Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Ավետիսյան. Փոքր տարածքի պատճառով Ժամանակակից արվեստի թանգարանը ցուցադրում է 2015 նմուշից 185-ը (Տեսանյութ)

Հունիս 06,2012 15:25

«1972 թիվ: Հունիսի 8: Մինչ Ժամանակակից արվեստի թանգարանի բացումը, ինչը 3 անգամ կենտկոմը հետաձգեց, դեռ մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներ էին տարվում Հենրիկ Իգիթյանի եւ Գրիգոր Հասրաթյանի կողմից: Առաջին ցուցադրության  համար իրենց գործերը տրամադրեցին ժամանակի մեծ վարպետներ Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Հարություն Կալենցը, Մինասը»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ նկարիչների միության անդամ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:

Նշենք, որ հունիսի 8-ին լրանում է Ժամանակակից արվեստի թանգարանի 40-ամյակը, ինչի առիթով սպասվում է 80-ականների նկարիչների գործերի եւ թանգարանի մասին  պատմող ֆիլմի ցուցադրություն: Տնօրեն Նունե Ավետիսյանը նշեց, որ ժամանակին շատերը չէին հավատում թանգարանի բացմանը, սակայն կայանալուց հետո,  20 տարի շարունակ, թանգարանը միակն էր ԽՍՀՄ-ում. «Վերջին 20 տարիների ընթացքում էլիտար շենքեր են կառուցվում՝ մշակութային կենտրոնների եւ թանգարանների փոխարեն: Ունենք 2015 նմուշ, որոնցից ցուցադրվում են ընդհամենը 185-ը՝ փոքր տարածքի պատճառով: Անցյալ տարի հանդիպեցինք Ռուսաստանի մշակույթի փոխնախարարի հետ, ով ասաց՝ «դուք դեռ այս շենքո՞ւմ եք…»: Նման պայմանների պատճառով նա հրաժարվեց Մոսկվայի Տրետյակովսկու անվան պատկերասրահից նմուշներ տրամադրել»:

Խնդրի շուրջ Ռ. Էլիբեկյանը հավելեց. «Եթե եվրոպական երկրների թանգարանների մեկ սրահում մի նմուշ է ցուցադրվում, ապա Ժամանակակից արվեստի թանգարանում՝  միանգամից 30-ը, բայց չէ՞ որ թանգարանը մեր հոգեւոր սնունդն է: Եթե ուզում ենք զբոսաշրջիկների հոսքը շատանա, ապա պայմաններ է պետք ստեղծել: Ինչքա՞ն կարելի է էլիտար շենքեր կառուցել»:

Մշակութաբան Ռուբեն Անգալադյանը նշեց, որ արվեստը մշտապես շարժման մեջ է գտնվում: «Որքան մեծ ծավալներ է կյանքն ընդգրկում, այդքան էլ արվեստն է զարգանում: Մենք դեռ այն ժամանակ պետք է հասած լինեինք այն բանին, որ թանգարանը մեծ շենք ունենար: Եթե մինչ այժմ չունենք, ուրեմն հիմա է եկել այդ պահը: Չի կարելի բնակելի շենքի առաջին հարկում արվեստի գլուխգործոցներ պահել: Նշանակում է, որ ինքներս մեզ չենք հարգում»,-հավելեց Անգալադյանը:

Ն. Ավետիսյանը նշեց, որ նախորդ տարի Ժամանակակից արվեստի թանգարանն ունեցել է 13, իսկ այս տարի դեռ 7 ցուցադրություն էլ նախատեսում է ներկայացնել: «Հասկանալի է, որ պետությունն ունի պետական կարեւոր ծրագրեր, բայց դրանցում պետք է նաեւ թանգարանը ներառել: Եթե գտնվի համապատասխան ներդրող, ապա կարծում եմ՝ պետությունը կաջակցի շենքի տրամադրման գործում»,-ասաց տնօրենը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930