Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեդիտային համակարգի տեղապտույտը

Փետրվար 02,2011 00:00 Share

Հարց, որ կարոտ է լուծման

Բուհերում վերջին տարիներին կատարվեցին հսկայածավալ աշխատանքներ՝ դասավանդման մոդուլների ձեւավորման, դրանց գծով կրեդիտների հաշվարկման, գիտելիքների բազմագործոն գնահատման ուղղությամբ, սակայն ամենակարեւոր առավելությունները, որոնք նպաստում են ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացմանը, դեռեւս «պարապուրդի են ենթարկված» եւ չեն կիրառվում: Խոսքը կուտակված կրեդիտների փոխանցման եւ կրթական համակարգում դրանց որակի գծով փոխվստահության մթնոլորտի ձեւավորումն է: Կուտակված կրեդիտները ակադեմիական տարածքում փոխանցելի են ոչ միայն հորիզոնական (բուհից բուհ) ուղղությամբ, այլեւ ուղղահայաց, կրթական նախորդ աստիճանից՝ հաջորդ աստիճան: Նման հանգամանքը միջազգային կրթական պրակտիկայում վերացրել է ընդունելության քննություն հանձնելու ուսանողի «հոգսը»: Բուհական ընդունելության երկու կամ երեք քննությունները չեն կարող ամբողջական պատկեր տալ դիմորդի մեկնարկային գիտելիքների մասին: Տվյալ խնդրի լուծման առավել արդյունավետ միջոց է դիմորդի կողմից կուտակած կրեդիտային ֆոնդի օգտագործումը: Ընդ որում, բուհի դիմորդը ակադեմիական կրեդիտներ կարող է հավաքել ինչպես միջին մասնագիտական կրթական հաստատություններում, այնպես էլ քոլեջներում եւ նույնիսկ՝ ավարտական դասարանում կամ թրեյնինգ կենտրոններում:

Ի՞նչ առավելություններ է տալիս դիմորդին կուտակված կրեդիտներով ընդունելությունը: Նախ, վերանում է ընդունելության քննությունների լարվածությունը եւ դրա հետ կապված բազում հոգսերը: Բացի այդ, մինչ համալսարան մուտք գործելը, դիմորդը, այլ ուսումնական հաստատություններում ոչ մասնագիտական առարկաներից կրեդիտներ վաստակելով, որոշակիորեն թեթեւացնում է բուհում իրեն հասանելիք ակադեմիական ծանրաբեռնվածությունը: Կուտակված կրեդիտների փոխանցումը բուհական համակարգ, ի վերջո, խթանում է միջին մասնագիտական կրթության զարգացումը, որտեղ հնարավոր է կրեդիտներ վաստակել բուհի համար: Փորձը ցույց է տալիս, որ աշակերտական նստարանից անմիջապես բուհ ընդունվող դեռահաս դիմորդը դանդաղ է ադապտացվում բուհական կրթությանը եւ դրանով իսկ նվազում է ուսումնառության արդյունավետությունը: Ճիշտ հակառակ պատկերն է ստացվում քոլեջներից եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններից արդեն կրեդիտների կուտակման փորձ ունեցող դիմորդների պարագայում:

Մեր երկրում դեռեւս թույլ է փոխհամագործակցությունը քոլեջների եւ բուհերի միջեւ: Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսանողը բուհ ընդունվելիս նորից պետք է հանձնի ընդունելության քննություններ: Եթե արդեն քոլեջ կարելի է ընդունվել հանրակրթության գնահատականների հիմքով, ապա ինչու բուհ չընդունվել քոլեջի ուսումնառության ընթացքում կուտակված ակադեմիական կրեդիտներով: Բացի այդ, աշխատաշուկայում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ բարձրագույն կրթությամբ շրջանավարտների մասնագիտական հմտություններն ու կարողությունները սկսում են արագորեն «հնանալ» եւ չեն բավարարում գործատուների պահանջներին: Համալսարանական ավանդական կրթությունը, որն առնվազն չորս տարով է իրականացվում, խնդիր ունի ժամանակին արձագանքելու գիտելիքահենք տնտեսության առաջընթացի պահանջների բավարարմանը: Հետեւաբար, ավանդաբար «էլիտար» համարվող համալսարանական կրթությունը զարգացած երկրներում հետզհետե ընդգրկում է ակադեմիական ճկուն համակարգեր, մեծացնելով կրթական ծառայությունների գրավչության աստիճանը՝ հնարավորություն ստեղծելով անհատի մեջ ձեւավորելու ինչպես կարիերայի ուղիների բազմազանություն, այնպես էլ մրցակցային աշխատաշուկայում արագ կողմնորոշվելու եւ վերապատրաստվելու ունակություն: Այդ ամենն իրականացվում է շարունակական կրթության համակարգի կիրարկման պայմաններում: Շարունակական կրթությունը ներկայումս ՀՀ-ում ընկալվում է ոչ ամբողջական համատեքստով: Այն ընդամենը դիտվում է որպես անհատի կրթություն՝ իր ողջ կյանքի ընթացքում:

Եվրոպայում առկա համալսարանական մշակույթը հուշում է, որ բարձրագույն կրթությունը վաղուց դադարել է «էլիտար» լինելուց: Արեւմուտքում հասարակական ձեռքբերում է համարվում ոչ միայն որակյալ համալսարաններ ունենալը, այլեւ թրեյնինգ կենտրոնների, վերապատրաստման դպրոցների լայն ցանցի օգնությամբ մասնագիտական կրթության մասսայականացումը: Եվ պատահական չէ, որ վերջին տասնամյակում իր զարգացումը ապրող Բոլոնյան գործընթացի մի շարք փաստաթղթերում խնդիր է դրվում, որ բուհերը իրենց ավանդական ուսումնական ծրագրերի վերամշակման ընթացքում առաջնայնություն տան շարունակական կրթությանը, եւ այս հիմնահարցը համարեն հաստատությունների ռազմավարական զարգացման կենտրոնական, էական տարրերից մեկը: Շարունակական կրթության համակարգային կիրառման հիմնական խոչընդոտը տարբեր ուսումնական հաստատությունների միջեւ փոխվստահության պակասն է՝ որակյալ ակադեմիական կրեդիտների կուտակման եւ փոխանցման գործընթացում:

ՀՀ-ում շարունակական կրթությունը, որպես մասնագետի որակավորման գործառույթ, կիրառվում է այն դեպքում, երբ հանրակրթական դպրոցի շրջանավարտը ընդունվում է համալսարան, սովորելու ընթացքում կուտակում ակադեմիական կրեդիտներ, ստանում բակալավրի եւ այնուհետեւ՝ մագիստրոսի կրթական աստիճան: Փաստորեն, կրթական փուլերի նման հաջորդականությունը չի ենթադրում ուսումնառության ընթացքում կուտակված կրեդիտների փոխանցում եւ փոխճանաչում: Նման իրավիճակում որոշակիորեն խաթարվում է անհատի ուսումնառության ակադեմիական ճկունությունը, քանի որ յուրաքանչյուր համալսարան յուրովի «մեկուսանալով» կրեդիտների կուտակման գործընթացում՝ ճանաչում է միայն «սեփական կրթական ծառայությունների» արդյունքը:

ՀՀ-ում գործող համալսարանները նույնիսկ դժվարությամբ են ընդունում նախորդ կրթության, այսինքն՝ մասնագիտական քոլեջների արդյունքները, երբ միջին մասնագիտությամբ շրջանավարտը դիմելով բուհ՝ դառնում է համալսարանի ուսանող: Նման իրավիճակը խիստ մտահոգիչ է, քանի որ այն չի նպաստում ուսանողների շարժունությանը, կարիերայի ձեւավորման ուղիների բազմազանությանը, ուսումնական հաստատությունների փոխհամագործակցությանը, կրթական շուկայում բուհերի մրցունակության բարձրացմանը:

Ուսումնական հաստատությունների ծառայությունների որակի փոխճանաչման մթնոլորտում ակադեմիական կրեդիտների փոխանցումը ժամանակակից կրթական համակարգի արդյունավետ կազմակերպման առաջնահերթություններից է: Այն ենթադրում է ինչպես ուսանողի ակադեմիական ազատությունների շրջանակի հնարավորինս ընդլայնում, այնպես էլ մատուցվող կրթական ծառայությունների օպտիմալացում: Այսպես, միջազգային պրակտիկայում համալսարանները փորձում են ինչ-որ չափով բեռնաթափվել մատուցվող կրթական ծառայությունների շրջանակից, ընդունելով ուսանողների կողմից թրեյնինգ կենտրոններում նախօրոք ձեռք բերած ակադեմիական կրեդիտները: Այսինքն՝ կրթության կազմակերպման տեսակետից արդյունավետ է համարվում արտահամալսարանական կառույցներից փոխճանաչված կրեդիտների ընդունումը «մայր բուհի» կողմից, որտեղ ուսանողը, ի վերջո, ավարտում է իր բարձրագույն կրթությունը եւ ստանում ավարտական դիպլոմ:

Հայաստանյան իրականությունում թրեյնինգ կենտրոններից ստացվող ակադեմիական կրեդիտների կուտակման պրակտիկան ընդհանրապես չի գործում, իսկ հավատարմագրված նախորդող կրթության (քոլեջներ) կրեդիտների փոխանցմանը չափազանց թերահավատություն է ցուցաբերվում համալսարանների կողմից: Ստացվում է այնպես, որ մեզ մոտ շարունակական կրթությունը ընդհանրապես չի նպաստում այլընտրանքային ուսուցմամբ մասնագետի պատրաստման հաջորդականության գործընթացին, այլ միայն հետբուհական վերապատրաստման կամ վերաորակավորման դեր է կատարում, որից զգալիորեն ընկնում է համալսարանական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:

Ցավոք, մեր իրականությունում շարունակական կրթությունը ընկալվում է որպես «հանրակրթություն-քոլեջներ-համալսարաններ-դոկտորանտուրա» հաջորդական շղթա, եւ այլընտրանքային կրթությունը ընդհանրապես մերժվում է բուհերի կողմից: Բացի այդ, այլընտրանքային կրթական օջախները (թրեյնինգ կենտրոններ, վերապատրաստող ուսումնական հաստատություններ) չեն համագործակցում բուհերի հետ՝ կրթական մոդուլների ներդաշնակեցման, ուսման որակի փոխճանաչման ոլորտներում: Եվ, վերջապես, ՀՀ օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտը դեռեւս չի կանոնակարգում ուսումնական հաստատությունների միջեւ շարունակական կրթության փոխճանաչված ակադեմիական կրեդիտների փոխանակման գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել