ձեռնարկել հենց սկզբից՝ ցույց տալ ու անցնել հայ երգի երկար ճանապարհը, Կոմիտասից մինչեւ… Մեր ժողովուրդը վաղնջական օրերից ի վեր սիրել է իր մշակույթը, հատկապես, թե ինձ է այդպես թվում, երգ-երաժշտությունը։ Սիրելն այն բառը չէ։ Պարզապես ունեցել է իր ստեղծած հոգեւոր ու նյութական արժեքների պաշտամունք։ Այդ էլ երեւի այն պատճառով, որ եթե տեսել է իսկական ու իրական մի պահապան Աստված, դա հենց իր մշակույթն է եղել։ Վերջինս, մեր պատմության հետ միասին, նաեւ մեր ազգային բնավորության հայտարարն է։ Իսկ մեր բնավորությո՜ւնը… Տարիներ առաջ շատ հայտնի մի կոմպոզիտոր տեղեկանք չէր տալիս, որ իմ ստեղծագործական երեկոն կայանա, ասում էր, թե ջահել ես… չէ, սա հենց այնպես։ Իսկ աշխարհում՝ քիչ կան այնպիսի ժողովուրդներ, որոնք ճակատագրի դաժան հարվածների տակ մեզ պես բեկված, հատված լինեն, մեզ պես բաժան-բաժան ու դրանից էլ՝ այնպես տարամետ, անջատական ու մեկուսացման տրամադրություններին ենթակա։ Ի՞նչ էին մեր նախարարությունները միասնական թագավորության ժամանակներում՝ տեղական ու ինքնուրույն գահի կռվազան հավակնորդներ։ Լավ, թագավորներին ու նախարարներին թողնենք… Բայց ասենք, որ սա մենք ենք եղել ու… Բայցեւ քիչ կգտնենք այնպիսի մի ժողովուրդ, որն անջատ-անջատ, աշխարհով մեկ սփռված, կարողանար մեզ պես պահել-պահպանել ազգային հոգեւոր միասնությունը ու համոզված եմ, որ էստեղ «մեղավորը» երգ-երաժշտությունն է։ Հա, էս բնագավառում էլ առեւտուր կա, հատկապես մրցույթներում։ Գիտես, երջանիկ եմ, որ առուտուրին չեմ մասնակցում ու էս արդյունքները… Մեր հները, որեւէ կարեւոր գործ ձեռնարկելիս, մտածում էին, թե փոթորկված օվկիանոս են մտնում եւ գործի վերջը տեսնում էին իբրեւ անալեկոծ ու ապահով նավահանգիստ։ Ես, իհարկե, չեմ պատրաստվում դեռ ոտք դնել նավահանգիստ, բայց ինչքան տարիներն անցնում են, այնքան սիրտս առավել փոթորկվում է ու անհանգիստ եմ, քան գործի սկզբին։ Ի՞նչ եմ ափ հանել իսկապես օվկիանոսյան ընդգրկումների մեր մշակութային հարստությունից։ Ինչո՞ւ եմ լռում… Ես պատրաստ եմ բարձրաձայն ասել, որ այո՛, ափ եմ հանել, որ ինքնուրույն բեմական ու ստեղծագործական կյանքի եմ կոչել… չէ, հարկ չկա թվարկելու։ Ես համոզված եմ, որ 21-րդ, 25-րդ կամ 35-րդ դարում էլ, որ խոսք լինի մշակույթի, մասնավորապես երգի մասին, կհիշվի ու կգնահատվի, գուցե՝ կվերագնահատվի իսկական, ճշմարիտ երգարվեստը։ Կարեւորն այն է, որ այդ ճշմարիտ արվեստի որդեգիրները դառնան նրա զինվորները։ Իսկ մեր արվեստի նվիրյալներն ու նվիրյալս միշտ էլ պատրաստ ենք եղել ինքնազոհության. «Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»։ Սա է եղել ու կա հայ արվեստի՝ երգարվեստի նվիրյալների ու նվիրյալիս կարգախոսը, օրհնանքն ու աղոթքը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել