Լրահոս
Օրվա լրահոսը

Կրպակների անորոշ ճակատագիրը

Փետրվար 02,2011 00:00 Share

Կապանի քաղաքապետարանը ծրագիր է մշակել, կրպակատերերը գումարներ են ծախսել, կառավարությունը, սակայն, երկար է մտածում:

\"\" \"\"

Խոսքը Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու, Կապանի կենտրոնական հատվածով անցնող ճանապարհահատվածի, Ողջի գետի ափերին գտնվող մոտ 40 կրպակների մասին է: Տասնյակ տարիներ Կապանի մի շարք բնակիչներ միջպետական ճանապարհի այս հատվածում տեղակայված իրենց կրպակներում առեւտուր կազմակերպելով՝ իրենց ապրուստն են հոգացել: Այսօր էլ կրպակները գործում են, գնալով դրանց թիվն ավելանում է: Սակայն կրպակատերերը ներկայումս մի խնդրի են բախվել: Կողք կողքի, իրար կպած, սակայն տարբեր նյութերով, գույներով, տարբեր տեսքերով եւ չափերով կրպակները ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքն են խաթարում, աղտոտում Ողջի գետը, այլեւ օգտագործելով կրպակների դիմացի մայթը՝ անհարմարություններ են ստեղծում անցորդների համար: Կրպակատերերից շատերն ասում են, որ իրենց սրտով էլ չի նման նեղ ու անհարմար պայմաններում աշխատելը: Նախկին քաղաքապետի ժամանակ նրանցից շատերը քաղաքապետարանի հետ պայմանագրեր են կնքել, որպեսզի իրենց հաշվին նույն տեղում կառուցեն նոր, ավելի գեղեցիկ, պատշաճ ու հարմար պայմաններով միանման կրպակներ: Սակայն կնքված պայմանագրերն ու նախագծային աշխատանքների համար կրպակատերերի ծախսած գումարներն այդպես էլ օդում են մնացել, որովհետեւ ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության մասին որոշումով կասեցվել են Մ1-Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պատմական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողհատկացման գործընթացները: Այսպես արգելվել է նաեւ Կապանի կենտրոնում, գետի վրա կախված կրպակների փոխարեն նորերի կառուցման ծրագիրը:

Տիկին Կարինեն արդեն 10 տարուց ավելի այստեղ գրենական պիտույքներ է վաճառում, կրպակը փոքր է եւ վաճառվող ապրանքը ստիպված դրսում՝ մայթի վրայի սեղանիկի վրա է տեղադրել եւ ինքն էլ ողջ օրը դրսում է լինում: «Նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի օրոք՝ մոտ 3 տարի առաջ պայմանագիր ենք կնքել 25 տարով, բացի դա էլ 5 կրպակների տերերով քաղաքապետարանի համաձայնությամբ պետք է նոր կրպակներ կառուցեինք՝ հարմարավետ պայմաններով: 2 միլիոն դրամ վարկ եմ վերցրել դրա համար, պիտի մեր հաշվին անեինք, բայց տեսա կրպակ չեն կառուցում, էդ փողը նորից առեւտրի մեջ դրեցի: Հիմա էդ վարկից չեմ պրծնում: Բացի դա, շինության նախագծահաշվարկային աշխատանքների համար 130 հազար դրամ գումար են վերցրել մեզնից, բայց ամեն ինչ օդում մնաց: Հիմա նորից եթե սկսեն էդ աշխատանքներն անել, ես նորից պիտի վճարեմ: Բայց ասում են՝ չեն թույլատրում գետի վրա շինություն կառուցեն, կողքին եվրոչափանիշներով համապատասխանը թողել են սարքեն՝ մեզ չեն թողնում: Հիմա սպասում ենք, ամեն տարի էս խոսակցությունները գնում են, մեզ համար լավ կլինի, եթե նորմալ սարքեն, էլ դրսում չենք կանգնի, ձմեռը համ ցուրտ է, համ էլ ապրանքս փչանում է, գնացող-եկողը ձեռք է տալիս: Իսկ եթե հարմարավետ պայմաններով կառուցեն ներսում՝ հարմար կնստենք»,- ասում է տիկին Կարինեն:

Սուսաննա Պետրոսյանը ծաղկի խանութ-կրպակ եւ տարածքի համար 25 տարվա պայմանագիր ունի քաղաքապետարանի հետ: Զրույցի օրը ժամը 13:00-ին մոտ ոչ մի ծաղիկ չէր վաճառել, գոհ չէ առեւտրից: Ասաց, որ ամսական մեծ եկամուտ չի ստանում, բայց այս պայմաններում եղածն էլ օգնություն է կողքից: Տիկին Սուսաննան դեմ չէ, որ նոր կրպակ կառուցվի իր հին կրպակի տեղը, վարկ պետք է վերցնի, որ շինարարությունը անեն: Ասում է՝ նորի դեպքում հարմարություններ կլինեն, ծաղկից բացի, այլ բաներ էլ կցուցադրի ու վաճառի, ստացած եկամուտն էլ այսօրվանից լավ կլինի:

Խնդրի վերաբերյալ Կապանի քաղաքապետարանի տրամադրած պարզաբանումից պարզ դարձավ, որ քաղաքապետարանում որեւէ հստակ պատասխան չունեն կրպակատերերի համար: Կրպակների ճակատագիրը կախված է Հյուսիս-Հարավ միջպետական մայրուղու շինարարության ծրագրից:

«Կապված Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման քարտեզագրման աշխատանքների հետ՝ Կադաստրի պետական կոմիտեն դադարեցրել է ճանապարհի վրա բոլոր տեսակի շինարարության գրանցումները: Հիմա մենք ինչ-որ ուզում ենք անենք՝ չի թույլատրվում: Կանգնել ենք փակուղու առջեւ, պայմանագրերը կան, կրպակների տերերի մոտ 90 տոկոսը համաձայն է, որ վերափոխեն դրանք, կառուցվեն միանման, բոլոր հարմարություններով ու չափանիշներով շինություններ, որի դեպքում ապահովված կլինեն փողոցի լուսավորությունը, ջրահեռացումն ու սանիտարական բոլոր պայմանները: Այժմ կրպակները աղտոտում են Ողջի գետը, օգտագործում են մայթը: Նոր ծրագրով մայթն ամբողջությամբ ազատ կլինի, կրպակները հետ են քաշվելու եւ գետի վրա են կառուցվելու: Մրցույթը հայտարարված է, շինարարական կազմակերպությունը պատրաստ է շինարարությունը սկսել, գումարները հաշված են՝ յուրաքանչյուր կրպակի համար մոտ 2,4 միլիոն դրամ եւ համաձայնեցված են կրպակատերերի հետ: 36 հոգի հերթագրված են եւ իրենց գրավոր համաձայնությունը տվել են: Հարցը քննարկել ենք նաեւ մարզպետարանում, սակայն մինչեւ ճանապարհի հարցը չլուծվի, մինչեւ նախագիծը վերջնական չհստակեցվի՝ ոչինչ չի արվի: Եթե որոշվի ճանապարհը Կապանի միջով կառուցել, ապա ճանապարհի լայնացման խնդիր է լինելու, այս բոլոր կրպակները քանդման ենթակա են լինելու եւ դրանց վճարման խնդիր է առաջանալու, դրա համար մենք այսօր անորոշ վիճակում ենք հայտնվել, սպասում ենք որոշմանը: Կարծում ենք, որ 2011-ին այն կկայացվի, քանի որ էդ ձգձգումները մեր գործերին էլ է խանգարում»,- ասում է Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:

Մինչ կպարզվի կրպակների ճակատագիրը, դրանց տերերը շարունակում են աշխատել եւ սոցիալական դժվարին պայմաններում որոշակիորեն թեթեւացնում իրենց հոգսը: Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կրպակներից ոչ մեկն օրինական չէ. սակայն հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը՝ ընդառաջում են նրանց: Այսօր Կապանի կենտրոնում, քաղաքապետարանի հարեւանությամբ մոտ 40 կրպակ է աշխատում, ծաղիկների, գրենական պիտույքների, արագ սննդի, մսի, հագուստի եւ այլն:

Հ. Գ. Սյունիքի մարզպետարանը եւ մարզում հացարտադրող ընկերությունները քննարկելով ալյուրի, վառելիքի եւ ձեթի գների թանկացման հարցը, որոշել են, որ այսուհետեւ, օրինակ՝ Կապանում 600 գրամանոց հացը կվաճառվի 240 դրամ, նախկին 210-ի փոխարեն: Հացի այս թանկացումը սրելու է առանց այն էլ լարված սոցիալական վիճակը: Հացի որակի, քաշի եւ գնի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովը պարբերաբար կլինի մարզի խանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել