Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմի մասին

Օգոստոս 08,2013 13:24 Share

Ընկերներիցս մեկը վերջերս նկատել է, որ ակտիվիստների «տրանսպորտային» բողոքի հետ կապված մեր թերթում շատացել են պոպուլիստական նյութերը: Եթե խոսքը լրագրողական պոպուլիզմի մասին է, ապա երթուղային տաքսիներն այդ առումով լավագույն թեման չեն. ընթերցող ձեռք բերելու համար պետք է գրել Քիմ Քարդաշյանի, կամ՝  ծայրահեղ դեպքում հայկական շոուբիզնեսի աստղերի որպիսության մասին: Բայց իմ ընթերցողը, հավանաբար, նկատի ուներ պոպուլիզմի քաղաքագիտական ընկալումը՝ երեւույթ, որը, որպես կանոն, ավելի շուտ խանգարում է, ոչ թե օգնում է խնդիրների լուծմանը:

Պոպուլիզմը քաղաքականության մեջ ես պատկերացնում եմ  հետեւյալ կերպ: Ենթադրենք, դուք A կետից պիտի հասնեք B կետին, ասենք, Զովունիից Երեւան՝ Մամուլի շենք: Նա, ով պատկերացնում է այդ տարածությունը եւ անցել է այն, եթե ազնիվ լինի իր զրուցակիցների հետ, կասի, որ այդ տարածությունը մեքենայով հնարավոր է անցնել 20-30 րոպեում՝ կախված խցանումներից: Տեսականորեն չի կարելի բացառել նաեւ, որ դուք ունեք սեփական ուղղաթիռը, որը հինգ րոպեում կիջեցնի ձեզ Մամուլի շենքի տանիքին: Պոպուլիստը, սակայն, ձեզ կասի, որ ունի մի կախարդական մատանի, որը դուք կդնեք Զովունիում եւ մեկ ակնթարթ անց կհանեք ձեր մատից Մամուլի շենքի ձեր աշխատասենյակում: Պոպուլիստը, այդպիսով, չի ցանկանում տեսնել տարածությունը նպատակի ու միջոցի միջեւ եւ ներկայացնում է այն չափից դուրս դյուրին, դեկլարատիվ եւ դեմագոգիկ ձւեով:

«Իշխանությունը՝ աշխատավորներին», «հողը՝ գյուղացիներին», «գործարանները՝ բանվորներին»: Հրաշալի է հնչում: Բոլշեւիկները գիտեին, թե ինչով կարելի է գայթակղել զանգվածներին: Ամբողջ ցավը սակայն այն է, որ այդ կարգախոսները ուտոպիստական են՝ իշխանությունը եւ սեփականությունը կարող են պատկանել միայն անհատներին (ի հեճուկս մեր ու բազմաթիվ այլ պետությունների սահմանադրությունների պոպուլիստական դեկլարացիաների): Պարզապես նորմալ պետություններում այդ անհատներին մնացած բնակչությունը ստիպում է համը չհանել եւ չափն իմանալ, իսկ մենք մեր անհատներին դա առայժմ չենք կարողացել պարտադրել:

«Տրանսպորտի ուղեվարձը երբեք չպիտի բարձրանա»՝ սա պոպուլիզմ է: Մոտավորապես ինչպես՝ «ոչ թիզ հող թշնամուն»: Բայց ուղեվարձը պետք է բարձրանա օրինական ձեւով, քաղաքապետարանը պետք է հստակ, համոզիչ ձեւով բացատրի, թե ինչի համար ենք մենք վճարում (ինչպես եւ «փարքինգների» դեպքում), նաեւ համոզի մեզ, որ այստեղ չկա շահերի բախում, եւ մասնավոր սեփականատերերը ծպտված պաշտոնյաներ չեն: Կարծում եմ, որ դրանք արդարացված, իրատեսական պահանջներ են, եւ այստեղ պոպուլիզմ չկա:

Ի դեպ, հատկանշական է, որ այսօր հակապոպուլիստ վարչապետ է աշխատում 90-ականների սուպերպոպուլիստների՝ Արշակ Սադոյանի, Սեյրան Ավագյանի, Դավիթ Վարդանյանի նախկին կուսակիցը:
 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031