Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՐՎԵՑ

Դեկտեմբեր 06,2002 00:00

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՐՎԵՑ Նվիրվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ՀՀ արդարադատության նախարարությանը հասցեագրված մեր դիմումի կապակցությամբ վերահսկողության ծառայության պետ Վ. Ստեփանյանը 25.10.02թ. Ե-7288 գրությամբ պատասխանել է, որ մեր՝ Լ. Տ. Ի. եւ Ս. Շաթիրյանի հայցը՝ ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ քաղգործերով վերաքննիչ դատարանի 01.10.02թ. վճռով մերժվել է։ Այնուհետեւ գրված է, որ վճռաբեկ բողոքի հիման վրա գործն ուղարկվել է ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին։ Թե՛ վերաքննիչը, թե՛ վճռաբեկը հայցը մերժել են, քանի որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռ. Ներսիսյանը ծառայություն մատուցելով Կենտրոնի էլցանցի տնօրեն Գ. Ղազարյանին եւ դրամաշորթ էլեկտրիկներին, թույլ է տվել նենգափոխում. պատասխանող կողմի անունը, հասցեն փակցնելով՝ գրել է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր», որը ոչ մի կապ չունի հայցադիմումում նշված հասցեատիրոջ հետ։ Իզուր չէր Կենտրոն էլցանցի իրավաբան Մելիքյանը դատից առաջ ներկայացել եւ նստել դատավորի կողքին ու միասին որոշում էին, թե ինչպես ի չիք դարձնեն Տերյան 56շ. 27-րդ բնակարանի բնակիչների պահանջը, Հայրենական պատերազմի առաջին կարգի ցմահ անկողնային հաշմանդամ Լ. Տ. Ի.-ի հայցը՝ ընդդեմ Կենտրոնի էլցանցի տնօրեն Գ. Ղազարյանի, որի անտարբերության պատճառով էլեկտրական ապօրինի լարերի կարճ միացումից տանիքում բռնկված հրդեհից կրեց թե՛ նյութական, թե՛ բարոյական մեծ վնաս։ Իսկ այժմ՝ դատարանը հունիսի 4-ի դռնբաց նիստում կայացրեց վերլուծական մեղադրանք։ Դատավորի թույլ տված սխալը ոչ թե վրիպակ էր, այլ մեղավորներին թաքցնելու նպատակ։ Ես պարզ, սեւով սպիտակի վրա գրել էի՝ «ընդդեմ Երեւանի Կենտրոնի էլցանցի տնօրեն Գագիկ Ղազարյանի…»։ Հասկանալի է, թե ինչո՞ւ եք թաքցրել պատասխանողի ճիշտ հասցեն եւ անունը, այն փոխարինելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընդհանուր հասկացությամբ։ «Վճիռ՝ հանուն Հայաստանի Հանրապետության» կարեւորագույն փաստաթղթի երկրորդ կոպիտ սխալն այն է, որ Կենտրոնի էլցանցին դատի եմ տվել 2000 թվի ամռանը, մինչդեռ դատավորը գրել է. գործ 2-337 2001թ.