Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ԵԽԽՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ

Ապրիլ 13,2011 00:00

Հատկապես կոպիտ էր պատասխանը Զարուհի Փոստանջյանի հարցին, որը խոսեց Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության մասին:

\"\"

Երեկ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով «Կրոնական հարթության վրա միջմշակութային երկխոսության» զեկույցի վերաբերյալ՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց. «Դեռ 2007-ի օգոստոս-սեպտեմբերին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաԺի պատճառով այցը տապալվեց։ Ինչպես նաեւ տապալվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՈՄՈՍ-ի նախապես ծրագրված դիտորդական առաքելությունները Ջուղա։ Եվ այսօր մենք քննարկում ենք մի զեկույց, որի նպատակը կրոնական, միջմշակութային հանդուրժողականության եւ երկխոսության համար գործուն մեխանիզմներ առաջարկելն է։ Եվ հիմա, այս ամբիոնից ես կրկին ուզում եմ բարձրացնել Ջուղա ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը, որպեսզի ԵԽԽՎ իմ գործընկերները տեսնեն, թե ինչ են արել մի ողջ ժողովրդի մշակութային հրաշալի ժառանգության հետ, ինչպես են վայրագորեն փոշիացրել համաշխարհային կոթողներ հանդիսացող հայկական խաչքարերը։ Մենք պարտավոր ենք դա անել, մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին, որովհետեւ ցեղասպանությունը լինում է նաեւ մշակութային։ Իմ ձեռքի տակ են վավերագրական կադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կացնահարում Ջուղայի բացառիկ խաչքարերը, եւ ես ձեզնից յուրաքանչյուրին կարող եմ տրամադրել այդ տեսաֆիլմը (ինչը եւ տիկին Զոհրաբյանն արել է՝ բաժանելով «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» վավերագրական ֆիլմի DVD տարբերակը.- Ա. Ի.): Հուսով եմ, տեսնելուց հետո մշակութային այդ վանդալիզմը ձեզնից շատերը կմիանան ինձ եւ կպահանջեն դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա՝ տեսնելու եւ դատապարտելու տեղի ունեցածը։ Կամ, երբ Թուրքիայի իշխանությունն իր համար ժողովրդավարական իմիջ ստեղծելու համար վերականգնում է Աղթամարի Սուրբ Խաչ վանքը, սակայն արգելում է Վանքի վրա խաչ տեղադրել, ի՞նչ է սա, եթե ոչ ընդամենն իմիտացիա։ Իսկ իրականում՝ կրոնական անհանդուրժողականության վառ օրինակ»:

Ավելի ուշ ԵԽԽՎ պատվիրակների հարցերին պատասխանեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Հայ պատվիրակներից առաջինը Նաիրա Զոհրաբյանն ունեցավ հարց տալու հնարավորություն. «ԵԽ Նախարարների կոմիտեում Թուրքիայի նախագահության գերակայությունների շարքում Դուք նշել եք կրոնների եւ մշակույթների միջեւ անհանդուրժողականության խնդիրը։ 2005-ին Ադրբեջանի կողմից հիմնահատակ ոչնչացվեց Նախիջեւանի Ջուլֆա գավառում գտնվող հին հայկական պատմական գերեզմանոցը, ինչը դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Դեռ 2007-ին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, որը տապալվեց Ադրբեջանի շանտաժի պատճառով։ Որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ՝ պատրա՞ստ եք նպաստել, որ դիտորդական առաքելություն ուղարկվի Ջուղա՝ դրանով իսկ իրագործելով ձեր նախագահության գերակայություններից մեկը»: Դավութօղլուն ի պատասխան ասաց. «Այդ հարցը ԵԽ նախարարների կոմիտեում չի քննարկվել, ուստի ես չունեմ որեւէ հստակ տեղեկատվություն այն մասին, ինչ հիշատակեցիք: Բայց որպես Թուրքիայի ԱԳ նախարար՝ կարող եմ ասել՝ մենք միշտ նշել ենք հանդուրժողականության արժեքը, եւ այն պետք է հարգվի բոլորի կողմից»: Եվ հավելեց, որ եթե ցանկանում են Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդուրժողականություն լինի՝ «Պետք է լուծել Ադրբեջանի օկուպացված տարածքներից փախստականների հարցը: Մինչ այդ որեւէ մեկը չպետք է խոսի անհանդուրժողականության մասին»:

Հետո հարց տալու հնարավորություն ստացավ Զարուհի Փոստանջյանը, որն ասաց. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան գրավել է Արեւմտյան Հայաստանը, Հյուսիսային Կիպրոսը եւ այլ տարածքներ՝ թողնելով այնտեղ բնակվող մարդկանց առանց Հայրենիքի: Թուրքական օկուպացիան հանգեցրեց Մեծ սեփականազրկման, որի ակամա հետեւորդն իբրեւ՝ կանգնած եմ ձեր առջեւ: Օսմանյան կայսրությունն իրականացրել է Ցեղասպանություն հանցագործությունն ընդդեմ այնպիսի ժողովուրդների եւ էթնիկ խմբերի, ինչպիսիք են հայերը, հույները, ասորիները եւ այլն: Այսօր, որպեսզի խուսափի մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվությունից՝ թուրքական կառավարությունը կիրառում է «Քրեական օրենսգրքի» 301 հոդվածը՝ ժխտելու եւ խեղաթյուրելու պատմական փաստերը: Որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որ Թուրքիայի կառավարությունը ճշմարտացի եւ անկեղծորեն ընդունի պատմական այս ճշմարտությունը եւ իր առաջին քայլերն անի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ վերացնելու 301 հոդվածը»: Դավութօղլուն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Սա հայտարարություն էր, այլ ոչ թե հարց: Միակողմանի հայտարարություն՝ ընթերցված թղթից, որտեղ կրկնվում էին նույն մեղադրանքները»: Հետո Զարուհի Փոստանջյանին խորհուրդ տվեց. «Լավ կլինի՝ նախ ուսումնասիրեք միջազգային իրավունքը», եւ առաջարկեց պարզել ԵԽ այդ մարմնի գործառույթները: Դավութօղլուն ասաց, թե այստեղ չի գտնվում պատմության շուրջ բանավիճելու համար: Բայց «միակողմանի հիշողությունների մասին» դատողություններից հետո հավելեց. «Թուրք եւ հայ ժողովուրդների համար ավելի լավ կլինի, որ ստեղծվի հանձնաժողով», որտեղ պետք է համատեղ ուսումնասիրվեն՝ ըստ նրա, «այդ դեպքերը»:

Երբ հարցուպատասխանն ավարտվեց, եւ Դավութօղլուն դուրս էր գալիս դահլիճից՝ նրան մոտեցավ Նաիրա Զոհրաբյանը եւ հանձնեց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ալբոմ: Ավելի ուշ հայտնեց «Առավոտին», որ այդ ակցիան իր եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համատեղ մտահղացումն էր: Ալբոմը մակագրված էր. «Դուք ասել եք, որ 2015-ը դառնալու է այն տարեթիվը, երբ Թուրքիան հաշվի է նստելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են, որ մենք առերեսվենք սեփական պատմության եւ անցյալի, այվ թվում՝ նաեւ Հայկական հարցի հետ։ Նայե՛ք այս երեխաների աչքերին, որոնք Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից ընդամենը մի քանի տասնյակն են, եւ քաջություն ունեցեք ընդունելու ձեր անցյալը»։ Նաիրա Զոհրաբյանը պատմեց նաեւ, որ թարգմանչի միջոցով ասել է նրան. «Պրն Դավութօղլու, Ձեր պատասխանից հասկացա, որ ընդհանրապե՛ս տեղյակ չեք, թե ինչ է տեղի ունեցել Ջուղայում: Որպեսզի Ձեր իրազեկությունն ադրբեջանական այդ վանդալիզմի մասով ավելանա՝ Ձեզ եմ հանձնում Ջուղայում կատարվածի մասին պատմող վավերագրական ֆիլմը: Նվիրում եմ նաեւ այս ալբոմը, որ հիշեք Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության 1,5 մլն զոհերից ընդամենը մի քանի այս երեխաներին»: Թուրքիայի ԱԳ նախարարը սկսել է թերթել այդ ալբոմը: «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» ֆիլմը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, խոստացել է անպայման դիտել, իսկ ալբոմի մասին ասել է. «Սա վերցնում եմ եւ իհարկե՝ կնայեմ, բայց մի բան իմացեք, որ մենք էլ կարող ենք այդ կարգի շատ բաներ ասել ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել