Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտված թեկնածուները ագրեսիվ են ու դեպրեսիայի մեջ

Մայիս 10,2012 15:10

 Հոգեբանը պատրաստ է ժողովրդին հետընտրական դեպրեսիայից հանել ներշնչանքի միջոցով: Այսօր «2 երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հոգեբան Գոգա Հարությունյանը վստահեցրեց, որ այսօր հայ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է` վհատված ու հուսահատ վիճակում եւ խորհուրդ տվեց դիմել հոգեբանի օգնությանը: Aravot.am-ի այն հարցին էլ, թե հոգեբանն ինչպե՞ս է օգնելու ժողովրդին, եթե նա հուսահատության մեջ է կեղծված ընտրությունների պատճառով, պարոն Հարությունյանն ասաց. «Անհատական պիտի ասեմ, օգնենք՝ ցույց տալ մոտ ապագան մի քիչ վառ գույներով, ներշնչանքի մեթոդով»:

Aravot.am-ը հոգեբանին խնդրեց մեկնաբանել այն պարտված պատգամավորների հոգեվիճակը, որոնք հրաժարվում են իրենց լսարանին որեւէ բան ասել եւ նրանց, որոնք պարտվել են, բայց արդեն շնորհավորել են իրենց հակառակորդին: Գոգա Հարությունյանի խոսքերով` «Այստեղ դաստիարակության, քաղաքակրթական ապրելաձեւի  մասին է խոսքը: Եթե ես պարտվել եմ, իմ կրթությունը թույլ է տալիս սեղմել ձեր ձեռքը, որովհետեւ վաղվա օր կա, շարունակություն կա: Կա մեկ ուրիշը` ինչո՞ւ դու, ոչ թե ես: Նա ոչ թե ցանկացել է հաջորդ անգամ ընտրվել, այլ հավատացել է, բայց, ավաղ, տեսել է, թե ինչ է կատարվել եւ նրա մոտ կա ավելի շատ ագրեսիա: Այդ ագրեսիան ու անհանդուրժողականությունն է, որ նա չի ընդունում պարտությունը»: Ըստ հոգեբանի, պարտվողների մոտ այժմ դեպրեսիա է եւ դեռ երկար կտեւի:

Մեր այն հարցին էլ, արդյոք դեպրեսիվ պարտված թեկնածուները պատրա՞ստ են կրկին պայքարել, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Նրանք ոչ թե կպայքարեն, նրանք կլինեն ընդդիմություն, այնպիսին ինչպիսին Լեւոնը…(նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին.-Ն.Բ.) այդ ընկերոջ պես, որն այնքան վրդովված է ու վհատված, որ պատրաստ է մանդատը վայր դնել: Նա ակնկալիք ուներ՝ եթե ոչ առաջինը, ապա գոնե պիտի 2-րդը լինեի, հիմա եթե ես չեմ եղել,  ուրեմն ամեն ինչ վատ է, եթե ամեն ինչ վատ է, ուրեմն ես պիտի գնամ անեմ այն ամենը, ինչը հիմա տեսնում ենք: Այդ մարդը դեռ չի կարող հասկանալ, որ ինքը կարող է պարտվել»:

Մեր այն հարցին էլ՝ հուսահատ ժողովուրդը պատրա՞ստ է դուրս գալ պայքարի, հոգեբանը պատասխանեց.«Իհարկե, ոչ, որովհետեւ մեր ժողովուրդը վախկոտ է: Այնքան վախկոտ է, որ չի կարող իր իրավունքները պաշտպանել: Տեսեք թե հանրահավաքները ինչպես են վերջացել. մի հատ «փշտ» են արել, բոլորը փախել են»: Գուցե համապատասխան լիդե՞ր չկա՝ մեր այս հարցին էլ պարոն Հարությունյանը պատասխանեց.«Լիդերի խնդիր չէ, դաստիարակության խնդիր է, գիտեք թե ինչպիսին է կրթական մակարդակը: Այն մարդիկ, ինտիլիգենտ ընտանիքները, որոնք պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար, մեծ մասը թողել հեռացել է այստեղից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031