Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունքի փոխարեն՝ նախընտրական ծրագիր

Հոկտեմբեր 10,2012 10:31 Share

Այո, Վարդան Օսկանյանը սրընթաց է գործում, որի հետեւից չի հասնում անգամ նրա հարազատ կուսակցությունը` «Բարգավաճ Հայաստանը»:
Ինչպես գիտեք, նախօրեին Օսկանյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն պետք հանդես գա սեփական թեկնածուով: Որպես նախագահի թեկնածու նա առաջինը նշեց իր կուսակցության առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի անունը:
«Սակայն եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, պատրաստ են ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- «համեստորեն» ավելացրեց Օսկանյանը:
Նրա այս հայտարարությունը գրեթե շոկ առաջացրեց քաղաքական դաշտում: Երեկ տարբեր քաղաքական ուժեր ու դեմքեր ակտիվորեն քննարկում էին Օսկանյանի հայտարարությունը կամ, ավելի ճիշտ, զարմանքով անդրադառնում նրա հավակնություններին, դրանց «չափին ու ծավալին»:
Նկատելի իրարանցման պայմաններում զարմանալիորեն «ստվերում» մնաց ԲՀԿ-ն: Կուսակցության բազմաթիվ խոսնակներից եւ ոչ մեկը չարձագանքեց կուսակից անդամի հայտարարությանը: Ի տարբերություն բոլորի, ԲՀԿ-ն շարունակում է «խորիմաստ» լռել:
Թեպետ ինչ-որ արձագանք կարծես թե եղավ. ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը հայտարարեցին. «Պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽ ԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ»:
Մի քիչ զավեշտական ստացվեց, բայց դա է: Մարդը ուզում է նախագահի թեկնածու առաջադրվել, իսկ ԲՀԿ-ականները նրան «դեմ են տալիս» ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության անդամի կարգավիճակը:
Բայց, ախր, Օսկանյանը հստակորեն հայտնել է իր ցանկությունը, ինչն ամենեւին Վեհաժողովի պատգամավորի պաշտոնը չէ:
Սակայն, ինչպես արդեն նկատեցինք, Օսկանյանը գործում է շատ արագ, ամենակարեւորը` նպատակասլաց:
Երեկ նա «Ֆեյսբուքի» իր էջում շարադրեց նախագահի թեկնածուի իր նախընտրական ծրագիրը: Նկատենք, որ 2008-ին նույնիսկ Տեր-Պետրոսյանը այդպիսի ծրագիր չուներ: Իսկ ահա Օսկանյանը կետ առ կետ մատնանշել է այն հինգ ուղղությունները, որոնք ինքը տեսնում է, եւ ներկայացրել է այդ խնդիրների լուծման սեփական բանալին: Դե, մարդը ԱԱԾ-ում ցուցմունք տալու փոխարեն նախընտրում է զբաղվել ավելի լուրջ գործով, մանավանդ որ նախագահական ընտրություններին շատ ժամանակ չի մնացել:
«Նախագահական ընտրությունները սարերի հետեւում չեն: Հայաստանում «քաղաքական» բանավեճը եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ: Անկախ այն բանից, թե ովքեր կլինեն գլխավոր թեկնածուները, կարծում եմ, այսօրվանից արդեն պետք է սկսել քննարկել եւ բանավիճել մեր երկրի եւ ժողովրդի համար ամենաճակատագրական խնդիրների շուրջ եւ սկսել այլընտրանքներ որոնել` հաշվի առնելով համարյա բոլոր ուղղություններով մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ իրավիճակը»,- գրում է նախագահի «այլընտրանքային» թեկնածուն:
Երկրի բարոյահոգեբանական մթնոլորտ, քաղաքական դաշտի առողջացում, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրություն: Օսկանյանը կարեւորում է այս խնդիրները եւ մանրամասնում դրանց լուծման ճանապարհները:
Ըստ նրա. «Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի տնտեսական աճը եւ աշխատատեղերի ստեղծումը: Դրա համար կառավարությունն իր վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնելով` ամենակարճ ժամկետում պետք է իրականացնի տնտեսական աճին միտված հարկային բարեփոխումներ»:
Իսկ հետաքրքիր է, ինչպիսի՞ն է արտաքին քաղաքականության նրա «տեսլականը». «Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձեւավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը, արտաքին քաղաքականությունը որպես նպատակ դիտարկելուց անցնել այն որպես միջոց օգտագործելուն եւ իսկական նախաձեռնողականություն դրսեւորել, օգտագործել տարածաշրջանում եւ դրանից դուրս ստեղծված նոր իրավիճակը` մեզ հուզող հարցերում դիվանագիտական առավելության եւ դրական արդյունքների հասնելու համար»:
Հենց այս ոգով էլ շարադրված է նրա մշակած ծրագրային դրույթներից յուրաքանչյուրը, եւ դրանք լիովին համապատասխանում են նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրի «չափորոշիչներին»:
Օսկանյանն իր այս ոչ պաշտոնական փաստաթուղթը ավարտում է հետեւյալ դիտարկումով. «Նախագահական այս ընտրությունները ակնհայտորեն արդեն անձերի ընտրություն չէ, այլ Հայաստանի ապագայի»:
Այսպես, մինչ քաղաքական ուժերից շատերը ամեն շաբաթ ասուլիսներում ծույլ-ծույլ հայտարարում են, թե իրենք դեռ չեն որոշել նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը, մինչ նրանցից ոմանց դեռեւս չի հաջողվում հարթել ներքին «ռազբորկաները», մի մասն էլ մտորում է համագումարների օրվա նշանակման հարցի շուրջ, իսկ մյուսները սպասում են իրենց առաջնորդների որոշմանը, Օսկանյանն արդեն գրել է սեփական ծրագիրը, այն դրել շրջանառության մեջ:
Ըստ էության, միայնակ, ԲՀԿ-ից անկախ նա սկսել է ակտիվորեն զբաղվել նախընտրական քարոզչությամբ: Կամ որ ավելի ճիշտ է ասել` սեփական թեկնածությունը հանրության աչքում համոզիչ դարձնելու գործով:
Ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն չորս ամիս խոսում են միասնական թեկնածուի մասին, տեղ-տեղ թեւաթափ լինում ու հայտարարում, որ դա իրատեսական չէ:
Ահա խնդրեմ` միասնական թեկնածուն` ձեր կողքին է, պատասխանատվություն ստանձնում է, ծրագիր էլ ունի: Ուրիշ էլ ի՞նչ է պետք:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031