Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն էլ իր պատուհասներն ունի

Հուլիս 22,2004 00:00

Այդպիսի եզրահանգման եկավ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

«Համաձայնելով կառուցել Բաքու-Ջեյհան նավթամուղը՝ Ադրբեջանը կորցրեց ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու իր վերջին հնարավորությունը»: Այսպիսի հայտարարություն է արել ադրբեջանական «Էխո» թերթին տված իր հարցազրույցում Ադրբեջանի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Մայիս Գյուլալիեւը:

«Մենք, հանդես գալով դրա կառուցման դեմ, կոչ ենք անում մեր պետություններին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, նախեւառաջ լուծել առկա հիմնախնդիրները եւ հետո միայն զբաղվել խողովակաշարի շինարարությամբ»,- ասել է Մ. Գյուլալիեւը՝ հավելելով, թե՝ «նախ պետք էր լուծել ԼՂ հակամարտությունը եւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրը»: Հակառակ դեպքում, ըստ կենտրոնի ղեկավարի, «նավթամուղի կառուցումը կհանգեցնի հակամարտության սառեցմանը, ինչը չի կարելի իրավիճակից դուրս գալու ելք համարել»: Նրա համոզմամբ, «Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղի կառուցումից հետո մասնավորապես Ադրբեջանն ու Թուրքիան կարող են գործ ունենալ բազմաթիվ ահաբեկչական ակտերի հետ՝ նավթամուղի ողջ երկայնքով: Դա կստիպի Ադրբեջանի իշխանություններին ստորագրել Լեռնային Ղարաբաղը զիջելու համաձայնության տակ»,- եզրակացրել է Մ. Գյուլալիեւը:

Այս դիրքորոշումը խնդրեցինք մեկնաբանել «Արմատ» կենտրոնի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին. «Կասկած չունեմ, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումից եւ շահագործումից հետո դա կաշխատի հօգուտ Ադրբեջանի՝ բարձրացնելով նրա հեղինակությունը աշխարհում ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական իմաստով, որովհետեւ դա ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն Ադրբեջանի, այլեւ՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության համար: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ այդ նավթամուղի կառուցման հիմնական նպատակը ռուսական նավթի արտահանմանն այլընտրանք ունենալն է: Եվ եթե այդ հարցում միջազգային հանրությունը շահագրգիռ է, ապա նա ի վիճակի է նաեւ ապահովել նավթամուղի արդյունավետ եւ անվտանգ շահագործումը: Իսկ որ այդ կառույցները շահագրգիռ են Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգ գործարկմամբ, վկայում է նաեւ նրանց ակտիվ արձագանքներն ու մասնակցությունը վերջերս Աջարիայում ստեղծված իրավիճակի, իսկ այսօր արդեն Հարավային Օսեթիայի հիմնախնդրի արագ լուծման համատեքստում»,- նկատեց պրն Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ, «այն, որ Ադրբեջանում կան նման կազմակերպություններ, ինչպիսիք են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն» ու Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը, որոնք, օրինակ՝ հակահայկական ակցիաներ են կազմակերպում կամ նման մտքեր են հայտնում, ապա դրանով նրանք իրոք օգնում են մեզ՝ այն իմաստով, որ ետ են շպրտում Ադրբեջանի զարգացումն ու վարկանիշը: Նրանք Ադրբեջանում նույն դերն են խաղում, ինչ Հայաստանում այն կեղծ ազգային ուժերը, որոնք «թշնամուն մի թիզ հող չզիջելու», հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հավերժ թշնամության մասին հայտարարություններ են անում: Ըստ էության, երկուսն էլ գործում են իրենց երկրների պետական շահերի դեմ, բայց մեկ էական տարբերությամբ. դժբախտաբար, Հայաստանում նման ուժերը իշխանության ղեկին են եւ ավելի մեծ վնաս են հասցնում մեր պետությանը, քան ադրբեջանական այդ կազմակերպությունները՝ Ադրբեջանին, որովհետեւ նրանք գործում են իշխանությունից դուրս»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել