ԱԺ կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի 1.1 կետում հստակ գրված է. «Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ խմբակցության ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ կառավարության կազմում ընդգրկված չէ»։ Եթե ԲՀԿ-ն հստակ չհայտարարի՝ ինքը ընդդիմություն է, թե՝ ոչ, դա կարող է լուրջ խնդիրներ հարուցել ԱԺ աշխատանքներում։ Նախ, կառավարության ծրագրի հաստատումից հետո ԱԺ-ում պետք է ձեւավորվի էթիկայի հանձնաժողով, որը, ինչպես հայտնի է, վերահսկելու է պատգամավորների վարքը։ Սույն հանձնաժողովը գործելու է ռոտացիոն սկզբունքով, եւ վեց ամիսը մեկ դրա նախագահ է լինելու ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որեւէ ներկայացուցիչ։ ԲՀԿ-ն ասում է, որ ինքն այլընտրանք է գործող իշխանությանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, եւ անհասկանալի է, թե ինչպես է ձեւավորվելու էթիկայի հանձնաժողովը, ինչպես նաեւ խորհրդարանական միջազգային պատվիրակությունները, մասնավորապես՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ եւ այլն, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ներկայացված լինեն համամասնորեն։ Մի խոսքով, ԲՀԿ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, որպեսզի հասկանալի դաոնա, թե ինչպես են ձեւավորվելու պատվիրակություններն ու էթիկայի հանձնաժողովը։ Բայց Բարգավաճի վարքը դեռ անհասկանալի է. մի կողմից Ծառուկյանը հրաժարվում է կոալիցիայի մաս կազմել, մյուս կողմից գնում է օդանավակայան՝ Սերժ Սարգսյանին ճապոնիա ճանապարհելու, մի կողմից նրա խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, մյուս կողմից, եթե կառավարությանը մաս չի կազմում, ապա ինչ է, եթե ոչ՝ ընդդիմություն։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»



















































