Լրահոս
Օրվա լրահոսը

«Օձական»

Սեպտեմբեր 01,2005 00:00

«Օձական» վրեժ Հակաթույն կա, օձի խայթոցից մահվան դեպքեր՝ նույնպես Մեր տեղեկություններով՝ այս տարի Արցախում, հատկապես՝ Մարտակերտի շրջանում օձի խայթոցից շատ մարդ է տուժել: Մոտ 10 օր առաջ էլ իր տան նկուղում օձը խայթել է 47 տարեկան մարտակերտցի մի կնոջ՝ նա մահացել է Մարտակերտի շրջանային հիվանդանոցում: Ըստ մեր տեղեկությունների, այդ պահին հիվանդանոցը անհրաժեշտ հակաթույն չի ունեցել: Երեկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Օհանյանը «Առավոտին» տված պարզաբանման ժամանակ հերքեց տեղեկությունը: Նրա ասելով, կնոջ մահվան պատճառը ոչ թե հակագյուրզինի բացակայությունն է, այլ, որ թույնը շատ արագ ներծծվել է արյան մեջ, եւ չնայած հակաթույնը ժամանակին ներարկել են, այնուամենայնիվ, կնոջ օրգանիզմը չի կարողացել դիմադրել: Մի հերքում էլ ստացանք Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Զոյա Լազարյանից. հակառակ մարտակերտցիների պնդումներին, որ նախորդ տարիների համեմատությամբ թունավոր օձերը շատացել են եւ գիշեր-ցերեկ վխտում են այգիներում, տներում ու նկուղներում, «Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցում նա ասաց, որ իրենց մոտ այս սեզոնին օձի խայթոցներից տուժածների թիվը չի ավելացել եւ վստահեցրեց, որ «Արցախ ֆարմացիա» դեղագործական ընկերությունը Արցախի բոլոր հիվանդանոցներին անտիգյուրզինով ապահովում է եւ՝ որ դրա պակասը չկա: Նախարարության ունեցած տվյալներն այնքան էլ համոզիչ չեն, քանի որ շատ դեպքերում միջոցների բացակայության կամ շրջանից կիլոմետրերով հեռու լինելու պատճառով տուժած բնակիչները գյուղից հիվանդանոց չեն կարողանում հասնել եւ ստիպված ինքնաբուժմամբ են զբաղվում: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տարվա հունիս, հուլիս ամիսներին մեր հանրապետությունում օձի խայթոցի 41 դեպք է գրանցվել, սակայն մահացության դեպքեր չեն եղել: Այստեղից էլ վստահեցրին, որ հանրապետության բոլոր հիվանդանոցները հակագյուրզինով ապահովված են: Այս դեղամիջոցը հանրապետություն ներկրվող չգրանցված դեղամիջոցների ցանկում է: Հետաքրքիր է, որ այսքան անհրաժեշտ դեղամիջոցի գրանցման ծախսը պետությունը չի ցանկանում իր վրա վերցնել: Օձի հակաթույնի ներկրմամբ զբաղվում են մասնավոր ընկերություններ, եւ քանի որ բուժհիմնարկները քիչ քանակությամբ են այն գնում (սեզոնին 2-3 սրվակ), ուստի դրա ներկրումը վերջիններիս համար այնքան էլ ձեռնտու չէ: Ամեն տարի ԱՆ-ն զգուշացման թերթիկ է ուղարկում բոլոր բուժհիմնարկներին՝ դեղամիջոցը պարտադիր ձեռք բերելու վերաբերյալ, իսկ քանակը թողնում է հիվանդանոցի հայեցողությանը: Սակայն չի բացառվում, որ մի օր էլ հակաթույնը ներկրող ընկերությունները հրաժարվեն այն բերելուց: Հակաթույնի մեկ սրվակն արժե 38-40 հազար դրամ: Հանրապետությունում ընդհանուր առմամբ տարեկան օգտագործվում է 80-100 սրվակ հակագյուրզին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, վերջին տարիներին օձերն ու կարիճները լցվել են նաեւ երեւանցիների տները: Կարծում ենք՝ պատճառներից մեկը մայրաքաղաքի արվարձանային դատարկ հողերի վաճառքն ու այնտեղ սկսված լայնածավալ շինարարությունն է, ինչի հետեւանքով զեռունները, զրկվելով իրենց հիմնական բնակարաններից՝ փորձում են զավթել մարդկանց բնակարանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել