
փոփոխությունների աշխատանքային խումբը արդեն ավարտել է քննարկումները, նախագիծը
բերվել է վերջնական տեսքի, եւ Վենետիկի հանձնաժողովի հետ վերջին պայմանավորվածությունների
համաձայն՝ այդ նախագիծը թարգմանված վիճակում հուլիսի ընթացքում կուղարկվի
Վենետիկի հանձնաժողով։ Այնուհետեւ քննարկումներ կսկսվեն խորհրդարանում։
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ այս անգամ սահմանադրական փոփոխությունները կքննարկվեն ավելի լայն շրջանակում. «Շատ ավելի լայն քննարկումներ պիտի ծավալվեն, եւ այն, ինչ չարվեց կամ շատ վատ արվեց նախորդ հանրաքվեից առաջ, այժմ պիտի բացը լրացվի։ Հասարակությանը պետք է շատ պարզ եւ մանրամասն ներկայացվի՝ ինչո՞ւ են անհրաժեշտ այս փոփոխությունները, ի՞նչ են տալու երկրին եւ ի՞նչ են տալու հասարակությանը»։
Կրկին փոփոխվող տարբերակը ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունի Սահմանադրության հանրաքվեի դրված եւ չընդունված նախագծից։ Մեր այս հարցին ի պատասխան՝ պրն Թորոսյանն ասաց, թե հիմքը նախորդ նախագիծն է. «Շատ մեծ փոփոխություններ չկան, թերեւս արվել են որոշ փոփոխություններ, որոնք կուսակցությունների առաջարկությունների հիման վրա են առաջացել»։
Սահմանադրության ի՞նչ սկզբունքներ են փոփոխվելու. ի՞նչն է փոխվելու ընդհանրապես եւ նախագահի լիազորությունների հետ կապված՝ մասնավորապես։ Քանի որ նախագծին շատ քչերն են ծանոթ, ճիշտ համարեցինք այս հարցը պրն Թորոսյանին ուղղել։ Վերջինս էլ իր հերթին ավելի կոռեկտ համարեց այդ ամենի մասին խոսել, երբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ. «Ասեմ, որ նպատակն է բարելավել դատական իշխանությանն առնչվող դրույթները, տեղական ինքնակառավարման հետ կապված մի շարք բաժիններ։ Չափազանց կարեւոր են կառավարման համակարգի հետ կապված երեք գլուխներին վերաբերող խնդիրները։ Հիմնական նպատակն է հակակշիռների եւ զսպումների լիարժեք համակարգի ստեղծումը»։
Ըստ Տիգրան Թորոսյանի՝ հիմնականը պիտի լինի հենց դա՝ կառավարման երեք բաժինների մեջ զսպումների եւ հակակշիռների համակարգի ստեղծումը, որպեսզի կառավարման համակարգը գործի առավել արդյունավետ. «Եվ եթե անգամ ինչ-ինչ պատճառներով իշխանության տարբեր թեւերում տատանումներ ու շեղումներ լինեն ցանկալի ուղղությունից, այդ համակարգը մյուս երկու թեւերի միջոցով կկարողանա ամեն ինչ բերել ճիշտ հարթության»։
Կոալիցիոն քաղաքական ուժերը, նաեւ՝ ՄԱԿ-ը եւ «Ժողպատգամավոր» խումբը, հայտնի են Սահմանադրության մասին սեփական պատկերացումներով, իսկ հիմա միասին նստած փոփոխության են ենթարկում երկրի գլխավոր օրենքը։ Արդյո՞ք նրանց մեջ այս հարցում չկ
ա հակասություն, եթե կա՝ ինչպե՞ս է այն արտահայտվում։ Ըստ Տիգրան Թորոսյանի՝ այս հարցի հետ կապված որոշ հակասություններ լուծվում են աշխատանքային փուլի ընթացքում. «Իհարկե, տարբեր տեսակետներ կան, այնպես, ինչպես կային նախորդ նախագծի քննարկման ժամանակ։ Փորձը ցույց տվեց, որ կարելի է քննարկումների արդյունքում այս կամ այն լուծումը գտնել։ Եվ գուցե նախագիծը ամբողջությամբ չի լինի յուրաքանչյուր առանձին քաղաքական ուժի սրտով, բայց համաձայնություններով հնարավոր է ունենալ մի փաստաթուղթ, որը յուրաքանչյուրը կպաշտպանի»։
Այսօր գործող Սահմանադրության մասին խոսելիս ոմանք պնդում են, թե այն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «հագով էր ձեւված»։ Հիմա էլ ոմանք պնդում են, թե Ռոբերտ Քոչարյանն ուզում է ունենալ իր «հագով» Սահմանադրություն։ Ինչքանո՞վ են այս պնդումները հիմնավոր։ Տիգրան Թորոսյանի կարծիքը միանշանակ է՝ հանրաքվեով 2003-ին չանցած նախագծի վերաբերյալ եւս նման բաներ ասվում էին. «Սա ուղղակի անազնիվ քայլ է։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ փաստաթղթերի հետ ոչ թե նման գնահատականներով աշխատենք, այլ կոնկրետ հիմնավորումներով եւ փաստարկներով։ Գործող Սահմանադրության վերաբերյալ նույնպես մի քիչ ավելի հարգալից վերաբերմունք պիտի լինի, քան նման հայտարարությունները։ Ինչ խոսք, Սահմանադրությունը ունի թերություններ, բայց եթե անցած տարիներին ինչ-որ առաջընթաց ունենք, ապա դրա մի զգալի մասը նաեւ այս Սահմանադրության շնորհիվ է»։
Մոտ երկու տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ եւս իրեն հարցրի՝ հնարավո՞ր է Սահմանադրությունը փոփոխվի այնպես, որ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ վերընտրվելու իրավունք ստանա։ Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը «այո» կամ «ոչ» չասաց, պարզապես ասաց, թե որքան դժվար է նախագահ աշխատելը։ Հիմա, երբ սահմանադրական փոփոխությունները կրկին օրակարգային են, հնարավո՞ր է Սահմանադրությունը փոփոխվի այնպես, որ գործող նախագահը երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն ստանա։ Այս անգամ հարցն ուղղված էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին։ Վերջինիս պատասխանը սա էր. «Կարծում եմ՝ նման բան չի լինի, գոնե մինչ այժմ նման բան չկա։ Կարծում եմ՝ չի լինի, որովհետեւ, բարեբախտաբար, Հայաստանը այնպիսի երկրների շարքում չէ, որոնք փորձում են նման քայլերով ինչ-ինչ հարցեր լուծել»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































