Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԼԻՆԵԼ ԱՅԴՔԱՆ ԱՆԱՂՈՒՀԱՑ

Փետրվար 02,2011 00:00 Share

\"\"ՀԱԿ-ին հեռակա հարց է ուղղում «Ժառանգություն»  կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը

– ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մամուլում նկատել է, թե Ձեր ասուլիսներում ոչ թե իշխանություններին, այլ ՀԱԿ-ին եք անընդմեջ քննադատում: Կանխատեսելի էր, չէ՞, որ ՀԱԿ-ի հասցեին Ձեր բազմիցս հնչեցրած քննադատությունը, մասնավորապես, թե հանդես են գալիս նույնպիսի տոտալիտար մոտեցումներով, ինչ կոալիցիան՝ ի վերջո արժանանալու էր ՀԱԿ-ի գործիչների հակազդեցությանը:

– ՀԱԿ-ը, իմ կարծիքով, այսօր դարձել է քաղաքական դաշտի հիմնական սպառողը, այսինքն՝ «սնունդ», «արտադրանք» տալու փոխարեն՝ միայն սպառում է: Գրեթե չի անում գործնական քայլեր, եւ հիմնական գործը կողքից նայելն է, թե ով ինչ է ասում, եւ ասածները յուրովի մեկնաբանելը: Ըստ էության, սա քաղաքական պարազիտիզմի դասական դրսեւորում է;

Այո, թե՛ իմ հարցազրույցներում, թե՛ հոդվածներում միշտ փորձել եմ ներկայացնել, որ այսօրվա իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության իսկական հոգեզավակն է եւ ճիշտ ժառանգորդը: Եվ եթե իսկապես ուզում ենք հասկանալ ամբողջական ճշմարտությունը, թե ինչու է պետությունն այս վիճակում՝ պետք է հասկանալ, թե որտեղից են սկսվել այս արատներն ու սխալները ու ինչ պետք է անել, որ վերացնենք դրանք: Դրա համար պետք է դիտել հիմքից: Չէի ցանկանա նորից անդրադառնալ, քանի որ այսպես թե այնպես՝ ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում է, բայց եթե կան մարդիկ, ովքեր չեն ուզում հասկանալ ասածս՝ ստիպված եմ կրկին ասել, թե ինչու է այս իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, եւ ինչու է իմ քննադատությունը հավասարապես վերաբերում ե՛ւ ՀԱԿ-ին, ե՛ւ իշխանությանը:

Կրկնում եմ՝ մեր պետության գլխավոր չարիքն է, որ իշխանությունը որդեգրել է ընտրությունները կեղծելու միջոցով վերարտադրվելու ավանդույթը, որը սկիզբ առավ 1995-1996 թվականներից: Ներկա իշխանությունը կարողացավ լավագույնս շարունակել այդ ավանդույթները: Եվ եթե 1995-1996-ին դեռ նոր-նոր էին սովորում կրակել ժողովրդի վրա՝ 2008-ին արդեն այդ սկսնակները դարձան դիպուկահարներ եւ ուղղակի գնդակահարեցին մարդկանց, ովքեր դուրս էին եկել պաշտպանելու իրենց իրավունքները:

Ասել եմ, որ իշխանության ներկայացուցիչները իրենց ձեռքն են վերցրել հանրապետության ֆինանսատնտեսական ամբողջ շրջանառությունը: Կրկնում եմ, որ Տեր-Պետրոսյանի օրոք խայտառակ սեփականաշնորհումից հետո սկսեց ձեւավորվել կլանային համակարգը, տնտեսությունը բաժանվեց այդ կլանի եւ բարձրագույն իշխանության մերձավորների միջեւ: Եվ այսօր նույն ավանդույթն ավելի զարգացած ձեւերով լավագույնս իրականացնում է Սերժ Սարգսյանի թիմը: Կամ՝ կադրային քաղաքականությունը. հիշում եք հայտնի արտահայտությունը, թե պոլի փետ էլ լինի, միայն ՀՀՇ-ից լինի: Իսկ այսօր էլ իշխանությունն ասում է՝ թող կոալիցիոն քվոտայով լինի՝ կապ չունի, թե իրազեկ կլինի կամ ոչ: Ասել ու կրկնում եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալների ինստիտուտը ձեւավորվեց ՀՀՇ-ի իշխանության օրոք: Հիշեցնեմ՝ 1996-ի նախագահական ընտրությունները կեղծելու դեմ պայքարելու համար ԱԺ 4 պատգամավորներ խեղանդամված «հայտնվել» էինք ՊԱԿ-ի նկուղներում: Այդ պահին երեւի իրենց մտքով չէր անցնում, որ այդ նկուղներում մենախցեր են ապահովում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների համար: Այսինքն, մի օրգանական միասնություն են՝ նախկին եւ ներկա իշխանությունները, եւ եթե ուզում ենք ճիշտ գնահատել երեւույթը՝ պետք է այն դիտարկենք մի ամբողջության մեջ:

– Հարցին, թե այս պահին տեսնո՞ւմ է «Ժառանգությանը» որպես քաղաքական դաշնակից՝ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել էր. «Դուք տեսե՞լ եք, որ մեր ու «Ժառանգության» նպատակները համընկնեն: Մենք մեր ծրագրերն ունենք, պահանջում ենք արտահերթ ընտրություններ»: Իսկ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ նշել էր, թե «Ժառանգությունը» չի պահանջում արտահերթ ընտրություններ: Ձեր մեկնաբանությունը:

– Սա պարզագույն խեղաթյուրում է: Թե՛ «Ժառանգությունը», թե՛ ես տասնյակ անգամներ ենք ասել, որ պետության այս գահավիժումը կանխելու միակ ճանապարհն արտահերթ ընտրություններ կազմակերպելն է, որոնք պետք է լինեն ազատ եւ արդար: Եվ որեւէ անգամ չի եղել այլ մոտեցում՝ բացի սրանից: Բայց արտահերթ ընտրությունները հենց այնպես ասելով եւ ժողովրդի էմոցիաները գողանալով չեն լինում, ինչով այսօր զբաղված է ՀԱԿ-ը: Նրա համար կարծես փրկօղակ է քաղբանտարկյալների հարցը: Եվ դա հիմնական թեման է, որով ուզում են ցույց տալ, թե իրենք կան քաղաքական դաշտում:

– Բայց ՀԱԿ-ն իր դիրքորոշումն է հայտնում Հայաստանում կատարվող գրեթե բոլոր առանցքային իրադարձությունների կապակցությամբ:

– Սակայն ուղղակի դեկլարատիվ հայտարարություններից ի՞նչ օգուտ: Գո՛րծ պետք է արվի: Քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով Զարուհի Փոստանջյանը միայնակ ավելի շատ բան է արել եւ անում, քան ողջ ՀԱԿ-ն անցած 3 տարիների ընթացքում:

– «Ժառանգությունը» ներկայացված է ԵԽԽՎ-ում, իսկ ՀԱԿ-ը՝ ոչ:

– Այստեղ էլ հենց երեւում է իրենց անաղուհաց լինելը «Ժառանգության» նկատմամբ: 2008-ի մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե չի կարող տնից դուրս գալ, եւ Արմեն Մարտիրոսյանն էր դանակահարվում՝ կանգնելով ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: «Ժառանգության» ողջ խմբակցությունն էր կանգնած այնտեղ:

– Չեմ կարծում, թե «Ժառանգության» պատգամավորները դա անում էին շնորհակալության արժանանալու համար:

– Այո: Բայց մյուս կողմից՝ կան տարրական բարոյական նորմեր: Քաղաքականությունն, ասում են, բարոյականության հետ ինչ-որ խնդիրներ ունի, բայց պետք չէ դրանից օգտվել ու առաջնորդվել միայն այդ կերպ: 2008-ից հետո եւ հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այն լուտանքներն ու կոլաժները, որոնք իրենց մամուլում հրապարակվում էին «Ժառանգության» հասցեին՝ իսկապես եղկելի էին ու միայն հարց էին առաջացնում՝ ինչպե՞ս կարող է այդքան անաղուհաց լինել քաղաքական ուժը:

Եվ ընդհանրապես՝ տեսնենք, թե գործնականում ինչ ասել է ՀԱԿ. այն Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ Գագիկ Ջհանգիրյանով, ՀՀՇ-ով եւ եվրաժպիտ մի քանի երիտասարդներով, որոնք ընդգծված վիրավորական բառամթերքով են արտահայտվում քաղաքական ուժերի եւ գործիչների հասցեին:

– ՀԱԿ-ը նաեւ ՀԺԿ-ն է, «Հանրապետություն» կուսակցությունը եւ այլն:

– Իմ ասածը չի վերաբերում նրանց: Վստահ եմ, որ եթե նրանք ՀԱԿ-ից դուրս լինեին՝ շատ ավելի արդյունավետ կգործեին եւ օգտակար կլինեին քաղաքական դաշտին: Բայց թող բացեն այժմ ՀԱԿ-ի համակիր թերթերի 2003-2004-ի համարները եւ հիշեն, թե ինչ սարկազմով ու ծաղրանկարներով էին ներկայացնում Ստեփան Դեմիրճյանին: Ո՜նց թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գոյության պարագայում ուրիշ մեկը համարձակվել էր առաջադրվել թեկնածու:

– Այսպիսի փոխադարձ կշտամբանքները որքանո՞վ են նպաստում ընդդիմության համախմբմանը: Թեեւ երբ Արմեն Մարտիրոսյանը նկատել էր, որ ընդդիմությունը համախմբված չէ՝ ՀԱԿ-ի մի գործիչ ողջունեց նրա ինքնաքննադատությունը, իսկ մյուսը նկատեց. «Համախմբման խնդիր ո՛չ ժամանակն է դրել, ո՛չ էլ ժողովուրդը»: Գուցե իրոք չկա՞ նման խնդիր:

– Հակառակը՝ գտնում եմ, որ պետք է գործել համախմբված: Այսօր առկա է համագործակցության մեծ դաշտ՝ «Ընտրական օրենսգիրք», կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական ծանր վիճակ եւ այլն: Ուղղակի համագործակցության հիմնական խոչընդոտողն, ինձ թվում է, ՀԱԿ-ն է՝ իր կեցվածքով: Նարցիսիզմով բարդույթավորված՝ իրենց են համարում միակ ընդդիմությունը եւ համագործակցությունն էլ միայն այսպես են հասկանում, թե պետք է գործել ՀԱԿ-ի ենթակայության ներքո, անառարկելիորեն ընդունել ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի առաջնորդությունը: Եվ եթե որեւէ ուժ չի ընդունում այս մոտեցումը՝ ուրեմն, ընդդիմություն չէ:

Վերջում հատկապես ՀԱԿ-ի երիտասարդներին խորհուրդ կտամ՝ կարողանալ ամբողջության մեջ ընկալել ասելիքը եւ հետո մեկնաբանել: Ճշմարտությունը պետք է ամբողջական լինի, եւ այն չի սկսվում միայն 1998 թվականից;

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել