Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի քանի նման վառ անհատականությունների կորուստ, եւ արդեն անդառնալիորեն ուշ կլինի. «Հայոց աշխարհ»

Հունվար 16,2014 11:40

երբ անցած տարի վախճանվեց անվանի պատմաբան-քարտեզագետ Բաբկեն Հարությունյանը, որը բազմիցս մամուլում ու էլեկտրոնային կայքերով հանդես էր եկել հայոց պատմության ու Հայաստանի պատմական աշխարհագրության թուրք-ադրբեջանական կեղծարարներին ուղղակի ոչնչացնող հրապարակումներով, ակամայից հետ նայեցինք եւ տեսանք, որ նրա տեղը փաստորեն բաց է մնացել։

Նույն ԵՊՀ հսկայական հաստիքներ ունեցող Հայագիտական հիմնարկը այսօր չի կարողանում եւ, համոզված ենք, մոտ ժամանակներում չի էլ կարողանալու անել այն գործի չնչին մասը, որը միայնակ եւ իր քաղաքացիական պարտքի կատարման կամավոր նվիրումով անում էր ինքնամոռաց աշխատող գիտնականն ու մտավորականը։

Նույն մտատանջման մեջ ենք հայտնվում՝ տեսնելով Սոս Սարգսյանի պես հսկայի կամ Արամ Ղարաբեկյանի նման փայլուն դիրիժորի կորուստներից հետո մեր առջեւ բացվող նոր վիհերը, որոնք լցնելու համար նույնպես տասնամյակներ են պահանջվելու։

Այս իրողությունը ցույց է տալիս, որ մեզանում բացակայում են խորհրդային շրջանում Հայաստանում ձեւավորված մասնագիտական լուրջ դպրոցները էլիտար մտավորականության վերարտադրության դարբնոցների վերածելու աշխատակարգերը։ Ավելին՝ եղածներն էլ չգնահատվելով՝ կա՛մ լքում են Հայաստանը, կա՛մ անցնում են աշխատանքի «տուրիստական ռեժիմի», այն է՝ գալիս-գնում են, իմանում՝ ինչ-կա չկա, մի քանի համերգ են տալիս կամ ցուցահանդեսներ կազմակերպում եւ վերջ…

Խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ կոմունիկացիոն ներկա լայն հնարավորությունների դարում մենք բռնենք նրանց փեշերը եւ աղաչենք-պաղատենք, որ անպայման մնան հայրենիքում։ Խնդիրը ազգային դպրոցներ ունենալն է, որոնց ձեւավորմանն ու ամրապնդմանը կարող են նպաստել նաեւ նման ռեժիմով հայրենիքի հետ հարաբերվող մեր անվանի մտավորականները։

Ուրիշները կերազեին, որ արտասահմանում ունենային այդքան մեծ քանակության արվեստագետներ ու գիտնականներ, եւ ամեն ինչ կանեին, որ նրանց այցելությունները հայրենիք պարբերական բնույթ ձեռք բերեն՝ երիտասարդ կադրերին վերապատրաստելու, համաշխարհային մտքի ու ոգու վերջին նվաճումներին ծանոթացնելու համար։ Բայց այս ասպարեզում սովորաբար գործում է «գնա՝ մեռիր, արի՝ սիրեմ» սկզբունքը եւ, իհարկե, փառամոլությունը։ Դե, գիտեք՝ մենք այս ունենք, այն ունենք՝ Փարիզում կամ Լոս Անջելեսում…

Կարծում ենք, մտավոր արտադրանք ստեղծող ոլորտների հանդեպ իրականացվող քաղաքականությունը իր կրթական, գիտական ու մշակութային երեսներով լիովին սպառել է իրեն, քանզի ի՞նչ որակական ռեսուրսների պահպանման մասին կարելի է խոսել, երբ մեր առաջատար համարվող բուհերը պարզապես քանակ են ապահովում՝ սովորական «տնտեսավարող սուբյեկտների» նման։ Այս ոլորտներում «կուբամետրերով» պատրաստվող կադրերը զրոյի արժեք ունեն՝ մեկ իսկական արվեստագետի կամ գիտնականի համեմատ, որը կարողանում է իր ասպարեզում բարձրանալ համաշխարհային մակարդակի եւ ստեղծել մնայուն արժեքներ։

Եթե մեզանում շարունակի պահպանվել մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց գնահատման ներկա մոտեցումը, իսկ կրթական ոլորտում իշխի կոմերցիոն սկզբունքը, ապա Հայաստանը մեկ-երկու տասնամյակ հետո կհայտնվի աֆրիկյան ամենահետամնաց երկրների մակարդակին, եւ միայն Մատենադարանն ու Պատմության թանգարանը մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին աղոտ կհիշեցնեն, որ այս տարածքում ապրող բնիկները մի ժամանակ ունեցել են բարձր մշակույթ ու գիտություն, խոսել են աստղերի հետ, պարել են «Գայանե» ու «Սպարտակ», նկարահանել են «Նռան գույնը» կամ ունեցել են հոյակապ ճարտարապետություն, որը եւս աստիճանաբար այլանդակվում է՝ վերածվելով չտեսության հասնող մոդեռնի ու ավանդական ձեւերի մի խառնուրդի։

Այսպիսով գիտության, մշակույթի ու կրթության ոլորտներում մեր ունեցած վերջին կորուստները կրկին գալիս են հիշեցնելու, որ ներկայումս մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց հանդեպ Հայաստանում իրականացվող քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ քաղաքականության բացակայությունը, խարխլում է ազգի ինտելեկտուալ ու մշակութային ներուժը, այլասերում է այդ ոլորտները՝ ստեղծելով կիսագրագետ դատարկությունների մի գորշ բանակ, որոնցից ո՛չ գիտնական դուրս կգա, ո՛չ արվեստագետ, ո՛չ էլ անգամ բիզնեսմեն։

Եվս մի քանի նման վառ անհատականությունների կորուստ, եւ արդեն անդառնալիորեն ուշ կլինի։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031