Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյան. «Փորձը ցույց է տալիս, որ բոլոր հարցերը լուծվում են» (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 16:49

Արտերկրում օտարազգի ռեժիսորների կողմից նախատեսված է Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի նկարահանում: Այսօր՝ փետրվարի 7-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշելով, որ դրանց մասին ավելի մանրամասն կխոսի մեկ ամիս հետո:

Լրագրողներից մեկն անդրադարձավ նաեւ վերջերս առավել ակտիվորեն քննարկվող հարցին՝ դպրոցներում թատերական ներկայացումների տոմսերի վաճառքին, թատերական գործիչները դժգոհում են, որ հանդիսատես են կորցնում, ի՞նչ է այս մասին կարծում մշակույթի նախարարը.

«Այդ հարցը շատ ակտիվորեն քննարկվում է երեք գերատեսչությունների միջեւ, խոսքը գնում է Կրթության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, առաջին հերթին եւ Մշակույթի նախարարության: Եվ կա հատուկ հանձնարարություն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, որպեսզի այդ հարցը կարգավորվի: Կա մոտեցում Կրթության նախարարության՝ այդ գումարների հետ կապված, բայց մյուս կողմից կա այն խնդիրը, ինչի մասին մենք խոսում ենք: Եվ մինչեւ սեպտեմբեր պետք է գործի մի համակարգ, որը գործելու է ի դեպ ոչ միայն թատրոնների, այլ նաեւ թանգարանների այցելությունների վրա: Գործելու է աբոնենտային մի համակարգ՝ փաթեթ, որով որ երեխաները կկարողանան այցելել եւ թանգարաններ, եւ թատրոններ»,- ասաց նախարարը եւ նշեց, որ սեպտեմբերից պետք է որ խնդիրը լուծված լինի:

Մշակութային օջախների վերականգնման մասին նախարարն ասաց, որ եթե ուշադրությամբ հետեւենք, կնկատենք, որ պետությունը քայլ առ քայլ մշակութային կազմակերպությունները կարգի է բերում. «Բոլոր այն ծրագրերի մասին, որ խոսել ենք, դրանք իրականացնում ենք, անցած տարի մենք չկարողացանք Դերենիկ Դեմիրճյանի թանգարանը վերականգնենք, այս տարի որպես առաջնահերթություն, տվել ենք քաղշին նախարարությանը,- ասաց նա եւ նաեւ խոսելով Սոս Սարգսյանի անվան թատրոնի կառուցման մասին՝ նշեց, որ այն կկառուցվի, երբ բոլոր գումարները հայթայթվեն. «Մենք չենք կարող ոչ բավարար գումարով սկսել շինարարությունը»:

Դիտարկմանը, թե թատրոնը պետական միջոցներով չէ՞ր կառուցվելու, նախարարը պատասխանեց. «Նաեւ պետական: Կային հովանավորներ, ովքեր գումար էին տալիս: Նախագծային աշխատանքները կատարված են, հիմա, երբ բոլոր գումարները հավաքագրվեն, աշխատանքները կմեկնարկեն»:

Խոսելով նաեւ Մնջախաղի թատրոնի շենքի կառուցման մասին՝ նախարարն ասաց, որ դրա վերաբերյալ վերջնական լուծում չունեն: «Մնջախաղի թատրոնն այն բեմում այսօր աշխատում է, եւ կարծում եմ, որ ամենաառաջնահերթը գծի խնդիրը չէ: Մենք ունենք հարցեր, որոնք որ ժամանակին պետք է լուծել, բայց այդ հարցերի մեջ կան առաջնահերթություններ: Մենք ունենք Մերկուրովի տուն-թանգարան Գյումրիում, որը մեզ համար էսօր առաջնահերթություն է, այսինքն՝ կան այսօր հարցեր, որոնք շատ հրատապ լուծման կարիք ունեն: Երբ քաղաքապետարանը տարածք տրամադրի, այն ժամանակ մնջախաղի թատրոնի շենքի խնդիրը կլուծվի: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր հարցերը լուծվում են, ոչ մի հարց կախված չի մնում»,- ասաց նախարարը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728