Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Վարդանյան. «Եթե մենք ունենայինք սեփական զարգացած տնտեսությունը, մեզ չէին կարողանա պարտադրել կամ-կամը»

Սեպտեմբեր 05,2013 21:29

Այսօր Aravot.am-ը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավունքի ամբիոնի վարիչ, հանրային խորհրդի անդամ Ելենա Վարդանյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը անդամագրվելու մասին արած հայտարարությունը, որը դարձավ բողոքի ակցիաների թեմա, շատերը սուսերով ընդունեցին` պնդելով, որ նախագահն ինքնագլուխ որոշում է կայացնում, մինչդեռ Հայաստանի համար այս կարևորագույն հարցը պիտի դրվեր հանրաքվեի: «Այստեղ երկու խնդիր կա, նախ սրերով ընդունելը պայմանավորված է իրազեկության պակասով. հասարակությունը բավարար չափով իրազեկված չէ մեր արտաքին քաղաքականության սկզբունքներին և ընդհանրապես կատարված քայլերին: Երկրորդն այն է, որ մենք ինքներս լավ չենք պատկերացնում, թե ի վերջո ի՞նչ ապագա ենք ուզում մեր երկրի համար: Դժվար է այսօր ասել, թե հայ հասարակությունը կտրականապես դեմ է Ռուսաստանին և լիարժեք ընդունում է եվրոպականը: Մենք այսօր չգիտենք նաև Ռուսաստանի իրական նպատակները կամ նույն Եվրոպային ինտեգրվելու հետևանքները: Ավելին, ես չեմ կարող հասկանալ այս հակասությունը, ինչո՞ւ պետք է անպայման ընտրություն կատարվի, ըստ իս, ընտրություն սովորաբար կատարվում է ռազմական դաշինքների, և այն դեպքում, երբ կան որոշակի քաղաքական խնդիրներ: Ինչպե՞ս կարելի է գլոբալացվող աշխարհում կատարել տնտեսական ուղու ընտրություն, երբ որ Ռուսաստանը մոդեռնիզացվող երկիր է, Եվրոպան էլ ժամանակակից տնտեսական արժեքները կրող երկիր է: Մաքսային այս դաշինքը կարծում եմ, որ չպետք է հակասի մեր եվրոպական կապերին: Եթե վերցնենք տնտեսական խնդիրները, ի վերջո Հայաստանի ինտեգրումը Եվրոպա սկսվել էր հենց տնտեսական պայմանագրերից, տնտեսական համագործակցությունից, տնտեսական այս դաշինքներից, որոնք կազմվել են: Բայց ինչո՞ւ է դժգոհ ժողովուրդը, ժողովուրդը դժգոհ է, որովհետև ոչ մեկի, ոչ մյուսի կողմից մենք բավարար տնտեսական արդյունքներ չենք տեսնում: Հայաստանի սեփական տնտեսությունը չի կայանում, չի զարգանում, բավարար չէ մեր երկրի համար, և մեր տնտեսական կապերը պայմանավորված են զուտ առևտրային հարաբերություններով, մինչդեռ ինձ թվում է մենք այն ժամանակ կարող ենք կայուն հարաբերություններ ունենալ, երբ մենք ներկայանալու ինչ-որ բան ունենանք, արտադրանք ունենաք: Չեմ ասում մենք մրցակից լինենք Եվրոպային կամ Ռուսաստանին, թեկուզև մրցունակ չլինենք, բայց ինչ-որ բանով ներկայանանք: Մենք ասում էինք մեր ջուրը, մեր կոնյակը, մեր աղը և այլն, բայց ժամանակներն անցել են, ոչ մի բան այդչափ պահանջարկ չունի, որ երկրի ներսում նկատելի զարգացում ունենա, և մենք տեսնեիք, որ տնտեսության որևէ ճյուղ կայացել է ու ասեինք, որ շնորհիվ Եվրոպայի կամ Ռուսաստանի համագործակցության, մենք այսօր ունենք արդյունաբերության այսպիսի ճյուղ: Չունենք այն ճյուղը, որը մեզ առաջարկեր բավարար չափով աշխատատեղեր, մտեք ուսանողական լսարան և փորձեք ուսանողների հետ քննարկել մեր երկրի հիմնախնդիրները: Ուսանողը, որը դեռ չի գիտակցում անցյալն ու ապագան, առաջին հարցը կլինի` աշխատատեղ: Դրա համար ես կարծում եմ, որ դժգոհությունը, ընդունել-չընդունելը ենթագիտակցաբար կամ գիտակցաբար մենք պայմանավորում ենք մեր երկի սեփական տնտեսության կայացման հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր ճշգրտող այն հարցին՝ եթե մենք ունենայինք զարգացած տնտեսություն մեզ չպե՞տք է հետաքրքրեր մաքսային միություն ենք մտնում, թե Եվրամիություն, տիկին Վարդանյանն այսպես արձագանքեց. «Մեզ այդ ժամանակ չէին կարող պարտադրել նաև կամ-կամը: Այդ դեպքում կասեինք` մենք էլ այսպես կարող ենք միջամտել միջազգային տնտեսական հարաբերություններին, իսկ հիմա մենք ինչպե՞ս կարող ենք միջամտել, նույնիսկ Ռուսաստանի կողմից ժամանակին վերցված հիմնարկները չեն աշխատում, եթե Ռուսաստանը դրանցից մեկն ու մեկը աշխատեցներ և մեզ համար նկատելի լիներ, կտեսնեինք, որ Ռուսաստանը մեր երկրում ոչ միայն ռազմավարական շահեր ունի, այլ տնտեսական շահեր, որը իրականում միջամտում է մեր սեփական տնտեսությանը և այսօր այսպիսի դժգոհություն չէր լինի»:

Ըստ մեր զրուցակցի, թեև հայ ժողովուրդը հոգեպես կապված է Ռուսաստանի հետ, սակայն դարը փոխվել է, նյութականի ու տնտեսականի դարն է սկսվել: Այնպես որ, ըստ Ելենա Վարդանյանի, նյութականը դժվար է փոխարինել հոգևոր արժեքներով ու հոգևոր միասնությամբ: «Սա նույնիսկ հնարավոր չէ ծածկել տրանսֆերտներով, ահռելի տրանսֆերտներ Ռուսաստանից գալիս են, բայց դա չի նշանակում, որ մենք պարտավորված ենք, շատ հարցեր կան… Ուղղակի ես կասեմ, որ կան օբյեկտիվ կողմեր, իսկ քաղաքական առումով ես կասեի , որ նախանձելի չէ Հայաստանի քաղաքական ղեկավարության վիճակը, նրանք դարակազմիկ ինչ-որ որոշումներ պետք է ընդունեն, պատրաստ են արդյո՞ք, և որոշումները համապատասխանո՞ւմ են իրենց ցանկություններին կամ պատկերացումներին, թե՞ այդ որոշումները հաշվարկների, համեմատությունների, չարիքների փոքրագույնի որոշումներ պետք է լինեն: Երեկ հեռուստատեսությամբ լսում էինք, որ արտգործնախարարն էսպես է ասել, վարչապետն էսպես է ասել, այս մարդիկ, իրավիճակից ելնելով, մի բան ասում են, երկրորդ օրը փոփոխություն է տեղի ունենում, և կյանքը շատ արագ է առաջ ընթանում, իրադարձությունները շատ արագ են փոխվում: Ես ոչ թե ուզում եմ նրանց արդարացնել, ես ուղղակի իրենց չեմ նախանձում, որովհետև կարծում եմ, որ շատ դժվար կացության մեջ են: Իսկ դա, իհարկե, հայտնի աշխարհաքաղաքական իրավիճակներն են, արդյո՞ք Եվրոպան, Ամերիկան կամ Ռուսաստանը պատրաստ են մեզ լիարժեք թև ու թիկունք կանգնել մեր իսկ հայկական խնդիրների լուծման համար: Իհարկե, եթե այսօր որևէ մեկը, թեկուզև ոչ այնքան մեծ պետություն մեզ ասեր, որ բարձրաձայն կընդունեմ և Ցեղասպանությունը, և Արցախյան հիմնախնդիր լուծումը, միանշանակ գնահատականներ կտամ սևը սպիտակից տարբերելով, մենք դրա հետևից էլ կգնայինք, բայց այդ խոստումը այսօր ոչ մեկի կողմից չի հնչում: Դրանք այն հարցերն են, որոն շրջանցվում են` ենթադրելով, որ հայ ժողովուրդը շատ ինտելեկտուալ ազգ է, որ նա կարող է ըմբռնումով մոտենալ ամեն ինչին, մեզ համար ամենակարևորը, կարծես թե, հետին պլան է գնում, երկրորդական հարցերով փորձում են մեր ճակատագիրը որոշել», -ասաց պատմական գիտությունների թեկնածուն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Լրիվ կիսում եմ հոդվածագրի մտորումները, միաժամանակ ավելացնում, որ միայն արտաքին քաղաքականության մեջ մեր իշխանությունների վիճակը նախանձելի չէ, իսկ ներքին քաղաքականությունը հակաժողովրդական է , վարում են գայլային քաղաքականություն, որը մի օր կհանգեցնի պետականության կորստի: Այդ ժամանակ պետական այրերը կարդարանան, որ դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, փորձի պակասն է:Այսօր նյութապաշտ քաղաքական այրերին պետք է փոխարինեն նվիրյալներ: Պետք է տիրի օրենքի իշխանություն, ոչ թե զոռբաների իշխանություն: Աշխարհը վաղուց անցել է վայրի կապիտալիզմի փուլը, իսկ մենք 20 տարի է արդեն վայրի կապիտալիզմի փուլում ենք 21-րդ դարում: Քաղաքական կամք է պետք դրսևորել գոնե ներքին քաղաքականության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30