Ֆիզկուլտուրան դպրոցներում մեռնում է
«Հայաստանում աշակերտները, ուսանողները դժվարությամբ են հաճախում ֆիզկուլտուրայի դասերին, բայց, սկսած որոշակի տարիքից՝ 24-25 տարեկանից, վճարովի հիմունքով գնում են, օրինակ, շեյփինգի: Իրականում ֆիզկուլտուրայի ծրագրով նախատեսվածը եւ շեյփինգի նպատակը մեկն է՝ շարժողական ակտիվություն ապահովելը, մարմնի համաչափ զարգացումը եւ առողջությունը: Մարդկանց թվում է, թե ֆիզկուլտուրայի դասերին գնալն ամոթ է կամ այն ցածր են դասում մնացած առարկաներից»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:
Մեր հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկան դասավանդվում է շաբաթական երեք անգամ, դպրոցականներն այս առարկայից պարտադիր քննություն են հանձնում: Սակայն նույնիսկ այս պարագայում ֆիզկուլտուրան շատ աշակերտների համար «ազատ ժամ» է համարվում: Ա. Այվազյանի տեղեկացմամբ, ֆիզկուլտուրա առարկայի ծրագրով նախատեսված են հիմնականում գործնական պարապմունքներ՝ բոլոր օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերից: Առարկայի տեսական մասը տարեկան կազմում է 6 ժամ, որը ֆիզկուլտուրայի մասնագետները փորձում են պարապել ձմռան ամիսներին: ԿԳՆ համապատասխան բաժինն այժմ ուսումնասիրում է տարբեր դպրոցներից հավաքագրած տվյալները՝ պարզելու, թե որ դպրոցում նյութատեխնիկական ինչ բազա եւ հնարավորություններ կան: Նախնական պատկերը ողբալի է. մայրաքաղաքի դպրոցների մեծ մասն ընդհանրապես չունի մարզադահլիճ, մի մասն էլ՝ չի ջեռուցվում: «Դա է պատճառը, որ մեզ մոտ դեռ լիարժեք չի ստացվում ֆիզկուլտուրայի դասեր իրականացնելը: 2005 թվականի տվյալներով, դպրոցներին միայն առաջին անհրաժեշտության վարժասարքերով ապահովելու համար 2 մլրդ 700 մլն դրամ գումար է անհրաժեշտ»,- նշում է Ա. Այվազյանը ու հավելում, որ նույնիսկ նման պայմաններում շատ բան կախված է ուսուցչից: Նրա խոսքերով, ուսուցիչը կարող է նախատեսված վարժությունը փոխարինել այնպիսիներով, որոնք գույք չեն պահանջի, բայց կարող են ապահովել երեխաների շարժողական հմտություններն ու առողջությունը: Բայց այսօր դպրոցներում հիմնական խնդիրը նյութատեխնիկական բազայի համալրման հարցն է. «Աշխարհն առաջ է գնացել, երեխան ինտերնետով տեսնում է, թե դրսում ինչ մարզասարքեր, մարզադահլիճներ կան, ինչ սպորտլանդիաներ են իրականացվում: Այդ ամենը տեսնելուց հետո մեր հանրակրթական դպրոցների դահլիճներում պարապելը երեխային չի ոգեւորում»: Ինչ վերաբերում է չջեռուցվող մարզադահլիճներին, ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետն այս պատճառաբանությունը չի ընդունում. «Անգլիայում տեսա, թե ինչպես նոյեմբեր ամսվա վերջին, բացօթյա ցուրտ այգում երեխաները պարապում էին շորտերով»: Ա. Այվազյանը հայտնեց նաեւ, որ շուտով մեր հանրակրթական դպրոցներում գործելու է նոր կարգ, որը հնարավորություն կտա դպրոցի մարզադահլիճում վճարովի պարապմունքներ անցկացնել, եւ ստացած շահույթն օգտագործել դպրոցի դահլիճների վերանորոգման համար. «Նոր կարգում կորոշվի, թե ինչ մասնագետներ կարող են պարապել այդ խմբակներում»:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ, հաշվի առնելով մայրաքաղաքի ջեռուցում չունեցող մարզադահլիճների թիվը, որոնք, ըստ նրա, շուրջ 10% են կազմում, ԿԳ նախարարությանն առաջարկել են ավելացնել տեսական նյութին հատկացվող ժամը: «Ունենք դպրոցներ, որոնք չեն ջեռուցվում կամ ջեռուցվում են ոչ լոկալ ջեռուցման համակարգով: Բնականաբար, նման մարզադահլիճներում դաս անցկացնելը հնարավոր չէ: Այդ պատճառով դասասենյակներում անցնում են տեսական նյութը: Կարծում եմ, կգան լավ ժամանակներ, երբ բոլոր դպրոցները կունենան ջեռուցվող, մարզագույքով ապահովված դահլիճներ»,- հույս հայտնեց տիկին Մելքոնյանը:
«Առավոտը», պարզելու համար, թե իրականում ինչպես է տարվա այս եղանակին դպրոցներում անցկացվում ֆիզիկական կուլտուրա առարկան, այցելեց մայրաքաղաքի մի քանի դպրոցներ: Մի բան ակնհայտ էր. ֆիզկուլտուրա առարկան երեխաներին հետաքրքիր չէ մի պարզ պատճառով՝ չկան կարգին դահլիճներ, երեխաների մեջ սպորտի նկատմամբ սեր արթնացնող մանկավարժներ, սպորտային հանդերձարաններից միայն անունն է մնացել, իսկ հիգիենիկ պայմանների մասին խոսելն այս պարագայում, պարզապես, ծիծաղելի է: Մեր այցելած եւ ոչ մի դպրոցում չհանդիպեցինք մարզադահլիճում պարապմունք անցկացնող աշակերտների ու մանկավարժի:
Հակոբ Կարապենցի անվան N6 հիմնական դպրոցում աշակերտները ձմռան մի քանի ամիսներին ֆիզկուլտուրան դասասենյակներում են պարապում, անցնում «Առողջ ապրելակերպ», խաղում շախմատ ու շաշկի: Տնօրեն Օվսաննա Բաբայանն ասաց, որ 2005թ. ՀՀ կառավարության միջոցներով իրենց դպրոցը հիմնովին վերանորոգվեց, բայց մարզադահլիճը, որը պետք է վերանորոգվեր «Սոցիալական ներդրումներ» հիմնադրամի միջոցներով, այդպես էլ օդում կախված մնաց՝ ճգնաժամը խանգարեց: Ասաց նաեւ, որ քաղաքապետարանում տեղյակ են խնդրին, իրենք էլ իրենց հերթին են բարերարներ փնտրում: Չնայած նման պայմաններին, տնօրենը վստահեցրեց, որ ֆիզկուլտուրայի դասերը չեն տուժում եւ որպես ապացույց՝ օրինակ բերեց բազմիցս խրախուսանքների, պատվոգրերի արժանացած բասկետբոլիստներին, շախմատիստներին ու վոլեյբոլիստներին: Ֆիզկուլտուրա պարապող Սոնա Պետրոսյանը համաձայն չէ այն կարծիքին, թե երեխաները պարապելու ցանկություն չունեն եւ սիրով չեն մասնակցում դասաժամերին: Նրա համոզմամբ, աշակերտներն իրենք են խնդրում, որ գան դահլիճ, զբաղվեն, բայց ցուրտ է: Գալիս են, քրտնում, հիվանդանում: Նա նշեց, որ ձմռանը ծրագրով նախատեսված է մարմնամարզություն, ինչը, մարզադահլիճ չունենալու պայմաններում, չեն կարող իրականացնել. «Մենք էլ ենք նեղվում, որ դահլիճ կա, բայց պարապ է մնացել: Բնական է, առարկան տուժում է, որովհետեւ ամեն դասի իրենք պետք է զարգացնող վարժություններ անեն»:
N163 հիմնական դպրոցում մեր այցելության պահին աշակերտները ֆիզկուլտուրայի ժամին վերարկուներով դասասենյակում նստած քննարկում էին, թե քանի երեխա են ցանկանում ունենալ հայկական ընտանիքները, ամուսիններից ով է որոշում երեխաների թիվը եւ այլն: Այս դպրոցում դասասենյակները ջեռուցվում էին էլեկտրական սալիկներով, մարզադահլիճը ջեռուցելու մասին խոսք լինել չէր կարող: Ֆիզկուլտուրայի երկարամյա ուսուցիչ Գարիկ Գեւորգյանն ասաց. «Ծրագիրն այսպիսին է. յուրաքանչյուր դպրոց նախատեսում է այն, ինչ ինքը հնարավորություն ունի անելու: Մեր հնարավորություններն այսպիսին են. դահլիճի ցուրտ լինելու պատճառով հիմա չենք կարող այնտեղ մտնել: Քանի որ ծրագրով նախատեսված մարմնամարզությունը, վազքը, բասկետբոլը եւ այլն, դահլիճից բացի, ուրիշ տեղ չենք կարող իրականացնել, օգտագործում ենք միջանցքի թենիսի սեղանները, ամեն ինչ անում ենք, որ դասը չվերածվի հեքիաթի: Մեր ազգը դեռ չի հասկացել, որ ֆիզկուլտուրան անհրաժեշտ է մարդու առողջության համար: Մեր ժամանակ բակում ձյան մեջ ֆուտբոլ էինք խաղում, այսօր երեխաները, չգիտես ինչու, խուսափում են՝ ավելի շատ համակարգչի առջեւ նստած են ֆուտբոլ խաղում, աչքերն էլ՝ փչացնում»: Դպրոցի տնօրեն Կարեն Շահնուբարյանն ասաց, որ դպրոցի ջեռուցման նախագիծ-նախահաշիվն արդեն պատրաստ է եւ հույս հայտնեց, որ հաջորդ ուսումնական տարում կունենան լոկալ ջեռուցում:
Մայրաքաղաքի N 119 ավագ դպրոցում էլ մարզադահլիճն անմխիթար վիճակում էր՝ խոնավությունից հատակն էր փտել: Այս դպրոցի մարզադահլիճի վերանորոգումն էլ է կառավարության առաջնահերթ ծրագրում: Ֆիզկուլտուրայի պարապ-սարապ ուսուցիչներին հանդիպեցինք միջանցքում: Սամվել Գեւորգյանը խնդիր է համարում սպորտային համազգեստի հարցը. «Մարզահագուստը պետք է մատչելի լինի, որ մեկը մյուսից չտաբերվի՝ սոցիալական անհավասարության պատճառով: Շատերը համազգեստ գնելու հնարավորություն չունեն, մեկն էլ «Ադիդասի» ֆորմայով է գալիս»: Նա կարծում է, որ ծնողների մեղքով են շատ երեխաներ ֆիզկուլտուրայի դասերին մատների արանքով նայում. «Հայ ծնողը երեխայի ձեռքը բռնած տանում է ջութակի, դաշնամուրի, բայց գուցե երեխան կարող էր ավելի լավ սպորտսմեն դառնալ, քան դաշնակահար»: Նա ճիշտ է համարում դպրոցում այս առարկայից քննություն հանձնելը եւ առաջարկում է նաեւ բուհական ընդունելության քննությունների շրջանակ ներառել: Գտնում է, որ միայն այդ դեպքում աշակերտները կսկսեն այլ կերպ վերաբերվել առարկային. «Մեզ բանակ է պետք. տղա կա՝ երկու անգամ ձգվել չի կարողանում, ասում է՝ ես մաթեմատիկայի կամ երաժշտության ուղղությամբ եմ գնալու»:
Նույն անմխիթար պատկերն էր նաեւ Բելինսկու անվան N38 դպրոցում: Տնօրենը բազմիցս այս հարցով դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ հայտնել, որ մարզադահլիճի հատակի ու պատերի կիսաքանդ լինելու, հնամաշ գույքի պատճառով ֆիզկուլտուրայի դասաժամերը չեն ծառայում նպատակին: Մեր այցելության ժամանակ ուսուցչուհու ներկայությամբ աշակերտները իրար գլխի լցված շախմատ-շաշկի էին խաղում: «Դասն անցկացնում ենք դասասենյակում՝ 10 րոպեանոց լիցքային վարժությունով, քանի որ դահլիճը չի ջեռուցվում, զրույցներ ենք անցկացնում օլիմպիական խաղերի, չեմպիոնների մասին եւ այլն»,- ասաց ֆիզկուլտուրայի մասնագետ Լուսինե Խաչատրյանը:


















