։ 2000թ. սեպտեմբերի 20-ին գործը մեկ ժամ լսելուց հետո կարող էիք վճիռ կայացնել, սակայն մեկ օրով, չգիտես ինչու, հետաձգեցիք եւ իմ բազմաթիվ հեռախոսային զանգերից եւ դատը վերսկսելու պնդումներից հետո, այն լսեցիք 2002թ. հունիսի 4-ին։ Դուք լավատեղյակ էիք, որ հրշեջները արխիվն այրում են հինգ տարին լրանալուց հետո եւ օգնեցիք պատասխանող կողմին՝ Կենտրոնի էլցանցի տնօրեն Գ. Ղազարյանին, որ նա չկանգնի դատարանի առաջ։ Ճիշտ է, նրանք ինձ խաբում էին, թե՝ «արխիվը տեղափոխել են» կամ՝ «գումար պիտի վճարեք, որ արխիվից ակտը հանեն» եւ այլն, եւ այլն։ Այնինչ՝ սպասում էին, որ հինգ տարին լրանա՝ արխիվն այրելու համար։ Ահա թե ինչու, պարոն դատավոր, Ռ. Ներսիսյանը ժամանակին վճիռ չկայացրեց, որ ծառայություն մատուցի՝ արխիվն այրեն եւ հանգիստ վճռի, թե «հայցը հիմնավորված չէ»։ Դուք ոչնչացրիք հայցի հիմքերը՝ փաստերը, սակայն արխիվի հետ այրվեց նաեւ շատ թանկարժեք բան, որը չի գնվի ո՛չ ոսկով, ո՛չ դոլարով։ Այրվեց վստահությունը։ Փորձը ցույց է տալիս, որ դատարան պիտի գնալ ձայնագրիչով։ Դատավորի հարցին՝ որքա՞ն կկազմի նյութական վնասը, պատասխանեցի, որ ես փորձագետ չեմ, չեմ կարող հաշվարկել եւ դա այլոց գործն է։ Դուք հայտարարեցիք, որ վնասը գուցե երկու կամ երեք հազար ԱՄՆ դոլա՞ր է։ Ձեր հարցի պատասխանը դո՛ւք թելադրեցիք. 2000 (երկու հազար) ԱՄՆ դոլար։ Դա փաստ է։ Ապշած եմ այն անճշտության համար, որ դուք թույլ եք տվել վճիռը գրելիս։ Լսեք. «Պատասխանողի ներկայացուցիչը հայցի դեմ առարկեց եւ հայտնեց, որ հրդեհի առաջացումը որեւէ կապ չունի էլեկտրական լարերի հետ»։ Իբր խնդրեց՝ հայցը մերժել։ Առկա է երկու ուշագրավ փաստ. նախ՝ ձեր ասելով՝ պատասխանողի ներկայացուցիչը ընդունել է ապօրինի հաղորդակիրների առկայությունը տանիքում։ Եթե «հրդեհը լարերի հետ կապ չուներ», ուրեմն՝ լարերը եղել են։ Երկրորդ՝ Կենտրոն էլցանցի իրավաբան պարոն Մելիքյանը ինձ հետ զրուցել է միջանցքում՝ մինչեւ դատը։ Դատի ժամանակ նա ձկան պես լռել է. ոչ մի խոսք դուրս չի եկել նրա բերանից։ Բայց պարզվեց, որ նա դատարանում խոսել է։ Ես գլխի եմ ընկնում, թե ինչու են փաստերն աղավաղվել։ Իմ դիմումների պատասխաններից եկա այն եզրակացության, որ դատավորը սուբյեկտիվորեն հատուկ ծառայություն մատուցելով էլցանցի տնօրինությանը, ստեղծել է անիրական հիմքեր՝ մեր հայցը անհիմն ճանաչելու եւ մեղավորներին պատասխանատվությունից ազատելու համար։ Ահա թե ինչու ոչ վերաքննիչում, ոչ վճռաբեկում դատ գրեթե չեղավ, ինչու Կենտրոնի էլցանցի նկատմամբ եղած իմ հայցը վերագրված էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որը թերեւս հիմա մասնատված է։ 2000թ. հունիսից (գուցե ավելի շուտ) հայցը չքննարկվեց մինչեւ 2002թ. հունիսի 4-ը, երբ մեր տանը գրված ակտը այրել էին։ Դատավճռում գրված են կեղծ, անիրական տեղեկություններ, որով ոտնակոխ է արվում եւ իմ մարդկային իրավունքը, եւ իմ բարոյական արժեքը։ Դատավորներն ինձ պատժում են՝ բռնագանձելով 62 (վաթսուներկու) հազար դրամ՝ օգտագործելով հարեւանիս։ Հարեւանիս նկատմամբ անտարբեր եմ, ցավում եմ, որ իրեն օգտագործեցին իբրեւ ինձ պատժելու միջոց։ ՍԵԴԱ ՇԱԹԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել