
Հայաստանում իբրեւ խոցելի խումբ առանձնացնում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց՝ ծերերին եւ թոշակառուներին, այլեւ ԼԳԲՏ անձանց (լեսբուհի (կին նույնասեռական), գեյ (տղամարդ նույնասեռական), բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր (գենդերափոխ). այդ են վկայում «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում. 2011» հետազոտության արդյունքները, որն իրականացրել են «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ն ու «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոնը:
Բոլոր խոցելի խմբերի հանդեպ էլ անհանդուրժողական վերաբերմունք կա, ու պետությունն էլ առանձնապես ուշադրություն չի դարձնում ոչ թոշակառուների խնդիրներին, ոչ հաշմանդամություն ունեցող անձանց եւ ոչ էլ, առավել եւս, ԼԳԲՏ-ներին:
Ըստ հետազոտության արդյունքների, հայերի՝ ԼԳԲՏ անձանց մասին ունեցած գիտելիքը կարծրատիպային է եւ դուրս գիտական բացատրությունների շրջանակից. պետությունն իրականում ոչինչ չի անում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարվող իր քաղաքականության մեջ, ուստի այդ բացը պետք է լրացվի նրանց դեմ պայքարելու միջոցով:
Մարդիկ «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունենալը դիտարկում են որպես հիվանդություն, արեւմտյան երկրների բացասական ազդեցություն, սխալ դաստիարակության հետեւանք, համացանցով շփման արդյունք: «Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդուն հիվանդ համարելը գուցեեւ սխալ է, բայց մեր հասարակությունն այնպիսին է, որ չի ընդունում այդ երեւույթը ու հետեւաբար կարող է տալ ցանկացած որակում: Մարդիկ կարծում են, որ գեյերը հիվանդներ են, քանի որ անհասկանալի է, թե ինչպես կարելի է սիրել կամ ցանկանալ նույն սեռի մարդուն: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը հիվանդություն չէ, այդպիսի մարդիկ տարիների ընթացքում են դառնում միասեռական, ինչն էլ պայմանավորված է նրանց հոգեվիճակով, ապրումներով, դաստիարակությամբ: Նրանք հիվանդ չեն, սովորական մարդիկ են, գուցե նրանց հոգին է հիվանդ… Եթե տղան մեծացել ու հասկացել է, որ ինքը սիրում է սեռական հարաբերություն ունենալ ոչ թե կնոջ, այլ տղամարդու հետ, եթե նա ուզում է գեյ լինել, դա չի նշանակում, որ պետք է նրանց հալածել: Եթե ես շոկոլադե պաղպաղակ չեմ սիրում, վանիլայինն եմ նախընտրում, ապա պետք չէ ինձ ստիպել շոկոլադե պաղպաղակ ուտել կամ ինձ հիվանդ համարել, քանի որ ես դա չեմ սիրում: Չէ՞ որ ես առանց շոկոլադե պաղպաղակի էլ եմ ինձ լավ զգում: Չի կարելի մարդկանց դասակարգել վանիլային եւ շոկոլադե պաղպաղակ սիրողների»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեվերլուծաբան Վարդգես Հունանյանը, ըստ որի՝ ոչ արեւմտյան երկրների բացասական ազդեցությունը եւ ոչ էլ համացանցով շփումը չի կարող պատճառ հանդիսանալ, որ կայացած մարդը փոխի իր սեռական կողմնորոշումը:
ԼԳԲՏ անձանց վերաբերյալ անցկացված հետազոտության մեջ նշված է, որ հասարակությունն այն աստիճան չի հանդուրժում վերջիններին, որ նույնիսկ չի օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձը: «Անմտություն է: Մարդու սեռական կողմնորոշումը ի՞նչ կապ ունի նրա սպասքից չօգտվելու հետ: Բնականաբար, այս տեսակետը բխում է ԼԳԲՏ-ների մասին սխալ ինֆորմացիայի տիրապետելուց»,- նշեց Վ. Հունանյանը:
Հետազոտության մասնակիցների մեծամասնությունը կարծիք է հայտնել, որ հայ ազգին հարիր չէ իր շարքերում ունենալ ԼԳԲՏ անձ, քանի որ ԼԳԲՏ-ները տարօրինակ մարդիկ են, երեւույթը շեղում է, պետք է դատապարտվի հասարակության կողմից: ԼԳԲՏ-ների հանդեպ անհանդուրժող վերաբերմունքն ու դիրքորոշումը մարդկանց ետ է պահում նրանց հետ ունեցած շփումից: Ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին չհանդուրժողները՝ «ինչպե՞ս կվարվեք, եթե տեսնեք, որ բռնության են ենթարկում նույնասեռականին» հարցին պատասխանել են՝ «անտարբեր կանցնեմ, կգնան»: «Այ, սա արդեն անհանդուրժողականության գագաթն է: Ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել, երբ կողքիդ մարդ են ծեծում: Հայը չի կարող այդքան դաժան լինել: Անկախ սեռական կողմնորոշումից՝ մարդը մնում է մարդ եւ ունի նույն սահմանադրական իրավունքները, ինչպես որ բոլորը»,- ավելացրեց Վ. Հունանյանը:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































