Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյանի գյուղապետի սպանության մասին. «Զոռբայությամբ, մարդ սպանելով չի կարելի խնդիրներ լուծել»

Ապրիլ 04,2013 23:54

Պռոշյանի դաշնակցական գյուղապետի դեմ մահափորձ իրականացնելու փաստով հարուցված քրեական գործը ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանին հիմք է տալիս մտածելու, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի:

 

«Անկախ կատարողներից կա անհանդուրժողության մթնոլորտ, որը համարում ենք այս դեպքի դրդապատճառ: Անկախ նրանից, թե ովքեր են կատարողները, քաղաքական ենթատեքստ ունի տեղի ունեցածը: Ի դեպ, դեպքի առիթով հարուցված քրեական գործի 2 հոդվածներից մեկում ասվում է՝ սպանություն անձի, կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ: Սա արդյոք նույն բա՞նը չի հաստատում»-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Շահբազյանը:

 

Անդրադառնալով Կոտայքի մարզպետի բնորոշումներին` «Հ. Մուրադյանը միջակից մի քիչ ցածր համայնքի գյուղապետ էր», պարոն Շահբազյանն ասաց. «Մարզպետը, մեղմ ասած, անհաջող հարցազրույց էր տվել: Մարզի ղեկավարն իրավունք չունի նման հարցազրույց տալ, մանավանդ, երբ դեպքը նոր է կատարվել: Ի վերջո, մենք պաշտոնյաների չափանիշները գիտենք: Գիտենք` ում են բարձր պաշտոնյաները դարձնում ղեկավարներ եւ նրանք ինչպիսին են լինում: Իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների` համար լավ ղեկավարի չափանիշներն այլ են: Այդ է վկայում նաեւ այսօր մեր երկրում առկա կադրային ողջ համակարգը»:

 

Մեր հարցին, թե ինչպե՞ս են գյուղապետի դեմ ուղղված ահաբեկչական քայլերի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրել, ինչպես պարոն Ռուստամյանն էր պնդում, երբ ՀՀ ոստիկանությունում անգամ մի անգամ ահազանգ չի եղել, պարոն Շահբազյանն ասաց. « Ես մանրամասներին ծանոթ չեմ: Համենայնդեպս, մեր պաշտոնյաների գործունեությանը մեր մարմինները մշտապես հետեւում են, որովհետեւ մեզ համար կարեւոր է, թե ինչպես նրանք կղեկավարեն: Նաեւ եթե ինչ-որ խնդիրներ ունենում են, կուսակցությունը փորձում է աջակցել, ահազանգել, հարթել խնդիրները: Իսկ Հրաչ Մուրադյանը աչքի ընկնող ընկեր էր, որը 90 թվականից իր գործով, նվիրվածությամբ հայտնի էր:

 

Եղել է լարվածություն: Բոլորս էլ լսել ենք, որ խնդիրներ են ծագել ամեն անգամ, երբ Պռոշյանում ընտրություններ են տեղի ունեցել: Անկախ նրանից կահազանգե՞ն, թե՞ ոչ՝ իշխանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, ուշադրություն դարձնել, երբ հարցեր են ծագում: Խնդրեմ փաստը, որ անուշադրությունը ներքին ինչ-ինչ երեւույթներին հանգեցնում է այս տեսակ ելքի: Չեմ ուզում դարձյալ կոնկրետացնել, բայց անպայման եղել է ենթահող այս կատարված իրադարձություններր համար: Բոլորի համար պետք է պարզ լինի, որ այս երկրում զոռբայությամբ, ահաբեկումներով , մարդ սպանելով չի կարելի խնդիրներ լուծել:

 

Բայց, եթե մարդիկ դեռ փորձում են այդպիսի բաներ անել, ուրեմն դրա համար առնվազն հոգեբանական ենթահող կա, մի մտածողություն, որ այո՛, մեր երկրում թույլատրելի եւ իրենց արդարացնող են նման մեթոդները: Հիմա կարող եմ տարբեր օրինակներ բերել, բայց ընդամենը մեկը հիշեմ: Մեկ ընդդիմադիր քաղաքապետ գոյություն ուներ Հայաստանում` Կապանի դաշնակցական քաղաքապետը: Չհանդուրժեցին, չէ՞: Ամեն ինչ արեցին, որ մարդը հրաժարվի: Սա է մեր երկիրը, անկախ նրանից, թե ինչքան ամպագորգոռ բաներ կասեն ժողովրդավարության մասին:

Հանրապետության նախագահը միշտ լավ ճառեր է ասում, բայց դժբախտաբար նրա խոսքն ու իրական կյանքը միշտ չէ, որ համընկնում են:

… Ես չեմ կարող ասել, որ իշխանությունները շահագրգռված պետք է լինեին գյուղապետի սպանությամբ կամ ինչ-որ կոնկրետ շահ ունեին դրանից: Այդպիսի բան ասելու համար փաստեր պետք է ունենաս: Հուսանք,որ այս անգամ ամեն ինչ կբացահայտվի եւ պարզ կդառնա ճշմարտությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930