Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՔՆՆԻՉԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

Մարտ 03,2010 00:00 Share

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննությունը:

«Ազատամտություն» թերթում պատգամավոր Զարուհի Փոստանջյանին վիրավորանք հասցնելու փաստի առթիվ անցյալ տարվա հուլիսի 28-ին հարուցվել է քրեական գործ: Այնուհետեւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մխիթարյանն անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացրել է որոշում՝ քրեական գործը կարճելու մասին: Զ. Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ թերթի ինտերնետային կայքում տեղադրվել են հրապարակումներ, պատգամավորի լուսանկարով մերկ կնոջ պատկեր, որոնցով «անպարկեշտ ձեւով» ստորացվել է իր վստահորդի պատիվն ու արժանապատվությունը:

Փաստաբան Հայկ Ալումյանը գտնում էր, որ պատգամավորի նկատմամբ առկա է ուղղակի դիտավորություն, իսկ քրեական գործը կարճելու որոշումն անհիմն է: «Պարզ է, թե որտեղից է սկսվում Զ. Փոստանջյանի իրավունքի խախտումը՝ այս անգամ պետության կողմից»,- նկատի ունենալով ոստիկանությանը եւ դատախազությանը ասաց նա:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Սերգեյ Աբրահամյանը պնդում էր, որ առկա է եղել վիրավորանք, ոչ թե դիտավորություն: Նա պնդեց, որ հանգել է այս եզրակացության, քանի որ հրապարակումների հեղինակ 3 լրագրողները եւ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, «Շողեր Փաշինյան» ազգանվամբ հանդես եկած Էդիկ Գրիգորյանը նախաքննության ժամանակ ասել են, որ չեն ճանաչել պատգամավորին եւ գնահատել են նրա պատգամավորական գործունեությունը:

«Եթե դատախազության որեւէ աշխատողի դատախազական գործունեությունը գնահատվեր նույնկերպ, նրան պատկերելով մերկ ու անպարկեշտ խորագրի տակ զետեղված հրապարակմամբ, նույնպե՞ս հանցակազմ չէիք տեսնի»՝ հարցրեց պատգամավորի ներկայացուցիչ Հ. Ալումյանը:

Առավել ուշագրավ էին ներկայացուցիչ-դատախազ-դատավոր հարց ու պատասխանները, որոնցից մի հատված ներկայացնում ենք առանց միջամտության:

Հայկ Ալումյան.

– Կոնկրետ մերկ պատկերելը պատգամավորի ո՞ր գործունեության հետ էր առնչվում:

Սերգեյ Աբրահամյան.

– Մենք որոշման մեջ գրել ենք:

Դատավոր.

– Վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել միայն ցուցմունքնե՞րը, որ լրագրողները ուղղակի դիտավորություն չեն ունեցել:

Սերգեյ Աբրահամյան.

– Վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել ոչ միայն ցուցմունքները, այլ՝ նրանց պատճառաբանությունները: Մենք գործ ենք ունեցել 4 անձանց հետ: 4 մարդիկ նույն ժամանակահատվածում սկսել են վիրավորական արտահայտություններ անել Փոստանջյանի հասցեին: Այդ 4 մարդիկ ինչո՞ւ սկսեցին վիրավորական արտահայտություններ անել: Մենք պարտավոր ենք հաշվի նստել նրանց պատճառաբանությունների հետ, հերքել կամ հիմնավորել, բոլոր ապացույցների համակցությամբ գնահատել ենք: Մենք գիտենք, որ վիրավորանքը կարող էր տեղի ունենալ տարբեր շարժառիթներով, վրեժի հողի վրա: Վիրավորանք հասցնելը այս դեպքում ուղղակի դիտավորությամբ է: Հիմա լրագրողները հարցնում են. մենք ի՞նչ ունենք Զ. Փոստանջյանի հետ անձնական, ինչո՞ւ պիտի վիրավորանք հասցնեինք, նրա պատգամավորական գործունեության հետ կապված ես իմ գնահատականն եմ ներկայացնում: Մենք պարտավոր էինք այս պատճառաբանությունը հերքել կամ հիմնավորել: Մենք ընդունում ենք, որ հրապարակումները պարունակում են վիրավորանք: Վիրավորանքն առկա է: Սակայն տվյալ արարքը հանցակազմ չի պարունակում, որովհետեւ բացակայում է արարքի սուբյեկտիվ կողմը: Կա արարք, որը քրեական առումով հետապնդելի չէ: Բայց միաժամանակ մարդն իրավունք ունի իր գործարար համբավն արատավորելու համար դիմել դատարան:

Հայկ Ալումյան.

– Տվյալ դեպքում շարժառիթն ինչպիսի՞ն էր:

– Ձեր հարցերի պատասխանը որոշման մեջ կա. հրապարակման հեղինակները նպատակ են ունեցել իրենց վերաբերմունքն արտահայտել Զ. Փոստանջյանի պատգամավորական գործունեության մասին…

Դատաքննությունը կշարունակվի մարտի 11-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել