Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրե Մորուային եւ Տիգրան Մանսուրյանին՝ «Նման ընդունելություն այլեւս չսպասես»

Մայիս 18,2013 12:40

Վերջերս հայաստանյան հայտագրերում տարբեր առիթներով հաճելիորեն հաճախ է «հնչում» սիրված ու սպասված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունը: Ապրիլին կայացավ կոմպոզիտորի «Ռեքվիեմի» պրեմիերան, վերջերս «MEZZO» ակումբում՝ նրա հեղինակային երեկոն, իսկ երեկ էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, այլ ստեղծագործությունների թվում, ներկայացրեց երկու հատված Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետից: Համերգի ավարտին մասնագետների ու հանդիսականի կեսկատակ-կեսլուրջ արտահայտած տարակուսանքը՝ ինչպե՞ս է, որ մեզանում վերջին ամիսներին այսչափ անդրադառնում են մանսուրյանական երաժշտությանը, «Առավոտը» հայտնեց կոմպոզիտորին: «Ժամանակին, Անդրե Մորուայի առաջին գրքի հրատարակումից հետո, գովեստի ու հիացմունքի ալիք բարձրացավ Ֆրանսիայում: Այդժամ նրա ուսուցիչը՝ փիլիսոփա Ալենը, դարձյալ հիացմունքի տողեր հղելով գրողին, ասել է՝ նման ընդունելություն այլեւս չսպասես, սովորաբար դա տեղի է ունենում արվեստագետի գործունեության սկզբում եւ վերջում…… Հիմա ես հուսամ, որ այսօրինակ ուշադրությունն իմ երաժշտության հանդեպ, Ալենի ասած՝ վերջի վկայությունը չէ»,- հայտնեց մաեստրոն:

Մեր զրուցակցին հիշեցնելով, որ 1989թ. Ազգային օպերային թատրոնում խորեոգրաֆ Վիլեն Գալստյանի, դիրիժոր Հակոբ Ոսկանյանի իրականացրած իր «Ձյունե թագուհի» բալետը տարիներ շարունակ թատրոնի խաղացանկում էր, որը մեծ հաջողություն ունեցավ նաեւ Գերմանիայի Վիսբադենի օպերային թատրոնում, ինչո՞ւ դուրս մնաց խաղացանկից հարցը պարոն Մանսուրյանը շրջանցելով, պատասխանեց. «Այսօր արդեն մեր օպերային թատրոնը տեխնիկայի վերջին ճիչով վերազինելուց հետո պետք է որ վերելքի ճամփան բռնի: Հուսամ, որ մեր ակնկալիքները հայ հեղինակների բալետային գործերը կյանքի կոչելու ուղղությամբ՝ լուծում կստանան: Իսկ ներկայանալի գործեր իսկապես ունենք՝ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, Կոնստանտին Օրբելյանի «Անմահությունը», Գրիգոր Եղիազարյանի «Սեւանը» եւ այլն, ինչպես նաեւ երիտասարդ ստեղծագործողների բալետային երկեր»:

Մեզ հասած տեղեկությունը, թե կոմպոզիտորի ստեղծագործությունները վերջերս կատարվել են նաեւ Վրաստանում, հաստատեց Ռուբեն Ասատրյանը: «Ապրիլին պատիվ ունեցա Վրաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել մաեստրոյի երեք կոնցերտները, իբրեւ մենակատարներ հանդես եկան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Լեւոն Առաքելյանը եւ դաշնակահար Արթուր Ավանեսովը: Խոստովանեմ, որ մեծ պատասխանատվություն, ավելին՝ «դաժան» էր մեկ երեկոյի ընթացքում Մանսուրյանին հատուկ էմոցիոնալ, կերպարային խտացումներով հարուստ ստեղծագործությունների մատուցումը»,- հայտնեց դիրիժորը, հավելելով, որ դա եզրափակիչ համերգն էր «Կոնտրապունկտ» փառատոնի, որն անցկացվում է արդեն 5-րդ տարին եւ յուրաքանչյուր համերգաշար ներկայացնում է երկու կոմպոզիտոր: Այս տարի դա Մանսուրյանն էր եւ վրացի Վաժա Ազարաշվիլին:

Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե հաջորդ «կանգառը» ո՞ր երկիրն է եւ այդ ո՞ր երջանիկ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցվի Մանսուրյանի երաժշտությանը: Կոմպոզիտորն ասաց. «Ես անհամբեր սպասում եմ Գերմանիայում հերթական CD-իս թողարկմանը: «Ամստերդամ-սիմֆոնիետա» նվագախմբի հետ երկերիս ձայնագրություններն իրականացրել են իսկապես աշխարհահռչակ երաժիշտներ՝ ջութակահար Պատրիսիա Կոպաչինսկայան եւ թավջութակահար Անյա Լեխները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Տիգրան Մանսուրյանն ու Ռուբեն Ասատրյանը համերգից

առաջ վերջին «ճշգրտումներն» են անում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031