Բուլատ Օկուջավան մի երգ ունի այն մասին, թե ինչպես է թագավորը գնում պատերազմի՝ թշնամուց մի պարկ մեղրաբլիթ նվաճելու ակնկալիքով: Նա իր հետ է վերցնում 5 ուրախ եւ 5 տխուր զինվոր: Տխուրները զոհվում են, իսկ ուրախները վերադառնում են տուն՝ իրենց հետ բերելով մեղրաբլիթների տեսքով բաղձալի ավարը: Եվ պետք չէ առանձնապես հուզվել տխուր զինվորների ճակատագրի համար, հեգնում է բանաստեղծը, որովհետեւ մեղրաբլիթները, միեւնույն է, բոլորին չէին հերիքի:
Ընտրություններն էլ, հավանաբար, մեր քաղաքական գործիչների համար պատերազմի նման բան են: Իսկ մեղրաբլիթը տվյալ դեպքում պատգամավորական տեղն է: Դրանք ընդամենը մի պարկ են՝ 131 հատ: Դրանցից 41-ը հիմնականում արդեն բաշխված են՝ նրանք, ովքեր «լավ են նայել» իրենց տարածաշրջանի ժողովրդին վերջին 5 տարվա ընթացքում, նրանք էլ մեծամասնական պատգամավոր կդառնան: Իսկ լավ են նայել նրանք, ովքեր լավ փող ունեն, վերջիններիս շարքին էլ Հայաստանում պատկանում են նրանք, ովքեր գտնվում են իշխանության գրպանում: Հետեւաբար, այստեղ իշխանությունը ի սկզբանե շահել է խաղը: «Մեծամասնական-համամասնական» բանավեճի իմաստը հենց դա է. Հայ հեղափոխական դաշնակցություն անունը ավելի բարձր է հնչում, քան Արա Նռանյանինը, իսկ մեր ժամանակների խոշոր ինտելեկտուալ Տիգրան Արզաքանցյանի անունը Գավառում ավելի հնչեղ է, քան ՀՀԿ-ն: Այստեղից էլ 41 մեղրաբլիթների ճակատագրի կանխորոշված լինելը:
Մնաց 90 հատ: Հայաստանում կա 3-4 կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրն իրեն իրավացիորեն կամ հանիրավի հզոր է համարում եւ պնդում է, թե ունի հարյուր հազարավոր անդամներ: (Դա, ի դեպ, խիստ կասկածելի է, որովհետեւ այդ դեպքում Հայաստանում ամբողջ չափահաս բնակչությունը կլիներ կուսակցական): Այդպիսի կուսակցություններում կան առնվազն 90 հոգի, ովքեր պարզապես երազում են դառնալ պատգամավոր: Սակայն այդ 90 մանդատը մեկ կուսակցության չի հասնի՝ դրանք այս կամ այն ձեւով կբաշխվեն այդ 3-4-ի միջեւ: Այստեղից էլ առաջանում է «անցողիկ տեղ» հասկացողությունը: Հենց սա է մեղրաբլիթների խնդիրը, որոնք բոլորին հաստատ չեն հասնի:
Մենք՝ հայերս, շատ մեծ դժվարությամբ ենք ընդունում, որ կա որեւէ մեկը, որը մեզնից ավելի տաղանդավոր է, ավելի շատ ծառայություններ ունի ազգի առաջ եւ կարող է ավելի օգտակար լինել ընդհանուր գործին: Այդ տրամաբանությամբ մի քանի տասնյակ կուսակցականներ վստահ են, որ իրենց տեղը ցուցակում եթե ոչ առաջինն է (այն ի պաշտոնե պետք է զբաղեցնի կուսակցության ղեկավարը), ապա հաստատ երկրորդը: Ցանկացած այլ տեղ դիտվելու է որպես մահացու վիրավորանք: Այսքանից հետո պատկերացնո՞ւմ եք, թե որքան լարված մթնոլորտ է հիմա կուսակցություններում:
Կարդացեք նաև
Չէ, որ կողմից էլ նայես, ընտրությունները մեր ժողովրդի մեջ դատարկ տեղը հակասություններ են առաջացնում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































