Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնական հիվանդանոցում գտնվող դատապարտյալ Աղաբեկ Հայրապետյանը 52 օրից ավելի գտնվում է հա

Օգոստոս 22,2001 00:00

Տեղազննությանը՝ ձեռնաշղթայված եւ գամված սյանը ՆԳՆ ՔՊԻՎ կենտրոնական հիվանդանոցում գտնվող դատապարտյալ Աղաբեկ Հայրապետյանը 52 օրից ավելի գտնվում է հացադուլի մեջ։ «Հայտարարել եմ չոր հացադուլ, հրաժարվում եմ հացից, սննդից եւ ջրից»։ Հացադուլավոր դատապարտյալը պահանջում է կանչել «համապատասխան օրենքի այն մարմիններին», ովքեր պետք է, որ պարզեն իր անմեղությունը։ Նա խնդրում է կանչել իր նախկին պաշտպան Սերյոժա Շահվերդյանին եւ «մամուլի աշխատակիցներից»։ Ա. Հայրապետյանի նախապայմանն է. մինչեւ չպարզեն իր անմեղությունը, հացադուլից դուրս չի գա։ Սա, ի դեպ, առաջին հացադուլը չէ։ 1998թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը Ա. Հայրապետյանը գտնվել էր դարձյալ հացադուլի մեջ եւ տեղափոխվել էր ՔՊԻՎ կենտրոնական հիվանդանոց։ Այս հացադուլը, որի մասին արդեն որերորդ հրապարակումն է անում «Առավոտը», գտնվում է նույնիսկ «Կարմիր խաչի» ուշադրության կենտրոնում։ Նախկին հացադուլը որակվեց որպես «սիմուլյացիա»։ Ի դեպ, այս դատապարտյալը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման ԼՂՀ քրօրենսգրքի 99 հոդվածի 4-րդ կետով՝ դատավոր Սուրեն Ալեքսանյանի ձեռամբ (որը հայտնի է «Մարտի 22» քրգործով)։ Հետաքրքիր է, որ դատախազը կրկին մեզ հայտնի Ռ. Իգոշկինան էր։ «Իրեղեն ապացույց» ճանաչված Աղաբեկի «անձնական հագուստները» վերադարձվել էր նրա ծնողներին, իսկ «7.62մմ մեկ հատ գնդակը, 4 հատ պարկուճը, տախտակի կտորը» ոչնչացվել է «որպես գործածության համար ոչ պիտանի»։ Աղաբեկը պետք է բողոքարկեր ԼՂՀ Գերագույն դատարանի պալատին 7 օրվա ընթացքում եւ, փաստորեն, ոչ մի խելոք մարդ հարց չի տվել մինչեւ օրս պրն դատավորին. իրեղեն ապացույցներն ի՞նչ հիմքով, ի՞նչ իրավունքով են վերացվում եւ որոշում ընդունվում, երբ մարդը լրիվությամբ իր պաշտպանության իրավունքից դեռ չի օգտվել։ Ա. Հայրապետյանը իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես դատարանում, այնպես էլ հետագայում։ Տեղեկացնենք, որ հաուպվախտում գտնվող խցիկի օդանցքից փախած զինվորներին փնտրելու համար «զորամասի հրամանատարության ցուցումով» (ԼՂՀ Մարտակերտի շրջան, Մատաղիս) կազմվել էին խմբեր, ուղարկվել տարբեր ուղղություններով։ Սեպտեմբերի 27-ին (96թ.) Սարսանգ ՀԷԿ-ի ջրամբարի խողովակներում հայտնաբերվում են զինծառայողներ Մաքսիմ Անտոնյանի եւ Վահե Ավետիսյանի դիակները։ Աղաբեկի պաշտպանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ տուժողների ծառայության վայրից մինչեւ Սարսանգ ՀԷԿ-ի ջրամբարը շուրջ 30-40 կմ անտառներ կան եւ, որ զինծառայողներն այդ տարածությունն անցել են գիշերվա ժամը 4-ից առավոտյան ժամը 7-ը։ Հետեւաբար, «եթե ցանկանար իր պաշտպանյալը սպանել տուժողներին, որի պատճառը չի ունեցել, չի հիմնավորվել, ուստի կսպաներ անմարդաբնակ, ամայի կամ անտառային վայրերում, չէր հասցնի,- ըստ պաշտպան Սերյոժա Շահվերդյանի միջնորդության մեջ արտահայտած մտքի,- ցուցադրական սպանություն կատարել ցերեկվա ժամը 11-ի սահմաններում»։ Ի դեպ, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին ուղղված բազմաթիվ դիմում-նամակներ եմ ընթերցել զինվորական հանցագործությունների հետ կապված եւ բացառիկ է փաստաբանի այսօրինակ հղումը. «Գիտակցում եմ, որ պաշտպանը փաստաբանական հնարքների է դիմում։ Սակայն ձեզ դիմում եմ նախ որպես մարդ եւ որպես իրավագետ։ Դատավճիռը «հիմնավորված» է միայն ու միայն ենթադրություններով, որպեսզիների 1000-ը կամ 10000-ը մեկ ապացույց չարժեն։ Անմեղ մարդը 5-րդ տարին է ազատազրկման մեջ է միայն այն նկատառումով, որ 3 ընկերներ գնացել են փախած զինվորներին փնտրելու, 2-ը սպանվել են, Աղաբեկը ողջ է մնացել։ Դե, եթե ողջ է մնացել, ուրեմն ինքն է սպանել»։ Իրավապաշտպանների «գութը» շարժելու նպատակով էլ տեղեկացնեմ, որ նախաքննությունը կատարվել է ոչ մայրենի լեզվով (70-80% ռուսերենով) եւ մեղադրյալն էլ թարգմանչով չի ապահովվել։ Աղաբեկը, ըստ պաշտպանի, տեղազննությանը գամված էր սյանը, իսկ ձեռքերին շղթաներ են եղել։ Ակամայից հիշեցի օգոստոսի 19-ին «Անի» հյուրանոցում դատավորների համար կազմակերպված երկօրյա սեմինարը, երբ մեր դատավորները վաշ-վիշ էին անում իրենց առաջադրված մի օրինակի համար. ամբաստանյալը թարգմանիչ չէր ունեցել եւ խոսքի, հաղորդակցվելու իրավունքն էր ոտնահարվել։ Նրանք «քարկոծեցին» եվրոպացիներին եւ հպարտացան, որ մեզանում նման բան տեղի չի ունեցել։ Աղաբեկի վիճակն առավել քան լուրջ է եւ հացադուլից դուրս չբերելու դեպքում նրան սպառնում է ուղղակի… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել