Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

Վերջին շրջանում մոտ մեկ տասնյակ քրեական գործեր հարուցվել են կեղծ սնանկության դեպքերի առթիվ: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերից պարզ է դառնում, որ կեղծ սնանկությունը բավական տարածված երեւույթ է եւ
միջոց՝ հարկերից խուսափելու համար:

Կեղծ սնանկություն՝
կեղծ փաստաթղթերով

Առանձին դեպքերում հարկերից խուսափելու եւ կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծելու հարցում ընկերություններին օգնում են նաեւ անվճարունակության գործերով կառավարիչները:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մալիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրենի եւ «Մոկոնաթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրենի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Մալիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Ա. Ասատրյանը միաժամանակ հանդիսացել է նաեւ «Մոկոնաթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրենը: «Մալիկա» ՍՊ ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն օրենքով սահմանված կարգով իրացնելու եւ դրանից առաջացած հարկերը պետբյուջե վճարելու փոխարեն, նա 2007թ. հուվարի 3-ին մեկ հաշիվ-ապրանքագրով նշված ՍՊ ընկերության 332 851 700 դրամի ապրանքային մնացորդը վաճառել է «Մոկոնաթ» ՍՊ ընկերությանը: Իսկ «Մալիկա» ՍՊ ընկերության համար առաջացած 65 303 100 դրամ հարկային պարտավորությունը պետական բյուջե չվճարելու նպատակով կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ: Մասնավորապես՝ արհեստականորեն ավելացնելով «Մալիկա» ՍՊ ընկերության պարտքը, ընկերության փոխտնօրենի հետ նախնական համաձայնության գալով՝ 2006թ. դեկտեմբերի 31-ի ամսաթվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ իբր «Մալիկա» ՍՊ ընկերությունը իրեն՝ տնօրեն Ա. Ասատրյանին պարտք է 20.644.090 դրամ, ճիշտ այնքան, որքան իբր Ա. Ասատրյանը պարտք է եղել իր ընկերոջը՝ Դ. Անանյանին: Այնուհետեւ կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծումը քողարկելու, պարտատիրոջը՝ պետությանը, պարտքը չվճարելու նպատակով Ա. Ասատրյանը, Դ. Անանյանի հետ նախնական համաձայնության գալով, 2007թ. հունվարի 4-ի ամսաթվով կազմել է պահանջի իրավունքը զիջելու կեղծ պայմանագիր՝ նրան իր ունեցած 20 644 090 դրամ պարտքը «Մալիկա» ՍՊ ընկերությանը փոխանցելու վերաբերյալ (ցեսիա): Հետագայում ակնհայտ կեղծ փաստաթղթերն օգտագործելով՝ դիմել են ՀՀ տնտեսական դատարան՝ «Մալիկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու խնդրանքով: ՀՀ տնտեսական դատարանի դատավճռով հիշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել: Արդյունքում՝ պարտատիրոջը՝ պետությանը, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Բացի այդ՝ «Մալիկա» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչը, սնանկության գործընթացի ընթացքում ունենալով ընկերության հաշվապահական փաստաթղթերի կորստի վերաբերյալ հակասական տեղեկություններ, պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություններում չի անդրադարձել սնանկության պատճառներին, կանխամտածված սնանկության հատկանիշներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ եւ 325-րդ հոդվածների 2-րդ մասերի, 38-193-րդ եւ 193-րդ հոդվածներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու:

Կառավարիչը
լիազորությունները
չարաշահել է

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ալյումին» ՍՊ ընկերության՝ անվճարունակության գործով կառավարչի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ տնտեսական դատարանի վճռով «Ալյումին» ՍՊ ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նույն դատարանի որոշմամբ հիշյալ ՍՊ ընկերության անվճարունակության գործով կառավարիչ է նշանակվել Է. Համբարյանը, ով միջոցներ չի ձեռնարկել՝ ընկերությանը սեփականաշնորհված Երեւանի Գ. Զոհրապի 124 ա հասցեի 2.9 հա հողամասն ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցելու, գույքագրման ակտում ներառելու, հետագայում այն նույնպես գնահատման ներկայացնելու եւ օտարելու համար: Արդյունքում՝ ընկերության գույքն ակնհայտ ցածր գնով օտարելու հետեւանքով պարտատերերին՝ պետությանը, 2 ՓԲ ընկերությունների եւ 3 ֆիզիկական անձանց պատճառվել է 111853267 դրամի վնաս: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու:

Կանխամտածված
սնանկություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը՝ պարզվել է, որ 2005թ. փետրվարից ՀՀ տնտեսական դատարանում քննվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ընդդեմ «Գեմոս» ՍՊ ընկերության տնօրեն Ֆ. Գալստյանի՝ 206,6 մլն դրամ բռնագանձելու պահանջի մասին հայցը: Դատարանի՝ 2006թ. մայիսի 17-ի վճռով ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունը կազմել է 184.701.600 դրամ: Ֆ. Գալստյանը, կանխատեսելով դատարանի կողմից ընկերության նկատմամբ հարկային պարտավորություններ սահմանելու հանգամանքը, որդու՝ Վ. Գալստյանի հետ, ով հանդիսացել է «Սալուտիֆեր» ՍՊ ընկերության բաժնետեր եւ տնօրեն, ինչպես նաեւ «Գեմոս» ՍՊ ընկերության մասնակից, նախնական համաձայնությամբ օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Մասնավորապես, կազմել է «Սալուտիֆեր» եւ «Գեմոս» ՍՊ ընկերությունների միջեւ առքուվաճառքի կեղծ պայմանագիր, համաձայն որի՝ ակնհայտ չհիմնավորված գնով՝ 100000 դրամով, «Սալուտիֆեր» ՍՊԸ-ին են օտարվել ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունից 27645000 դրամով ձեռք բերած, «Գեմոս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող 2697.9 քմ մակերեսով շենք-շինություններ: Վ. Գալստյանի օժանդակությամբ կանխամտածված ավելացվել են ՍՊ ընկերության սնանկության հատկանիշները՝ պետությանը պատճառելով 27 545 000 դրամի խոշոր վնաս: Իսկ «Գեմոս» ՍՊ ընկերության՝ սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանը, տեղյակ լինելով վերը նշված առուվաճառքի գործարքի մասին, ՀՀ տնտեսական դատարանի վճռով «Գեմոս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո 1 տարվա ընթացքում չի դիմել դատարան՝ նախորդող 3 տարիների ընթացքում պարտապանի՝ «Գեմոս» ՍՊ ընկերության համար ակնհայտորեն անշահավետ եւ ընկերության ակտիվներն էականորեն նվազեցրած առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել