Բնապահպանները համոզված են, որ նախարարությունը եթե փակվի, դրանից ավելի շատ կշահեն բնությունն ու ժողովուրդը: Այսօր «Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանը: Ըստ նրա, նախարարությունն այնպիսի որոշումներ է կայացնում, որ «բնության հերն անիծում է»:
Միջոցառմանը ներկա «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի ներկայացմամբ էլ՝ այսօր Հայաստանում ամբողջ հանքարդյունաբերության շահույթը գնում է մի քանի ընտանիքների բյուջե, իսկ հայ ժողովրդին եւ պետությանը մնում են թափոնները. «Օրենքով բացահայտ հանցագործություն են անում»: Ըստ Սանասարյանի, ընդերքի մասին օրենքի նախագծում չներառել հանքարդյունաբերական թափոնների մասին հոդված եւ պոչամբարները, պարզապես, ծածկագրել «լցակույտեր» անվանմամբ, առնվազն քայքայիչ նախագիծ է մեր երկրի համար:
Բնապահպանները դեռ մի քանի ամիս առաջ առաջարկել էին օրենքի նախագծում նաեւ պոչամբարների մասով հարկատեսակ մտցնել, ինչը բացի այն, որ պետբյուջե մեծ գումարներ կբերեր, նաեւ կուղղվեր բնապահպանական վնասների փոխհատուցմանը. «Օրինակ՝ Թեղուտում հանքի շահագործումից առաջացած տնտեսական վնասները գնահատվել են 2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ 4 գետակներ են վնասվելու, եւ հազարավոր հեկտարներով անտառ է ոչնչացվելու: Բնապահպանական վնասը գնահատվել է 175 հազար դրամ»: Եթե կիրառվեր պոչամբարների մասով հարկատեսակը, ինչը բոլոր զարգացած երկրներում ընդունված է, ապա, մասնագետի հաշվարկներով, տարեկան 20 միլիարդ դրամ կմտնի պետբյուջե: Նա օրինակ բերեց Քաջարանի տարբերակը: Պարոն Սանասարյանը վստահ է, որ եթե սրան էլ գումարենք հանրապետության մյուս պոչամբարները, ապա պետբյուջե կմտնի տարեկան 760 միլիարդ դրամ:
Ընդերքի մասին օրենքի նախագծում այս հարկատեսակը չընդգրկելը, մասնագետների կարծիքով, միայն մեկ պատճառ ունի: Հակոբ Սանասարյանի խոսքերով. «Հանրապետությունում չկա մի հանք, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներն ու որոշ պատգամավորներ մասնաբաժին չունենան, կամ էլ՝ սեփականատեր չլինեն: Ինչո՞ւ հարկ մուծեն, հենա այդ գումարն իրենց գրպանը կգնա»:
Կարդացեք նաև
Իրավախորհրդատուի խոսքերով էլ՝ բնապահպանության նախարարությունն անգամ չի էլ ուզում այդ պոչամբարների բնապահպանական անձնագրերի մեթոդը կիրառի, ինչը գոյություն ուներ խորհրդային տարիներին: Այդ անձնագրերով որոշվում է պոչամբարների վնասակարության եւ թունավորվածության աստիճանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































