
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն «Առավոտի» հետ զրույցում «շատ արտառոց» եւ «վառ երեւակայության արդյունք» որակեց Բաքվում լույս տեսնող «Զերկալո» պարբերականի երեկ հրապարակած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նոյեմբերի 28-ին Բեռլինում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների» հանդիպումը: Սույն տեղեկատվությունը թերթը հրապարակել է՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռովշան Ռզաեւին: Վերջինս այլ մանրամասներ չի հաղորդել: Մինչդեռ Վահրամ Աթանեսյանը կտրականապես հերքեց նման հանդիպման հնարավորությունները՝ «Մանավանդ, որ Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնք գոյություն չունի: Ինչպես նաեւ գոյություն չունի ԼՂ-ի հայկական համայնք. կան ԼՂ եւ Ադրբեջանական հանրապետություններ, որոնք պատերազմական գործողությունների շրջանում ունեցել են պետական մակարդակով շփումներ, ինչը եւ ամրագրված է տարբեր փաստաթղթերով, այդ թվում՝ նաեւ զինադադարի կնքման մասին բիշքեկյան արձանագրությամբ: Նման խեղկատակություն չի կարող լինել, եւ առավել եւս ղարաբաղյան կողմից որեւէ մեկը չի կարող մասնակցել դրան: Դա ընդհանրապես դուրս է բանակցությունների տրամաբանությունից եւ որեւէ օրինաչափությունից»: Վահրամ Աթանեսյանը նման ապատեղեկատվություն տարածելու միտումը պարզաբանում է որպես բանակցություններում ադրբեջանական կողմի ձեռամբ ստեղծված փակուղուց ելքի հավանական այլընտրանքի որոնում: «Բայց նման քայլերը կարող են ինքնաբավարարվածություն բերել միայն մեջլիսի պատգամավորներին եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմին: Փաստն այն է, որ Կազանի հանդիպումը տապալել է Ադրբեջանը: Այսօր միջնորդները եւ միջազգային հանրությունը խնդիր ունեն Ադրբեջանի հետ եւ այդ երկրին հորդորում են ետ վերցնել այն չհիմնավորված առաջարկությունները, որոնք Իլհամ Ալիեւը հնչեցրել էր Կազանի հանդիպման ժամանակ: Բնականաբար, ադրբեջանցիները հիմա «այլընտրանքներ» են փնտրում իրենց իսկ կողմից ստեղծված փակուղին հաղթահարելու համար: Նման բան գոյություն չունի: Խնդիրն, այսպես կոչված, համայնքների միջեւ չէ, այլ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի: Եթե վաղը՝ նախկինում ԼՂ-ում ապրած ադրբեջանցիները նույնիսկ վերադառնան ԼՂՀ, ապա դա խնդրի լուծում չէ, որովհետեւ գոյություն ունի ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման առաջնահերթություն: Այդ կարգավիճակը ԼՂ-ի հայ մեծամասնությունը ճշգրտել է երկու հանրաքվեներով՝ 1991 թվականի դեկտեմբերի եւ 2006 թվականի սահմանադրական: Այսինքն՝ խնդիր չէ, թե նախկինում ԼՂ-ում ապրած 10-15 հազար ադրբեջանցիներն ինչ վերաբերմունք ունեն: Բայց եթե իրենք ուզում են հարցը տեղափոխել այդ հարթություն, ապա պետք է նկատել, որ Ադրբեջանի սուվերենությունը պետք է սահմանափակվեր ԼՂ-ի հայ բնակչության կամքի արտահայտությամբ, կամ Բաքվում ապրող 30 հազար հայերը, նաեւ՝ թալիշները, լեզգիները, Ադրբեջանի ռուսախոս բնակչությունը պետք է հանրաքվե կազմակերպեն ու պատասխանեն հարցին՝ արդյոք իրենց բավարարո՞ւմ է Ադրբեջանի ներկայիս ինքնիշխանությունը: Անվերջ ինքնորոշում գոյություն չունի: Գոյություն ունի ԼՂՀ կարգավիճակի միջազգայնացման առաջնահերթություն, ինչը որոշակիացված է, միջազգային հանրությունն էլ փորձում է գտնել տարբերակ, որն ընդունելի կարող է լինել նաեւ Բաքվի համար: Ցավոք, պաշտոնական Բաքուն դեռեւս որեւէ ընկալողունակություն չի դրսեւորում»,- ասաց Վահրամ Աթանեսյանը:
Վերջերս ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանինը, իսկ մի քանի օր անց՝ նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը խոսել էին ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դրական ազդեցության մասին: Մինչդեռ մշտապես, երբ Թուրքիան այդ առիթով հավակնություն էր դրսեւորում, միջազգային հանրությունը բավականին դիվանագիտորեն Թուրքիային իր տեղն էր ցույց տալիս: Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորում Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության այս նորահայտ սերը: «Ադրբեջանն ունի էներգակիրներ, որոնք պետք է տարանցվեն Եվրոպա, եւ Թուրքիան հանդիսանում է այն հանգուցային երկիրը, որը փոխանցելու է դրանք: Եվրոպան ողջունել է թուրք-ադրբեջանական համաձայնությունները, եւ հիմա, իմ կարծիքով, Եվրոպայի կողմից փորձ է արվում որոշակի քարոզչական փոխհատուցում, ռեւերանս անել Թուրքիային»,- ասում է մեր զրուցակիցը: Մյուս կողմից՝ նա չի ցանկանում արժեզրկել Թուրքիային որպես տարածաշրջանում ազդեցություն եւ հետաքրքրություններ ունեցող երկիր: Ուստի կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է Թուրքիային մղի շահագրգիռ կողմ լինելուց մեկ քայլ առաջ: Թե ինչո՞վ կավարտվի Թուրքիային կառուցողական դաշտ մղելու եվրոպացիների նախաձեռնությունը՝ ժամանակը ցույց կտա: Բայց Վահրամ Աթանեսյանը նաեւ հիշեցնում է, որ «մեդալի հակառակ կողմը» ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են. «Եվ եթե Թուրքիան այդքան կոնստրուկտիվ է, ապա ինչո՞ւ եվրոպացիները նրան չեն ընդունում ԵՄ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































