Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական PR քա՞յլ

Նոյեմբեր 18,2010 00:00

Թե՞ արդյունավետ կադրային քաղաքականությանն ուղղված անկեղծ ջանք

Վերջերս ՀՀ վարչապետի կողմից մի քանի նախարարների ուղղված դիտողությունները հետաքրքիր էին այնքանով, որ դրանք նախ կարող են դիտվել որպես ՀՀ կառավարության աշխատանքի արդյունավետության օբյեկտիվ գնահատական՝ այդ իսկ կառավարության ղեկավարի կողմից, ապա նաեւ այդ գնահատականները, եթե դրանք ձեւական բնույթ չեն կրում, կարող են հիմք հանդիսանալ նոր որակական գործընթացների՝ ՀՀ-ում գործադիր իշխանության կազմակերպման եւ կադրային քաղաքականության առումով:
Այս քայլը կարելի է արձանագրել որպես ՀՀ իշխանությունների որակական աճ: Նախկինում նրանք պարզապես խուսափում էին ընդունել նույնիսկ ակնհայտ թերությունները եւ բացահայտորեն խոսել դրանց մասին: Դրանով իսկ նրանք կորցնում էին իրավիճակը շտկելու հնարավորություններն ու լծակները: Ներկայիս կառավարությունը համարձակություն է դրսեւորում զբաղվել ինքնաքննադատությամբ, չնայած որ նմանատիպ անկեղծության համար ՕԵԿ-ն տարիներ առաջ վտարվեց իշխանական կոալիցիայից եւ հայտնվեց «ռադիկալ ընդդիմության» դիրքերում: Հնարավոր է, որ մեր վարչապետի վերջերս դրսեւորած անկեղծությունը բխում է տվյալ ոլորտների ճչացող թերություններն այլեւս թաքցնելու անհնարինությունից, սակայն չենք ուզում բացառել նաեւ երկրի հասարակական-տնտեսական կյանքում արդյունավետ դրական գործընթացներ ապահովելու նրա անկեղծ ցանկությունը:
Ինչպիսին էլ լինեն նշված գնահատականների պատճառներն ու մղումները, դրանցից հետո արագ եւ շոշափելի արդյունքներով որակական գործընթացներ չապահովելու դեպքում շատ ի քչե քաղաքակիրթ քաղաքական համակարգի պայմաններում այս կառավարությունը ստիպված կլինի հրաժարական տալ: Այլ հարց է, թե Հայաստանի քաղաքական համակարգը որքանո՞վ է մոտ քաղաքակրթության չափանիշներին: Կարծում եմ, որ շոշափելի արդյունքներ խոստացող փոփոխություններ չիրականացնելու դեպքում կառավարության հրաժարականի խնդիրն առավել ցցուն կդառնա գալիք փետրվարին, ետամանորի տնտեսական ցնցումներից հետո, երբ տնտեսական կյանքն առավել դանդաղում է, դժգոհությունը՝ մեծանում:
Արդեն հայտարարվել է առողջապահության նախարարության երկու փոխնախարարների եւ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի որոշ վարչության պետերի պաշտոնանկության մասին: Կարծում եմ, որ ինստիտուցիոնալ կայացածության այնպիսի ցածր մակարդակի պայմաններում, ինչպիսին առկա է ՀՀ իշխանական համակարգում, կադրային հիմնավորված քաղաքականությունն իսկապես կարող է հանդիսանալ այն եզակի գործիքներից մեկը, որի հմուտ եւ արդարացված գործածումը հնարավորություն կտա պրոգրեսիվ գործընթացներ կայացնել ամենատարբեր բնագավառներում: Մինչդեռ չհիմնավորված եւ արժանիքների վրա չհիմնված կադրային քաղաքականության պայմաններում, երբ իշխանությունը համալրվում է ի դեմս ոչ կոմպետենտ եւ համապատասխան արժեքներ չկրող մարդկանցով, լավագույն գաղափարները չեն գտնում իրենց իրագործողներին եւ վերածվում են մտավոր թափոնի:
Եթե այս հարցին նայենք մեզանում արդեն հաստատված իրողությունների տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ մեր անկախության երկար տարիների փորձով ապացուցված է, որ մի ապաշնորհ պաշտոնյային մյուսով փոխարինելու դեպքում գոհացուցիչ կամ գոնե բավարար արդյունքներ ակնկալելն անիմաստ է:
Հայաստանում կադրային քաղաքականության միջոցով իսկապես դրական արդյունքների հասնելու համար հարկավոր է փոխել կադրային քաղաքականության փիլիսոփայությունը թե՛ քաղաքացիական ծառայության համակարգում, թե՛ պետական կառավարման ավելի բարձր մակարդակներում: Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում աշխատաշուկայում առավել մրցունակ պետք է լինեն ոչ թե այն մասնագետները, ովքեր զանազան դիպլոմներ ու թղթեր են ձեռք բերել տարբեր ճանապարհներով (մեր կրթական համակարգի մատչելիությանն ու որակին կանդրադառնանք մեկ այլ առիթով), այլ նրանք՝ ովքեր լավագույնս կարող են կատարել տվյալ աշխատանքը՝ անկախ իրենց ունեցած փաստաթղթերից: Սակայն պետական կառավարման համակարգում հաճախ աշխատանքի են անցնում ոչ լավագույն մասնագետները եւ սրա արդյունքը քաղում է ՀՀ յուրաքանչյուր բնակիչ՝ իր ամենօրյա գործունեության ընթացքում:
Երկրում վարվող կադրային քաղաքականության բարելավման հետ կապված վերջերս մի ծրագիր է ներկայացվել ՀՀ նախագահի աշխատակազմին, որով առաջարկվում է ՌԴ օրինակով ՀՀ նախագահին կից ստեղծել «Հեռանկարային կադրերի բանկ»: Այնտեղ ընդգրկված կլինեն ամենատարբեր ոլորտներում աչքի ընկած եւ իրենց կառավարչական հմտություններով, նորարարական գաղափարներով, արժեքային համակարգով առանձնացող երիտասարդ պրոֆեսիոնալներ: Այն հնարավորություն կտա հանրապետության բարձրագույն ղեկավարներին վարել քաղաքական կապանքներից զերծ եւ մասնագիտական ու անձնական արժանիքներով արդարացված կադրային քաղաքականություն: Ցանկալի կլիներ, որ ՀՀ վարչապետը նույնպես ուշադրություն դարձներ այս գործընթացին եւ աջակցեր դրա կայացմանը:
Մի դիտարկում եմ ցանկանում ներկայացնել նաեւ ներկայիս կադրային փոփոխությունների հետ կապված: Հայաստանի «քաղաքական» իրականության մեջ հատկանշական են այն դեպքերը, երբ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխության դեպքում վերադասները, որպես կանոն, մեծ գոհունակություն են հայտնում նախորդի աշխատանքից, հույս հայտնում, որ նրա ներուժը դեռեւս օգտակար կլինի պետականաշինության գործում եւ հայտարարում, որ նրան փոխարինող պաշտոնյան որեւէ փոփոխություն չի անելու տվյալ կառույցի գերակայություններում եւ շարունակելու է իրականացնել իր նախորդի ձեռնարկած բոլոր ծրագրերը: Համաձայնենք, որ սա դուրս է որեւէ առողջ տրամաբանության սահմաններից: Կարծում եմ, առավել տրամաբանական կլիներ, եթե նորանշանակ պաշտոնյան առավել արդյունավետ ու ստեղծագործ մոտեցում, կամ զարգացման սեփական տեսլական ունենար տվյալ ոլորտի վերաբերյալ: Եթե վերջինս հանրությանը ներկայացներ ոլորտի կարեւոր հարցերին իր մոտեցումները եւ այն կոնկրետ խնդիրները, որոնց լուծմանը հիմնականում պետք է ուղղված լինեն իր ջանքերը՝ որպես պաշտոնյա, ապա դրանով առնվազն առավել համոզիչ կդառնար տվյալ կադրային փոփոխությունը հանրային ընկալման իմաստով, ինչը կարող էր նպաստել նաեւ իշխանության թափանցիկության, հաշվետվողականության մակարդակի, հետեւաբար նաեւ՝ նրա նկատմամբ վստահության աճին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել