Հայաստանում այսօր բարեգործությունն իրականացվում է մեկ հպումով․ հնարավոր է մի քանի վայրկյանում գումար փոխանցել բանկային հավելվածով, մասնակցել առցանց դրամահավաքի կամ բջջային հաղորդագրությամբ աջակցել որևէ նախաձեռնության։ Սակայն այդ գումարը բարեգործական ծրագրի վերածելու համար կազմակերպությունները ստիպված են անցնել մի համակարգով, որը ձևավորվել է ավելի քան 23 տարի առաջ՝ լրիվ այլ իրականության համար։
«Բարեգործության մասին» օրենքը Հայաստանում ընդունվել է 2002 թվականին՝ մի ժամանակ, երբ թվային դրամահայթայթումն ու սոցիալական մեդիան դեռ գոյություն չունեին։ Օրենքը, որը հիմնված է 1997 թվականի մոդելային փաստաթղթի վրա, վերջին երկու տասնամյակում ենթարկվել է ընդամենը երկու փոփոխության։
Գործող համակարգում բարեգործական կազմակերպություն համարվելու համար բավական է, որ անվանման մեջ լինի «բարեգործական» բառը։ Իսկ յուրաքանչյուր բարեգործական ծրագիր իրականացնելու համար կազմակերպությունները պետք է առանձին հաստատման գործընթաց անցնեն։
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի շահերի պաշտպանության մասնագետ Գայանե Մարտիրոսյանի խոսքով՝ այս մոտեցումը ժամանակատար և ծանրաբեռնող է։
Կարդացեք նաև
«Կազմակերպությունը ստիպված է յուրաքանչյուր նախաձեռնության կարևորությունն առանձին «ապացուցել»։ Սա նվազեցնում է կանխատեսելիությունը դոնորների աչքերում, դժվարացնում երկարաժամկետ ծրագրերի պլանավորումը»,- ասում է նա։
Պաշտոնական տվյալները նույնպես ցույց են տալիս ոլորտի ակտիվության նվազում[1]։ Հինգ տարվա ընթացքում ծրագրերի թիվը գրեթե կրկնակի նվազել է։
- 2014-ին՝ 143 ծրագիր
- 2015-ին՝ 130
- 2016-ին՝ 108
- 2017-ին՝ 109
- 2018-ին՝ 66
2019 թվականից տվյալների հրապարակումը դադարեցվել է՝ առանց պաշտոնական բացատրության։
Միաժամանակ բարեգործության ձևերը փոխվել են։ Այսօր ոլորտը մեծապես հիմնված է սոցիալական ցանցերի, առցանց դրամահայթայթման և բջջային նվիրատվությունների վրա, սակայն օրենսդրությունը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, չի հասցրել հարմարվել այդ փոփոխություններին։
«Մենք փորձում ենք 21-րդ դարի թվային քաղաքացիական հասարակությունը տեղավորել 1990-ականների մտածողության մեջ։ Այսօր ՔՀԿ-ները գործում են շատ ավելի բարդ միջավայրում, բայց իրավական շրջանակը շարունակում է մնալ «ավանդական բարեգործության» տրամաբանության մեջ»,- նշում է Մարտիրոսյանը։
Այս հակասությունն առավել տեսանելի է թվային նվիրատվությունների դեպքում։ Հայաստանում բջջային հաղորդագրությամբ արված նվիրատվությունները դեռ հարկվում են ավելացված արժեքի հարկով։ Մինչդեռ, օրինակ, Մեծ Բրիտանիայում նման նվիրատվությունները ԱԱՀ-ից ազատվել են դեռ 2012 թվականից։
Օրենքի ամենաքննարկվող դրույթներից մեկն էլ 20/80 կանոնն է․ բարեգործական կազմակերպությունը ստացած նվիրատվությունների առավելագույնը 20 տոկոսն իրավունք ունի ծախսել վարչական կարիքների վրա, իսկ մնացածը պետք է ուղղվի ծրագրերին։ Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս սահմանափակումը հաճախ խոչընդոտում է կայուն և պրոֆեսիոնալ թիմ ձևավորելուն։
Ոլորտում առկա է նաև վստահության խնդիր։ Թեև բիզնեսի և ՔՀԿ-ների համագործակցությունը 2006 թվականի 20 %-ից 2020-ին հասել է շուրջ 41 %-ի[2], հասարակության շրջանում անվստահությունը շարունակում է պահպանվել։
Փորձագետի կարծիքով՝ գործող համակարգը ոչ թե արգելում է բարեգործությունը, այլ չի համապատասխանում դրա ժամանակակից ձևերին։ Եվրոպական մի շարք երկրներում կիրառվում է այլ մոտեցում. բարեգործական կարգավիճակը տրվում է ամբողջ կազմակերպությանը, ոչ թե յուրաքանչյուր ծրագրին առանձին, ինչը համակարգը դարձնում է ավելի ճկուն և թափանցիկ։
Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Հայաստանում անհրաժեշտ է վերանայել օրենքը։
«Առաջինը՝ անցում կազմակերպության մակարդակով վստահության/կարգավիճակի մոդելի, ոչ թե միայն ծրագրային ճանաչման։ Երկրորդ՝ վարչական ծախսերի սահմանափակման վերանայում՝ ավելի իրատեսական և ճկուն շրջանակով։ Երրորդ՝ թվային նվիրատվությունների և ֆոնդահայթայթման գործիքների հստակ կարգավորում»,- շեշտում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ սա պետք է լինի համատեղ գործընթաց՝ կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտային հարթակների մասնակցությամբ։
Լուսինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գլխավոր լուսանկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով
[1] https://www.gov.am/am/commission/
[2] Philanthropy in Armenia. Policy research 2022, Figure 4




















































