«Խլոցիին» մասնակցում են դատավորներն ու ԴԱՀԿ-ն
«Անբուժելի հիվանդությամբ տառապող հարսիս բուժումն ու հետագայում՝
հուղարկավորությունը կազմակերպելու պատճառով 2000թ. մեր ընտանիքն ընկավ մեծ պարտքերի
տակ: Ծանոթների օգնությամբ իմացանք տոկոսով գումար տվող Սիրանուշ Գալիկյանի մասին
եւ դիմեցինք նրան: Քանի որ գրավի համար ոսկեղեն չունեինք, փոխադարձ համաձայնագրով
նրա անունով ձեւակերպեցինք մեր տունը՝ մինչեւ վերցրած 2500 դոլարը՝ ամսական 7 տոկոս
տոկոսադրույքով, կվերադարձնենք»,- սա Երեւանի Անդրանիկի 10 շենքի թիվ 4 հասցեի բնակիչ
Ջուլիետա Թադեւոսյանի՝ «Առավոտին» ներկայացրած բողոքի նախապատմությունն է: Ըստ փաստաթղթերի
պարզվում է, որ հետագայում Ս. Գալիկյանը խախտել է գրավոր պայմանավորվածությունն ու
փորձել տիրանալ բնակարանին այն դեպքում, երբ ըստ բողոքարկուի՝ «մնացել էր ընդամենը
630 դոլար պարտք»: Դա 2002-ին էր. «Տղաս ու մահացած հարսս երկու երեխա ունեն: Կարիքից
դրդված տղաս մեկնեց Ռուսաստան՝ աշխատելու: Էլ չտեսանք նրան՝ սպանեցին: Վշտից մահացավ
նաեւ ամուսինս: Դեռ քառասունքի մեջ՝ Սիրանուշը եկավ ու պահանջեց մնացած պարտքը: Ասացի՝
թող քառասունքը անցնի, արդեն քիչ գումար է մնացել, ծանոթ-բարեկամներից կհավաքեմ կտամ:
Մեկ էլ լսեցինք, որ դիմել է դատարան՝ տունը վերցնելու պահանջով»: Մալաթիա-Սեբաստիա
համայնքի 1-ին ատյանի դատարանը Ս. Գալիկյանի հայցը գտել է անհիմն ու մերժել, անվավեր
ճանաչելով նաեւ նոտարական վավերացմամբ Գալիկյանի ունեցած վիճարկվող բնակարանի սեփականության
իրավունքի վկայականը: «Քանի որ մի որոշակի գումար ես վերադարձրել էի առանց ստացականների,
չապացուցվեց ու չհաշվեցին, դատարանը պարտավորեցրեց վճարել 1200 դոլար, ես չբողոքարկեցի,
ընդունելով ստացական չվերցնելու սխալս, իսկ Սիրանուշը բողոքարկեց՝ տան պահանջով»,-
ասաց տիկին Ջուլիետան: 2003-ին վերաքննիչ դատարանը մերժել է տան պահանջը, բայց գումարի
բռնագանձումը տարածել է գրավի առարկա հանդիսացող բնակարանի վրա: Դրանից հետո Ս. Գալիկյանը
շտապում է ԴԱՀԿ՝ աճուրդով բնակարանը վաճառելու, իսկ Ջ. Թադեւոսյանը հարկադիր կատարող
Ստեփան Սամվելյանի միջոցով սկսում է մարել պարտքը, որը շարունակաբար ավելանում էր՝
տոկոսների հաշվին: Ներկայացված փաստաթղթերով երեւում է, որ 2004-ի հունվարին Ս. Գալիկյանին
է վերադարձվել 1600 դոլար: «Նույն տարվա մարտի 23-ին, երբ Սամվելյանը կանչեց 200
դոլար հերթական վճարիս ստացականը վերցնելու, ինձ ստորագրելու տվեց մի քանի որոշումներ՝
կրկնաճուրդների չկայացման մասին: Ինձ ասում էին, որ տունս աճուրդի չեն դնում՝ մինչեւ
մնացած 630 դոլար պարտքը մարեմ: Բայց երբ իջա 1-ին հարկ, որտեղ աճուրդի սրահն է,
աճուրդավարից լսեցի բնակարանիս հասցեն, ուշաթափվեցի ու էլ ոչինչ չեմ հիշում: Նույն
օրը տունս 6600 դոլարով գնել է ոմն Վարազդատ Սահակյան, իսկ թղթերով ձեւակերպել են,
թե ես ներկա եմ եղել աճուրդին, բայց դրան չեմ խառնվել»,- նկարագրեց տիկին Ջուլյան:
Կրկին սկսված դատական գործընթացով նա փորձում է այժմ էլ անվավեր ճանաչել տալ աճուրդ-վաճառքը:
Մի քանի ատյաններով քաշքշուկը կավարտվի այսօր՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Հետաքրքիր
մի շարք հանգամանքներ. 1800 դոլար վճարելուց, այն էլ՝ բարեխիղճ ու կանոնավոր վճարելուց
հետո 7 հոգանոց ընտանիքը զրկվում է տնից: Ընդ որում՝ տիկնոջ 4 թոռներից երկուսը երկկողմանի
ծնողազուրկ է: Պարտքի գումարը հավաքում են նվիրատվություններով, նաեւ՝ երեխաների
ուսուցիչներն են հանգանակություն արել: ԴԱՀԿ-ն խախտել է «Հրապարակային սակարկությունների
մասին» ՀՀ օրենքն ու տիկնոջը չի ծանուցել իր տան վաճառքի մասին, ինչը վկայում են
նաեւ դատական ուսումնասիրության արդյունքները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ


















































