Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԶԱՏԱՐԻ ԳՈՐԾՈՎ»

Հուլիս 07,2010 00:00 Share

Նոր հանգամանքներ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում է Սերգեյ Հակոբյանի գործը՝ ընդդեմ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման:
Ինչպես տեղեկացրել էինք «Առավոտի» նախորդ համարում, 2008 թ. մայիսի 7-ին Ս. Հակոբյանի դիմումի հիման վրա ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Ս. Հակոբյանին պատկանող «Իրինա» ՍՊԸ-ի դրամական միջոցներով անցկացված գազատարը Հ. Քոսյանի կողմից քանդելու եւ այն վաճառելու փաստի առթիվ:
Հուլիսի 3-ին քննիչի որոշում է կայացրել կարճել քրեական գործով վարույթը, քանի որ նույն փաստի առթիվ հարուցված եւ հետագայում կարճված քրեական գործով առկա է 2006 թ. նոյեմբերի 7-ի վերոնշյալ չվերացված որոշումը:
2009 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, հիշատակված քրեական գործերի վարույթները կարճելու որոշումները նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վերացվել են, դրանք միացվել են մեկ վարույթում, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: 2009 թ. նոյեմբերի 3-ին քրեական գործը վարույթ է ընդունել ՀԿԳ քննիչ Վ. Մկրտչյանը, որը այս տարվա հունվարի 29-ին դարձյալ որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ Հակոբ Քոսյանի եւ մյուսների արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ս. Հակոբյանը փետրվարի 6-ին Հ. Մկրտչյանի որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ավագ դատախազ Հ. Հարությունյանը մերժել է բողոքը: Փետրվարի 23-ին Ս. Հակոբյանը բողոք է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ՀԿԳ քննիչ Վ. Մկրտչյանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ, սակայն դատարանը Ս. Հակոբյանի բողոքը մերժել է:
Ս. Հակոբյանը գտնում է, որ դատարանը խախտել է ՀՀ քրդատօրի 127 հոդվածի պահանջը եւ անտեսել է այնպիսի փաստեր, որոնք ուղղակի կերպով ապացուցում են Հ. Քոսյանի արարքներում հանցակազմի առկայությունը, ե՛ւ նախաքննության մարմինը, ե՛ւ դատարանը անտեսել են գործում եղած հակասությունները: Հ. Քոսյանը իր ցուցմունքում պարզաբանել է, որ «ՀՀԿ» ՍՊԸ-ից գազատարի կառուցման համար նյութեր է ձեռք բերել, իսկ հետագայում իր կողմից ապամոնտաժված գազատարը վաճառել է «Վիկ-Վեն» ՍՊԸ-ին, իսկ գործով ապացուցվել է, որ նշված գործարքների վերաբերյալ Հ. Քոսյանի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերը կեղծ են, բայց դա չի խանգարել, որ դատարանը նրա ցուցմունքները դիտարկի որպես արժանահավատ: Այսինքն՝ դատարանը տվել է ակնհայտ ոչ օբյեկտիվ գնահատական: Դատարանը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ չեն կարողացել «կողմնորոշվել»՝ հաշիվ-ապրանքագրերը վիճելի՞ են, թե՞ կեղծ, այն դեպքում՝ երբ «ՀՀԿ» եւ «Վիկ-Վեն» ՍՊԸ-ների տնօրենն է հանդիսացել Նիկոլայ Սեպխանյանը, որը, համաձայն ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի գրության, զբաղվել է անապրանք փաստաթղթերի վաճառքով, ինչի վերաբերյալ գլխավոր դատախազությունում քննվել է քրեական գործ: Ի դեպ, դատարանը անտեսել էր նաեւ այն հանգամանքը, որ քրեական գործի վարույթը կարճելու որոշմամբ արդեն իսկ հաստատվել էր, որ փաստաթղթերում «պատվիրատու» բառի դիմաց առկա ստորագրությունները չեն պատկանում  Ս. Հակոբյանին, սակայն «Իրինա» ՍՊԸ դրոշմները թողնվել են «Իրինա» ՍՊԸ-ի կլոր կնիքով: Դատարանը պատշաճ գնահատական չի տվել գործում առկա իրարամերժ ցուցմունքներին, որով հաստատվում է, որ 2003 թ. հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 11-ը կնիքը չի գտնվել Ս. Հակոբյանի մոտ:
Դատարանը, ըստ Ս. Հակոբյանի, արհամարհել եւ ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ գործի կարճման որոշման մեջ նշված է. «…փորձաքննություն է կատարվել, համեմատվել են Երեւանի ԳԳՄ-ում առկա եւ Հ. Քոսյանի կողմից դատարանին ներկայացրած գազատարի տեխնիկական փաստաթղթերը, եւ փորձագետի եզրակացության համաձայն՝ նշված երկու փաստաթղթերն իրարից տարբերվում են, բացի այդ, ստորագրված չեն Ս. Հակոբյանի կողմից»: Այսինքն՝ ապացուցվել է, որ Ս. Հակոբյանի ստորագրությունները կեղծվել են, սակայն կեղծիք կատարած անձանց ինքնությունը չի պարզվել: Բացի այդ, անտեսվել են սույն քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքում որպես հաստատված փաստեր ներկայացված հանգամանքները: Ս. Հակոբյանը գտնում է, որ նոր երեւան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու որոշումը մերժելու հետեւանքով վերաքննիչ դատարանը նախաքննական մարմնին զրկել է քննություն կատարելու եւ պարզելու, թե ինչ հանգամանքներում են Երեւանի ԳԳՄ-ի կատարողական-տեխնիկական փաստաթղթերի կեղծ պատճենները հայտնվել Հ. Քոսյանի մոտ, որոնք նա ներկայացրել է դատարան, ում կողմից, երբ եւ ինչ հանգամանքներում են դրանք կեղծվել, ինչ նպատակով, Հ. Քոսյանի եւ Ս. Հակոբյանի առերես հարցաքննության ձայնագրությունների 8 ձայներիզներից 3-ում ինչու են բացակայում ձայնագրությունները: Իհարկե, ՀՀ գլխավոր դատախազի կողմից շարադրված փաստերը նշվել են՝ հետագայում այդ ուղղությամբ քննություն կատարելու համար, սակայն ինչպես արդեն նշվեց, դրանք նախաքննության կողմից անտեսվել են եւ նշված փաստերից ոչ մեկի ուղղությամբ քննություն չի կատարվել:
Ս. Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նաեւ, որ իր բողոքը 10-օրյա ժամկետում քննարկելու փոխարեն, խախտելով օրենքը, այն քննվել եւ որոշում է կայացվել 27 օր անց, իսկ բողոքը մերժելու որոշում կայացնելիս որպես հիմնավորում նշել է, թե բաց է թողնվել ՀՀ քրդատօրի 263-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետը, մինչդեռ բողոքը բերվել է Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում. գործը կարճելու մասին ծանուցվել է փետրվարի 3-ին, իսկ բողոքը Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է բերվել 20 օր հետո:
Այս գործով վերաքննիչ դատարանում արդեն 3 դատական նիստ է հրավիրվել, ներկայացվել են 100-ից ավելի փաստաթղթեր: Ս. Հակոբյանը չի հուսահատվում, համոզված է, որ մանրամասն քննության կառնվեն նշված փաստերը եւ կբեկանվի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բողոքը մերժելու մասին որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել