Կրկնակի ստանդարտներ՝ կրիմինալ բարքերի դեմ պայքարում
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աղմկահարույց պաշտոնանկության պատճառները պաշտոնական քարոզչամեքենան մի քանի օր շարունակ ներկայացնում էր որպես իշխանական վերնախավի կողմից կրիմինալ բարքերի եւ «զոռբայության» դեմ վերջապես սկսված «անհաշտ» պայքարի դրսեւորում: Որպես այդ գործընթացի մի այլ վառ օրինակ, ներկայացվեց նաեւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, որը թեպետ անձամբ մարդ չէր ծեծել, բայց նաեւ, ըստ նրան պաշտոնանկ անողների՝ լիարժեք չէր պատժել իր մարդ ծեծող ենթակային՝ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանին: Մեկ շաբաթից ավելի հայրենի «պատասխանատու լրատվամիջոցները» հասարակությանը հրամցնում էին, որ իբր հիմա ամեն ինչ փոխվում է, ոչ ոք այլեւս անպատիժ չի մնալու ու ոչ մի իշխանավոր կամ քիչ թե շատ նշանակալի անձնավորություն մեր երկրում այլեւս իր ուզած ձեւով բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ չի շրջելու Հայաստանով մեկ: Սակայն անցավ որոշ ժամանակ, եւ ի զարմանս բոլորի՝ պարզվեց, որ նույն ԴԱՀԿ-ի պետն անձեռնմխելի է:
Հետո մեկ այլ, առավել քան հետաքրքրական դրվագի ականատես դարձանք: Պարզվեց, որ կարելի է ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությունում աշխատել, միաժամանակ զբաղվել պետական կարեւորագույն գերատեսչությանը՝ Պետեկամուտների կոմիտեին հեռախոսով ահաբեկելու գործունեությամբ, ինչպես դա անում էր նախկին գլխավոր մաքսավոր Արմեն Ավետիսյանի հայրը՝ Արտաշես Ավետիսյանը, ու ոչ միայն քրեական պատասխանատվության չենթարկվեց, այլեւ նույնիսկ աշխատանքից չի հեռացվել: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ զոռբա է, բայց մեր զոռբան է: Ի դեպ, թիկնապահների հարցում էլ Արմեն Ավետիսյանի դեպքը շատ ցայտուն կերպով ապացուցում է, թե ինչպես են մեզ մոտ պայքարում անօրինական թիկնազորի գոյության դեմ: Պարզվում է, որ ավելի քան 2,5 տարի առաջ պաշտոնանկ արված պետական այդ չինովնիկին մինչ օրս պահպանում են այն թիկնապահները, ովքեր ֆինանսավորվում են նույն այն Պետեկամուտների կոմիտեի կողմից, որին ամիսներ շարունակ ռումբի տեղադրման սպառնալիքով ահաբեկում էր Արմեն Ավետիսյանի հայրը: Համաձայնեք, որ սա «հոռի բարքերի» դեմ պայքարի ավելի քան օրիգինալ եւ զուտ հայկական դրսեւորումներ են:
Սրանից հետո ամենեւին էլ զարմանալի չի թվում, որ նման անպատժելիությունը հեռախոսային տեռորիզմի նոր դեպքեր է ծնում: Միայն վերջերս նման երկու դեպք արձանագրվեց Աբովյան քաղաքում՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Ու առնվազն անուղղելի լավատես պետք է լինել, որպեսզի հավատալ, որ ահաբեկչություն իրականացնողը նախ կհայտնաբերվի, էլ չենք ասում, որ ինչ-որ պատիժ կկրի: Չնայած՝ ով գիտի, գուցե գոնե այս ահաբեկիչը պաշտպանված չէ նման հզոր կապերով, ինչպես նախորդ նույն մասնագիտության «հերոսը»: Դե, իսկ կրիմինալ բարքերի դեմ պայքարում երկակի ստանդարտների ամենավերջին դեպքը, երբ Չարենցավանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին գործող քաղաքապետը ծեծի ենթարկեց իր ընդդիմադիրներից մեկին եւ փոխանակ քրեական պատասխանատվության ենթարկվեր, մի քանի օր հետո իշխանության «դաբրոյով» վերստին քաղաքապետ ընտրվեց:
Հենց այսպես էլ պայքարում ենք մեր սիրած հանրապետությունում:


















































