Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության կորուստը ազգի կորուստ է

Մայիս 05,2010 00:00 Share

Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ կրակի բոցերի մեջ իսկապես այրեցինք մեր օրերի լավագույն հրապարակագրի ու գրողի՝ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գիրքը:

Գի՞րքը ցավից մոխրացավ, թե՞ քաղաքացիական բարձր պատասխանատվության տեր գրողի սիրտը ճաք տվեց այն լուսանկարի առաջ, որն այրվել էր 1962 թվականին Ստամբուլ՝ տուրիստական ճանապարհորդության մեկնած խմբի հետ: Թուրքական թերթերը անդրադարձել էին իրենց մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրացիներին եւ լուսանկարել նրանց: Խմբի առջեւում կանգնած միակ հայը Վարդգես Պետրոսյանն էր եղել եւ նկարից «խնամքով» դուրս էր թողնվել: Այդպիսին էին ժամանակները: Ամեն ինչ՝ խիստ գաղտնի ու արգելված: Հանցագործություն էր կատարվել մի անմեղ ժողովրդի նկատմամբ, եւ մարդիկ ու պետություններ, պատասխանատվությունից խուսափելու համար, փորձում էին այն խեղդել պատմության շերտերում … Եվ ահա՝ «Մշո ճառընտիրը»: Երկու կանանց մեջքով փրկության ափ հասցնող ժողովուրդը գիրք էր այրում, միայն այն բանի համար, որ գրողը շոյելով իր ցավի ձեռքը, փորձ էր արել իր տեսակի միջոցով գազանի մեջ բարության բնազդներ արթնացնել նրան մարդակերությունից փրկելու համար եւ ընդամենը ակնարկել էր մի քանի թուրքերի կողմից մի քանի հայերի Եղեռնից փրկելու մասին… Հիշողության կորուստը ազգի կորուստ է, սերնդին ուժ ներարկող աղբյուրի ցամաք ակ, ժառանգության, մշակույթի քաղաքակրթության կորուստ է: Հայերս մեր ինքնապաշտպանության ծիրից դուրս շատ զգուշորեն ու խնամքով ենք պահում այն եւ չենք ներում մեր ազգային անվտանգությունը վտանգող թշնամուն, ներսի՞, թե՞ դրսի, միեւնույն է:
Եվ պատահական չէ, որ 95 տարի հետո էլ մենք չկարողացանք հաշտվել թուրք բառի հետ եւ մեր տեսակի վայրենուն հաճախ իր վատ արարքներից ետ պահելու համար չմոռացանք ասել՝ քեզ թուրքի պես մի պահիր …
Եվ բնավ էլ պատահական չէր գերմանական «Շպիգել» ամսագրի լրագրողի հարցը մեր հանրապետության նախագահին, թե Հայոց եղեռնից 95 տարի է անցել, ինչո՞ւ է նրա ճանաչումը այդքան կարեւոր: Համոզված եմ, եթե այդ լրագրողի նախնիները Տեր-Զորի գողգոթայով անցնեին, նա երբեք նման հարցադրում չէր անի, անկախ նրանից, թե ինչ էր ուզում իմանալ երկրի ղեկավարից, որը, ի դեպ, չխուսափեց դիպուկ պատասխանից: Օտար լրագրողն ինչ իմանար, որ մենք ամեն օր մեղավոր հայացքով ենք նայում Արարատին, մինչդեռ մեղքի գիտակցումը ուրացողների մեջ է, որոնք փորձ են անում մի դեմքով Եվրամիության աչքին քաղաքակիրթ երեւալ, մյուսով մաքրում ու սրբագրում են սեփական արխիվները սեփական արյունից, եւ պահը չեն կորցնում կեղծ բարեկամության եզրույթից դուրս թռչելու եւ դարավերջին իրենց իսկ ձեռագրով սումգայիթյան եղեռնագործություն իրականացնող եղբայրներին՝ ազերիներին խոստանալու, որ իրենք ցավում են կորցրած Ղարաբաղի համար եւ ամեն ինչ կանեն եղբայրների տարածքային ամբողջությունը վերականգնելու:
Պիտի ասել, որ հուրախություն մեզ, վերջին տարիների հայ մտածողության դիվանագիտությունը փոխեց միջազգային մարտահրավերների պրոֆեսիոնալ գործողության ընթացքը: Ցյուրիխում կայացած հայ-թուրքական սահմանի բացման փաստաթղթերի ստորագրության պահին, Երկիր մոլորակի բոլոր քաղաքական ուժերը մեկ աչք էին դարձել: Որքան էլ այն տարբեր կարծիքների վերլուծության թեմա դառնա, որը շատ բնական է, մենք պիտի կարողանանք սթափ նայել իրողությանը: Առաջին անգամ աշխարհի պատմության մեջ Հայաստանը չէր խնդրում, այլ Հայաստանին էին հորդորում ու համոզում: Փառքդ շատ, Աստված, որ վերջապես աշխարհը կառավարող ուժերը թուրքական պետությանը զսպաշապիկ հագցնելու համար, ողջ աշխարհի խոշոր պետությունների վկայությամբ ապացուցեցին, որ Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ աշխարհի առաջ պատասխանատվություն ունի … Ինչ խոսք, խոշոր տերությունները հենց այնպես չէին վերցրել երկու ոչ բարեկամ պետությունների հովանավորությունը, սակայն մեզ համար դա Ցյուրիխում հավաքված դիվանագետների չխոստովանված խոստովանությունն էր 1915 թվականին իրականացված թուրքական ոճրագործության մասին: Մեզանից ոչ մեկն էլ չէր հավատում առանց նախապայմանի ստորագրությանը, թուրքերն էլ չէին հավատում, այլապես յուրաքանչյուր հայ-թուրքական դիվանագիտական հանդիպումներից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարը չէր շտապի Ադրբեջան՝ մեղա գալու:
Ասում են՝ երրորդ հազարամյակը սկսվել է հայ արիական գարունով: Հայերիս համար նոր ժամանակներ են գալու: Զգայուն միտքը այն կարող է նկատել, կամենալու խնդիր ունենք մեր մեջ յուրաքանչյուրս: Վուդրո Վիլսոնի գերեզմանին ծաղկեպսակներ է դնում առաջին դեմքը, դա նշանակում է՝ դեռ շնչում է Սեւրի դաշնագիրը՝ պետական մակարդակով… Ազգի ներսում եւ դրսում ազգապահպանությունը ոչ թե առանձին անհատների ու կուսակցությունների խնդիր է, այլ մտքի ու գաղափարի շուրջ անշահախնդրորեն համախմբված հայրենակիցների բարձր պատասխանատվություն՝ ժողովրդի եւ պետության առաջ: Թուրքիայի արտաքին ու ներքին պակասությունները, ի վերջո, նրան կստիպեն Հայաստանի բարեկամությունն ակնկալելու: Դա իր խնդիրն է: Իսկ մենք ինքներս մեզ սրբագրելու համարձակություն պիտի ունենանք այս դժվար օրերին, որպեսզի ամեն տիպի ամբիցիաներից հեռու, ազգային համաձայնության դաշն կնքեն թե դաշնակցության հայրենասիրությունն ու հանրապետականների նպատակասլացությունը, թե Հայ ազգային կոնգրեսի իմաստնությունն ու ժողովրդական կուսակցության արդարամտությունը, թե ռամկավարների կառուցողականությունն ու դեմոկրատների հավասարակշռությունը, թե … բոլորին հնարավոր չէ թվել: Մեր ազգային արտաքին քաղաքականության վերելքը պիտի կարողանա իր ուժը պահել մեր ներքին դաշնության հենքի վրա: Ետ վերադարձնենք հոգեւոր մեր ժողովրդի պատմության հոգեւոր խորհրդի բարեկամությունը: Եվ ինչպես առաջարկում էր Մեծն Նժդեհը, վստահենք այն առաջնորդին, որի բերանով խոսում է ինքը՝ հայը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել