Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ «Սասնա Ծռերը»

Հոկտեմբեր 26,2007 00:00

Արթուր Արմինի աշխատությունը

Երեկ ԳԱԱ պատմության ինստիտուտում կազմակերպվել էր գիտաժողով՝ նվիրված «Սասնա Ծռեր» էպոսին: «Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի դոկտոր Արթուր Արմինը (Արթուր Բաբայան) ներկայացրեց իր «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսը» թեմայով զեկույցը: Կայացավ նաեւ համանուն վերնագրով գրքի շնորհանդեսը: «Առաջին անգամ հայկական էպոսում եղած թվերը մեկնաբանվում են: Մինչ այդ ուշադրություն չի դարձվել դրանց վրա: Պարզ օրինակ, երբ ասվում է քառսուն ճյուղ Դեղձուն Ծամ կամ Մհերը մեկ ժամում գնաց 40 օրվա ճանապարհ, ի՞նչ է նշանակում: Իրականում դա արեւի խավարման 54 տարվա շրջափուլն է»,- ասաց բանասեր, շումերագետ Արտակ Մովսիսյանը: Ըստ վերջինիս, գրքի համոզչության աստիճանը շատ բարձր է. «Կան բաներ, որ պատահական զուգադիպություն չի կարելի համարել: Աշխատանքը մեզ տալիս է էպոսը ավելի լավ հասկանալու բանալիներ: Գիրքը նոր խոսք է էպոսագիտության մեջ»:

Ա. Արմինն էլ նշեց. «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսը» գիտական ուսումնասիրություն է: Պարզվում է, որ մեր էպոսի մեջ ամբողջը թվեր են ու աստղագիտական գիտելիքներ: Երբ նայում ես այս տեսանկյունից, մեր առջեւ բացվում է տիեզերքի արարման պրոցեսը: Երբ բացում ես էպոսը, ամբողջ հնդեվրոպական մաթեմատիկական մատրիցան է դուրս գալիս: Օրինակ, Մհեր կամ Միհր անունը հայ-շումերական մաթեմատիկայի մեջ նշանակում է հավասարաչափ քառակուսու մակերես»: Նա նաեւ տեղեկացրեց. «Կա Հովսեփ Օրբելու հեղինակավոր կարծիքը, որ մեր էպոսը նախապատմական շրջանի կոսմիկական էպոս է: Եվ մյուսը՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի զգուշացումներն են, որ «էպոսը մեր գրականության նախադուռն է: «Սասնա Ծռերի» մեջ գործ չունեն քմահաճույքն ու ֆանտազիան: Առասպելը անխուսափելի տեսողական երեւույթ է, բացատրելի պերսպեկտիվայի օրենքներով, որին ենթարկվում է տարածության նման ե՛ւ ժամանակը»: Ա. Արմինի զեկույցում նաեւ ասվեց. «Ցավոք, «Սասնա Ծռերի» եւ հայկական առասպելների հետ կապված Օրբելու եւ Թումանյանի մոտեցումներն ու զգուշացումները մնացին ձայն բարբառո հանապատի: Ժամանակին հայկական հնագույն էպոսի հավաքագրված 69 պատումներից «սարքվեց» բոլորիս հայտնի «հողեղեն» մի տարբերակ, լուսանցքից դուրս թողնվեցին հնագույն հավատամքին հատուկ տիեզերական, խորհրդաբանական մոտիվները եւ «Սասնա տուն» էպոսը ներկայացվեց հասարակությանը՝ որպես միջնադարյան ժողովրդական բանահյուսություն՝ «Սասունցի Դավիթ» վերնագրով»: Հեղինակը հայտարարեց, որ ամբողջ էպոսը գրի է առել ոչ թե Գարեգին Սրվանձտյանը, այլ Խորենացին. «Խորենացու բերած բոլոր առասպելները նույն ձեւով կան նաեւ էպոսում»: Ա. Արմինը իր գրքում ապացուցում է, որ «Սասնա Ծռերի» հերոսները վաղնջական ժամանակներում «հանդես են եկել» որպես աստվածներ:

Նշենք, որ Արթուր Արմինը հեղինակ է նաեւ ակնարկների եւ հոդվածների: Որպես բանաստեղծ եւ լրագրող, արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Boston poet՛s society», «California motion pictures»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել